Ընտրությունները բոյկոտող ուժերը «21-րդ դար» ժողովրդավարական ազգային կուսակցության նախաձեռնությամբ երեկ հրավիրել էին իրենց նախընտրական վերջին հանրահավաքը։ Հաջորդ հանրահավաքը նշանակվեց հունիսի 18-ին, Մատենադարանի մոտ։ Փոքր-ինչ առարկայական եթե գնահատելու լինենք հանրահավաքը, ապա փաստենք, որ ներկա էին 88-ը հիշեցնող դեմքեր, մոտ 1000 միտինգավորներ։
Բացելով հանրահավաքը «21-րդ դար» ԺԱԿ նախագահ Դավիթ Շահնազարյանը նկատեց, որ իշխանությունները ազատական պատրանքի տակ սկսել են ամրացնել զուտ ուժային կառույցները։ Նա ասաց, որ եթե 1995-ին խլվեց ժողովրդից ընտրության իրավունքը, ապա 1998-ին խլվեց «ոչ պակաս իրավունքներից» մեկը՝ իշխանություններին հեռացնելու իրավունքը։ Ընտրություններին նա կոչ արեց գնալ եւ ջնջել բոլոր այն ուժերին, որոնք նրա գնահատմամբ դարձել են «Քոչարյանի գրպանային ընդդիմությունը»։ Ո՞րն է ելքը ըստ Շահնազարյանի, «հեռացնել սարգսյաններին, քոչարյաններին, վահան հովհաննիսյաններին» եւ վերադարձնել իշխանություններին հեռացնելու իրավունքը։ «Քոչարյանն օտար է Հայաստանին եւ Ղարաբաղին»,- ասաց նա, ինչին հետեւեցին մերձհարթակային ծափահարությունները։
Հաջորդ հռետորը Վահագն Խաչատրյանն էր, որն իր հերթին դատապարտեց ներկա իշխանությունների գործելակերպը. «Այս մարդկանց համար պետություն հասկացությունը չկա» եւ, ըստ էության, ընտրություններին մասնակցող 21 կուսակցությունների ծրագրերը համարեց «ցանկություններ»։
Կարդացեք նաև
Հաջորդը Խաչատրյան Վիգենն էր։ Նա ասաց, որ այս հանրապետությունում անկախացել է իշխող խավը եւ ոչ թե ժողովուրդը։ «Սահմանադրական կարգը նախագահական է» եւ որ «նախագահն էլ գերի է նախագահ կարգած ուժերին»։ Խոսելով ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների ու դաշինքների մասին՝ նա «հայտնեց», որ 21-ից 18-ը սիրահարված են նախագահին, իսկ 3-ն էլ «խունջիկ-մունջիկ» են լինում նրա առաջ։ Նա ասաց, որ Ամերիկայում զինծառայող կանայք, եթե չէին պաշտպանվում (կամ կարողանում պաշտպանվել) բռնաբարությունից, խորհուրդ էր տրվում «հաճույք ստանալ»։ Կոչ անելով, չգիտես ինչու դեմոկրատներին, ասաց՝ «մտել եք, թող հաճույք ստանան»։ Խոսափողին մոտեցած Դավիթ Շահնազարյանը հայտնեց, որ իրենք պաշտպանելու են Աշոտ Բլեյանին, այն է՝ «մեր կարծիքն արտահայտելու իրավունքը»։ Ա. Բլեյանի պաշտպանության խմբի պատասխանատու Գ. Վանյանը ասաց, որ իշխանությունը բռնազավթած ուժերը չեն հավատում Արցախի ապագային։ «Տեսեք, ինչպես իրավունք եւ միաբանություն են կերտում. սապոգի տակ։ Սամվել Բաբայանի, Սերժ Սարգսյանի սապոգի տակ ուզում են կերտել մեր երեխաների արժանապատիվ ապագան»։
Հանրահավաքը սկսվեց եւ ավարտվեց Կարլ Օրֆիի «Կարմինա Բուրանա» օպերայով։ Այդպիսի երաժշտությամբ սկսվում եւ ավարտվում էին 30-ականները խորհրդանշող ետսովետական կինոնկարները։
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ