Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրակաշառքների հաղթարշավ

Մայիս 27,1999 00:00
Toto

Մարտունու թիվ 43 ընտրատարածքին անդրադառնում ենք երրորդ անգամ։ Այսքան հետեւողական լինելու պատճառն այն է, որ այս ընտրատարածքը աչքի է ընկնում չտեսնված առատ ընտրակաշառքներով եւ ընտրակաշառք բաժանողներով, որոնք մրցության մեջ են մտել՝ թե իրենցից ով եւ որքան կբաժանի։

Մայիսի 20-ը հետաքիքիր սրբագրումներ մտցրեց այս ընտրատարածքում։ Ամենաակտիվ ընտրակաշառքներ բաժանող պատգամավորության թեկնածու Վազգեն Պողոսյանը, որ Սեւանից ջրատար էր կառուցել դեպի Վաղաշեն եւ Աստղաձոր գյուղեր, փորում էր արտեզյան հորեր, ինչպես եւ կանխատեսել էինք մեր նախորդ հոդվածներից մեկում՝ Վազգեն Սարգսյանի ցուցումով հանել է իր թեկնածությունը եւ դարձել մոսկվահայ գործարար Սեւակ Սահակյանի նախընտրական շտաբի պետ։ Սեւակ Սահակյանը փոխհատուցել է Վազգեն Պողոսյանի կատարած ծախսերը, եւ վերջինս, որպես շտաբի պետ, պետք է համոզի եւ բացատրի իր ընտրողներին, որ ջրհորերն ու ջրագծերը անցկացրել է հենց Սեւակ Սահակյանի համար։

Սեւակ Սահակյանին իրենց թեւի տակ են առել նաեւ այս տարածքի զինվորական հեղինակություններ Սեյրան Սարոյանը, Գագիկ Մելքոնյանը եւ Ռուբիկ Ստեփանյանը (Աբովյանի ՆԳ բաժնի պետ)։ Բնական է, որ Կարճաղբյուրում գտնվող զորամասի 260 զինվորներն էլ կքվեարկեն Սեւակ Սահակյանի օգտին։ Հնարավոր է, որ այս ընտրատարածքում քվեարկի Սեյրան Սարոյանի ղեկավարած զորամասը, որը գտնվում է պատմական Քարվաճառում։ Իսկ Արմավիրի զորամասի ղեկավար Գագիկ Մելքոնյանը (ծագումով մարտունեցի) մի քանի օրով արձակուրդ է ուղարկել իր ղեկավարած զորամասի մարտունեցիներին, այն պայմանով, որ նրանց ծնողները քվեարկեն Սեւակ Սահակյանի օգտին։ Ռուբիկ Ստեփանյանն էլ ընդգրկվել է այս ցուցակում 1995 թ. ընտրությունները կազմակերպելու ու մեծ փորձ ունենալու համար։ Սեւակ Սահակյանի օգտին է աշխատում նաեւ նույն ընտրատարածքում պատգամավորության թեկնածու, Կարճաղբյուրի գյուղապետ Տարոն Քոչարյանը։ Տրամաբանական է, որ Տարոն Քոչարյանն իր գյուղում մի քանի անգամ քիչ ձայն կստանա, քան իր պաշտպանյալ Սեւակ Սահակյանը։

Անհասկանալի է, թե ինչպես է 30-ամյա Սեւակ Սահակյանը, որ վերջին ութ տարիներին բացակայել է հանրապետությունից, իր կողմը ներգրավել այդքան հզոր ուժերի։

Եթե Սեւակ Սահակյանը Վազգեն Սարգսյանի պաշտպանած թեկնածուն է (թեեւ «Միասնություն» դաշինքի պաշտոնական թեկնածուն այս ընտրատարածքում Նվեր Ավետիսյանն է), ապա իշխանության մյուս թեւը, հանձին Սերժ Սարգսյանի, պաշտպանում է այլ թեկնածուի՝ Հակոբ Հակոբյանին։ Մեր ենթադրությունները, թե պատգամավորության թեկնածու Հենզել Աբրոյանը վերջին պահին կմիանա ընտրակաշառքներին, չարդարացան։ Նա հանեց իր թեկնածությունը եւ այժմ աշխատում է Հակոբ Հակոբյանի համար։ Ըստ որոշ հաշվարկների, Հակոբ Հակոբյանն իր ընտրարշավի ժամանակ արդեն հասցրել է 300 հազար դոլար ծախսել՝ մեկ ձայնի համար վճարելով մինչեւ 50 դոլար։ Ընդառաջելով մարդկանց խնդրանքներին, պարոն Հակոբյանը բաժանում է գաջ, ցեմենտ, տեղադրում գերեզմանաքարեր։ Փող աշխատելու հնարավորությունն այնքան մեծ է, որ այս ընտրատարածքի գյուղապետերն ու ընտրողներն արդեն հասցրել են մի քանի անգամ վաճառել իրենց ձայնը։ Հակոբ Հակոբյանի օգտին իր աշխատելը նույնիսկ չի թաքցրել Մարտունու ՆԳ բաժնի պետը՝ Ա. Ք. Խաչատրյանը։

Ինչպես բոլոր պատգամավորության թեկնածուները, 43 ընտրատարածքի մեր հերոսներն էլ հաշվել են, որ ընտրվելու համար իրենց անհրաժեշտ է 5-6 հազար ձայն։ Եվ նրանք աշխատում են հենց այդ թվով ընտրողների վրա։ Իսկ ընտրողների թիվը 30 հազար է։ Ընտրակաշառք չստացած ընտրողների հսկայական բանակին չեզոքացնելու համար էլ փորձառու թեկնածուները կդիմեն ընտրակեղծիքների։ Հասկանալի է, որ ընտրակեղծիքներով եւ ընտրակաշառքներով ընտրված պատգամավորը ոչ մի պարտավորվածություն չի կարող ունենալ իր ընտրողների առաջ։ Նա նախօրոք վճարել է յուրաքանչյուր ձայնի եւ յուրաքանչյուր կեղծված քվեաթերթիկի համար։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31