Պատգամավորացուների հնարավոր ու անհնար խոստումների պաշարները երեւի սպառվել են, որ սկսել են արդեն կատարված բաներն էլ խոստանալ։ Մի հեռուստաելույթում Կարեն Դեմիրճյանը, վրդովված այն դաժան իրողությունից, որ ծնողը չի կարողանում առաջին դասարանցու համար «Այբբենարան» գնել, խոստացավ, որ իրենք տարրական դասարանի աշակերտներին դասագրքերն անվճար կտան։ Բայց պետք չէ յուրացնել նախորդների դափնիները. այս ԱԺ-ի վերջերս ընդունած «Կրթության մասին» օրենքով արդեն նախատեսվում է, որ բոլոր առաջին դասարանցիները եւ տարրական դասարանների սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովվեն անվճար դասագրքերով։
ՎԱՏ ԼՈՒՐ
Ըստ «Առավոտին» հասած չճշտված լուրերի՝ բավական ակտիվ է անցնում կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի քարոզարշավը, որը կազմակերպում են ՆԳ եւ ԱԱ նախարարության Կոտայքի ռեգիոնալ վարչության պետի տեղակալ Նվեր Պողոսյանը եւ Առինջի Գագիկ Ծառուկյանը։ Օրինակ՝ Մայակովսկի գյուղի բնակիչներին բաժանվել են 2, 3, 5 հազարական դրամ։ Առինջում գրանցված է 3400 ընտրող, բայց ստուգումների արդյունքում պարզվել է, որ այնտեղ կա միայն 2400 ընտրող։ Այս ամենի աշխարհագրական վայրը թիվ 58 ընտրատարածքն է։