Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՒՐԹՈՒԶ ԱԼԵՍՔԵՐՈՎ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՃՆՇԵԼ Է ԵԱՀԿ-ԻՆ»

Մայիս 27,1999 00:00
Qristian Ter-Stepanyan

Մայիսի 25-ին Եվրոպայի մայրաքաղաք Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի շրջանակներում տեղի են ունեցել լսումներ, որոնց հիմնական թեման եղել է Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդին անդամակցելու դիմումի քննարկումը։

Լսումներին ներկա է եղել նաեւ Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը, որի հետ եւ կապվելով հեռախոսով, մանրամասնություններ իմացանք լսումների ընթացքի մասին։

Այսպես՝ ադրբեջանական պատվիրակությունը գլխավորել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Մուրթուզ Ալեսքերովը։ Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել եւս 4 խորհրդարանական եւ Լեռնային Ղարաբաղի այսպես ներկայացված «ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչ Մահմադալի Բախմանովը։ Պարոն Տեր-Ստեփանյանը տեղեկացրեց նաեւ, որ Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի նախագահ շվեյցարացի սոցիալիստ Վիկտոր Ռուֆին ելույթ ունենալու հնարավորություն է տվել ինչպես Մուրթուզ Ալեսքերովին, այնպես էլ Մահմադալի Բախմանովին։

Քրիստիան Տեր-Ստեփանյանը մեր ուշադրությունը հրավիրեց վերջինիս ելույթի վրա, այն գնահատելով իբրեւ խիստ եւ կոշտ։

Յոլդաշ Բախմանովը հայտարարել է, որ Շուշին միշտ էլ ադրբեջանական քաղաք է եղել։ Բացի այդ, նա ասել է նաեւ, որ հայերը Ղարաբաղում արել են այն, ինչը սերբերը հումանիտար աղետի՝ ասել է թե՝ էթնիկական զտման առումով՝ Կոսովոյում։

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ տրամագծորեն հակառակ տեսակետն էր արտահայտել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ասելով, թե հայերը Ղարաբաղում անում են այն, ինչ ՆԱՏՕ-ն՝ Հարավսլավիայում։

Մի խոսքով, Մահմադալի Բախմանովը խոսքն ավարտել է այն եզրակացությամբ, թե հայերն ամենեւին էլ կոնստրուկտիվ դիրքորոշում չունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, ինչը, պարոն Տեր-Ստեփանյանի կարծիքով, առավելապես քարոզչական նպատակներ էր հետապնդում։

Հայաստանի ներկայացուցչի գնահատմամբ, յոլդաշ Բախմանովը որեւէ կառուցողական առաջարկ չարեց։ Դա մեկն էր այն ելույթներից, որոնք սովորաբար ունենում են ադրբեջանցիները, ուստի լսումներին ներկա պատգամավորները փորձել են ընդամենը մեկ հարց պարզել՝ երկխոսություն գոյություն ունի արդյո՞ք կոնֆլիկտող կողմերի միջեւ։ Պարզվել է, որ առկա է զրոյական արդյունք։

Հիմա գանք Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Մուրթուզ Ալեսքերովի ելույթին։ Պարոն Տեր-Ստեփանյանից տեղեկացանք, որ նա եւս իր ելույթը սկսել է պատմական էքսկուրսով, հայտարարելով, թե Ղարաբաղը ադրբեջանական տարածք է։ Այնուհետեւ Ադրբեջանի պառլամենտի նախագահը խոսել է հակամարտությունների էության մասին ընդհանրապես, իսկ կոնկրետ դեպքի համար ասել, թե Ղարաբաղն իբրեւ գործոն չպիտի գոյություն ունենա, քանի որ հակամարտող կողմերը Հայաստանն ու Ադրբեջանն են։ Պարոն Ալեսքերովը քննադատել է Հայաստանի մոտեցումները, որը միշտ էլ մերժել է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները։ Իսկ այդ հանձնախմբի համանախագահները իրենց վերջին առաջարկները, որոնք Ադրբեջանը մերժել է, «ներկայացրել են Հայաստանի ճնշում գործադրելու արդյունքում, ուստի դրանք չի կարելի կոմպրոմիսային առաջարկներ համարել»։

Պարոն Ալեսքերովի այս ելույթին ընդամենը 2 հարց է հետեւել։ Որեւէ առաջարկ չի ներկայացրել Ադրբեջանի հարցով զեկուցող Բոմելը։ Պարզապես ձեւավորվել է ընդհանուր եզրակացություն, որ պետք է Եվրոպայի խորհրդի հովանավորչությամբ շարունակել հարավկովկասյան երեք հանրապետությունների խորհրդարանների սպիկերների հանդիպմամբ ծայր առած գործընթացը, ինչպես նաեւ երկխոսության մթնոլորտ ապահովել խորհրդարանական պատվիրակությունների միջեւ, ինչը կարող է խիստ արդյունավետ լինել։

Մեր զրույցի ավարտին Քրիստիան Տեր-Ստեփանյանը խոսեց եւս մեկ իրողության մասին։ Ադրբեջանն այս լսումներն առավել քան լավ օգտագործեց պրոպագանդիստական նպատակներով։ Հիմնականում արծարծելով փախստականների հարցը, Ադրբեջանը կարողացել է ստեղծել բավականին տպավորիչ մթնոլորտ՝ մանավանդ Կոսովոյի ալբանացիների հիմնախնդրի ֆոնի վրա։ Խոսքը սոսկ ադրբեջանցի փախստականներին չի վերաբերել, սակայն խնդիրը ներկայացվել է փախստականներ երեւույթի ընդհանուր կոնտեքստում, ինչն, իհարկե, ազդեցություն ունեցել է լսումներին ներկա եվրոպացի պատգամավորների վրա։

Քրիստիան Տեր-Ստեփանյանի հետ խոսեցինք նաեւ մայիսի 30-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների՝ Հայաստանի՝ Եվրոպայի խորհուրդ ընդունվելու գործընթացի վրա ազդեցության հնարավորության մասին։

Նա տեղեկացրեց, որ հունիսին ԵԽ-ին խորհրդարանական ընտրությունների արդյունքներով զեկույց կներկայացնի Հայաստան ժամանող դիտորդական պատվիրակության ղեկավար, հոլանդացի պատգամավոր տիկին Լանկհութը։ Իհարկե, նորմալ ընտրություններ անցկացնելը կարեւոր է, բայց Հայաստանի եւ Ադրբեջանի անդամակցության արարողակարգերի վրա ազդում է նաեւ Ղարաբաղի հարցը։ Այդ խնդիրն առկա է, բայց այս փուլում՝ ամենեւին ոչ որոշիչ։

Քրիստիան Տեր-Ստեփանյանը վկայեց, որ ԵԽ-ում բոլորը սպասում են խորհրդարանական ընտրությունների արդյունքներին ու եթե Ադրբեջանում խիստ վատ ընթացք եւ վերջաբան ունեցած վերջին ընտրությունների հետ տարբերությունը երեւա, Հայաստանը կհայտնվի շահեկան վիճակում։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31