Լրահոս
Օրվա լրահոսը

Չքնաղ մայիսի քսան եւ վեցին

Մայիս 27,1999 00:00
dashnak

Մինչ երեկ պատվածս ՀՅԴ-ի միջոցառումները մի տեսակ անորոշ էին, դաշնակցական համուհոտ չունեին։ Երեկվա համերգ-հանրահավաքը ուրիշ էր. ՀՅԴ-ն ծնունդ էր նշում, Առաջին հանրապետության ծնունդը։

Ու քանի որ այն իր ձեռքբերումն է համարում, Ազատության հրապարակն էլ երեկ իրենով էր արել։ Նույնիսկ վերջին օրերին քմահաճ եղանակին էին տոնի տրամադրել ու տոների կարոտ մի բո՜լ ժողովուրդ հավաքել։ Ու փուչիկներով, ծաղիկներով տոնախմբության մթնոլորտ էին ստեղծել՝ համեմված դաշնակցական «աղ ու բիբարով». ՀՅԴ կարգախոսներով արնագույն դրոշներ, դարիս դաշնակցական կարկառուն դեմքերը՝ պատերին (մեծադիր նկարների տեսքով) ու բեմահարթակին (հասարակ մահկանացուներիս ընկերացած)։ Ու այս ամենին արժանի երաժշտական ձեւավորում. անցյալի հուշեր արթնացնող մարտական խրոխտ քայլերգեր, դաշնակցության հերոսական անցյալն ու ազգային-ազատագրական պայքարը փառաբանող երգեր։ Մեջ ընդ մեջ ֆոնը «փչացնում» էին ապազգային, արեւմտամետ կատարումները։ Բայց կարեւորը՝ Ձախ Հարութը «դզում» էր՝ սպիտակ բլուզով (օձիքը վեր բարձրացրած) ու սպիտակ բոթասներով։

Ու ոնց չոգեւորվեր այս աննման տեսարանից Վահան Հովհաննիսյանը ու չասեր այն, ինչ ասաց։ Իսկ ասաց սիրուն-սիրուն խոսքեր՝ փիս անցյալի ու սպասվող լուսավոր ապագայի մասին։ Բնական է, անցյալում դաշնակցությունը չի եղել, իսկ հիմա հույս ունի լինել (իշխանության մե՛ջ), քանի որ առանց իրենց ախր կկորի էս ժողովուրդը, բա մեղք չի՞։ Իսկ ՀՅԴ-ն չի հանդուրժի անարդարություն, որն իրենց «միշտ զայրացրել ու ապստամբության (՞- Ն. Հ.) է հասցրել»։ Մի քանի տասնյակ ընտանիք «հաստանում են (չգիտեմ որտեղից գլուխս մտավ մի դավաճան դիտարկում՝ Վահան Հովհաննիսյանը ինչ լավ «լցվել է», թո՛ւ-թո՛ւ, աչքով չտամ- Ն. Հ.), հարստանում»՝ մինչդեռ հասարակ ժողովուրդը «կեղեքվում ու թալանվում» է։

Տասը տարի ժողովուրդը տառապել ու տանջվել է իր ձայնը միակ փրկիչ դաշնակցությանը տալու անհնարինությունից։ «Դաշնակցությունն էլ իր հերթին հնարավորություն չի ունեցել իր կուտակած պոտենցիալը՝ խելքը, խիզախությունը, փորձը, կապերը տրամադրել մեր ժողովրդին»։ Հիմա եկել է տենչալի պահը ուղղելու ճակատագրի այդ աններելի սխալը։ «Եթե դու ուզում ես տեսնել արդար Հայաստան, եղի՛ր դաշնակցության հետ»։ Ու ճշտելու համար, թե ինչ բախտորոշ ազդեցություն ունեցավ իր խրոխտ կոչը, Վահան Հովհաննիսյանը ոտքի վրա մի ստուգող հարցում արեց. «Ով դաշնակցության հետ է, թող հիմա ձե՛ռք բարձրացնի»։ Հերթական անգամ ցուցադրելով չպատճառաբանված լավատեսություն՝ շտապեց ավետել. «Ես կարծում եմ՝ մենք հաղթեցինք»։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31