Մայիսի 25-ին «Միասնություն» դաշինքի քարոզարշավի վերջին էտապն էր եւ, կարելի է ասել, ամենատխուր եւ անհաջող օրը։ Տխրության պատճառները շատ էին. նախ ճանապարհի տեսարանը, բնապատկերը ամենաանհրապույրն էր՝ համեմված տասնամյա վաղեմության երկրաշարժի անխոս վկաներով, իսկ այս տարածաշրջանում մարդկանց հույս տալը՝ ամենադժվարը։
Քարոզարշավը սկսվեց Աշոցքում, որտեղ, թերեւս, թե Դեմիրճյանի, թե Սարգսյանի ճառերն ամենաուժեղներից էին։ Կարեն Սերոբիչը սկզբից իսկ ծանր նոտայով սկսեց իր ասելիքը. «Ճանապարհին արդեն զգացինք, որ ձեր գործերը վատ են, շատ վատ։ Երբ ճանապարհը մաշված է, նշանակում է, որ շատ մեքենաներ են գնում, կյանքը եռում է, բայց երբ ճանապարհը քանդված է ու անխնամ՝ դա արդեն շատ վատ է»։ Հետո Կարեն Սերոբիչն ուրախացրեց ղուկասյանցիներին, որ ինքն էլ ղուկասյանցի է։ (Այս կապակցությամբ Աշոցքում կա մի լեգենդ, ըստ որի, Կարեն Դեմիրճյանը ծնվել է Փոքր Սեպասար գյուղում եւ այնտեղ է ապրել մինչեւ 4 տարեկան հասակը)։ Հասնելով ծրագրային պահերին, Դեմիրճյանը դաշինքի պոզիտիվությունը ձեւակերպեց այսպես. «Այսօր Հայաստանում չափից դուրս շատ կուսակցություններ կան։ Դա մի կողմից լավ է, բայց երբ կուսակցությունները մեկը մյուսին սեւացնում են, դա արդեն շատ վատ է։ Դու քո ճիշտն ասա, եթե կարող ես։ Ես ինձ չեմ հարգի, եթե մյուս կուսակցության հասցեին վատ բան ասեմ։ Մենք պետք է համախմբվենք, մի ընտանիք դառնանք»։
Այնուհետեւ խոսք վերցնելով՝ Վազգեն Սարգսյանը նախ շնորհավորեց տեղի դպրոցականներին վերջին զանգի կապակցությամբ եւ մեծ նվեր մատուցեց շրջանավարտներին. «Աշոցքի այն շրջանավարտները, ովքեր կընդունվեն վճարովի բուհ՝ նրանց վարձը կտա «Երկրապահ կամավորների միությունը»։ Բայց մի պայմանով, նրանք ավարտելուց հետո պետք է վերադառնան Աշոցք եւ այստեղ աշխատեն։ Աշոցքը ստրատեգիական կարեւոր նշանակություն ունեցող տարածք է։ Սա Շիրակը Ջավախքին կապող օղակն է։ Եվ այստեղ կադրեր մեզ շատ են պետք։ Դա շատ կարեւոր է»։ Երբ շրջանավարտի ժապավենավոր սպիտակ զանգակներն արդեն կախված էին Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի պիջակներից, Վազգեն Սարգսյանը դաշինքի ծրագրային դրույթների տնտեսական մասը հիմնավորեց զուտ ռազմական մոտեցմամբ. «Մենք այժմ հեռահար ռակետներ ունենք, բայց 6-7 տարի առաջ դրանց մասին իսկի չէինք էլ կարող երազել։ Էն ժամանակ մեր ունեցածը ծակած ավտոմատ էր։ Այսօր էլ մեր տնտեսությունը մեր ունեցած ծակած ավտոմատն է»։ Ամասիայում ավելի տխուր էր. Ճանապարհ ընդհանրապես չկար, շրջկենտրոնը կարծես Կաֆկայի ստեղծագործություններից ելած լիներ։ Երբ խոսքը տրվեց Վազգեն Սարգսյանին՝ նա ասաց. «Ձեր վիճակն էնքան ծանր է, որ մարդ ամաչում է բան ասի»։
Ամասիայից հետո սկսվեց ձախորդությունների շղթան։ Նախ, ուր հասնում էր ավտոշարասյունը, սկսում էր անձրեւ տեղալ։ Բավական հորդ անձրեւի պատճառով Գյումրիի թատերական հրապարակում հավաքվածների մեծ մասը, ովքեր չկարողացան տեղավորվել ծառերի եւ շինությունների ծածկի տակ, լքեցին հրապարակը։ Վազգեն Սարգսյանին շրջապատել էին քաղաքացիները եւ նրանց բողոքի տարափն այնքան ուժեղ էր, որ Սարգսյանն այդպես էլ չկարողացավ բարձրանալ հարթակ եւ իր խոսքն ասել։ Այստեղ արձանագրվեց եւս մի շատ տխուր փաստ. գյումրեցիները ընտրությունների եւ դաշինքի մասին դեռ անեկդոտ չեն հորինել։ Անձրեւով ուղեկցվող ավտոշարասյանը դեռ սպասում էր ընտրարշավի ամենատհաճ անակնկալն Արթիկում։ Երբ ավտոշարասյունը մտավ Արթիկ, այնտեղ ՀՅԴ-ն ինչ-որ համերգ էր կազմակերպել։ Առայժմ չենք ճշտել՝ ՀՅԴ-ն այդ ժամին, այդ տեղում համերգ կազմակերպելու հայտ ներկայացրե՞լ էր քաղաքապետարան, թե՞ ոչ, բայց փաստ է, որ դաշնակցականների պահվածքը դուրս եկավ քաղաքակիրթ պայքարի սահմաններից։
Կարդացեք նաև
Նախ դաշինքի բարձրախոս մեքենային ճանապարհ չտրվեց դեպի հարթակ։ Հետո, երբ դաշինքի ներկայացուցիչները բավական երկար եւ ջղային սպասում էին համերգի ավարտին եւ հորդ անձրեւի սկսելուն, երգիչներն արագ ավարտեցին համերգը՝ ցուցադրաբար տանելով իրենց բարձրախոսները։ Վազգեն Սարգսյանը չմոտեցավ հարթակին, իսկ Կարեն Դեմիրճյանը մեգաֆոնով ողջունեց արթիկցիներին եւ սկսված հորդառատ անձրեւի տակ ավարտեց իր խոսքը։
ԳԵՎՈՐԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ