Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամենաակտիվ ընտրողները հանգուցյալներն են

Մայիս 27,1999 00:00
Hangucyal

«Ես տասը տարի դարձել եմ քաղաքական դիակ. իշխանությունները, իմ գործընկերներն ինձնից քաղաքական դիակ են դարձրել, եւ այսօր իրերի բերումով ես նորից փորձեցի մտնել քաղաքական ասպարեզ»,- երեկ լրագրողներիս մոտ անկեղծացավ ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի ամբիոնի վարիչ Զավեն Հարությունյանը։

Երբ նա նախորդ խորհրդարանական ընտրություններին պատգամավորության թեկնածու էր, ընտրողների հետ հանդիպման ժամանակ խոսում էր «խիստ գրագետ, ամենաբարձր մատերիայից, արտաքին եւ ներքին քաղաքականությունից»։ Պրն Հարությունյանը ընտրողների մոտ ցուցաբերում էր «հռետորական, մանկավարժական կարողությունները եւ գրավում ընտրողի սիրտը»։ Իսկ եթե այսօր նրան ասեն. «Պարոն Հարությունյան, դուք կփորձե՞ք մտնել ԱԺ», նա կասի՝ «Ո՛չ, իմ հռետորական արվեստը, իմ խոսքը, իմ տեսական եւ այլ գիտելիքները բացարձակ պետք չեն ընտրողին»։

Զավեն Հարությունյանը թիվ 11 ընտրատարածքում առաջադրված, «Դվին» հյուրանոցային համալիրի տնօրեն Վանուշ Թորոսյանի վստահված անձն է։ Եվ լրագրողներիս հետ հանդիպել էր ոչ միայն իր հռետորական արվեստը ցուցադրելու, այլեւ վերոնշյալ ընտրատարածքում կատարված անօրինականությունների մասին պատմելու նպատակով։

Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ընտրացուցակները «գործող են», այսինքն՝ տարվա մեջ երկու անգամ պետք է վերանայվեն՝ ընդ որում՝ բյուջեի հաշվին։ Բայց թիվ 11 ընտրատարածքի միայն 2 տեղամասում «այս պահի դրությամբ» 1200 ընտրող ցուցակում առհասարակ չկա։ «Զավեշտը, թյուրիմացությունը, միտումնավորությունը, հանդգնությունը հասել են իրենց կուլմինացիային. պատգամավորության թեկնածու Վանուշ Թորոսյանն՝ իր ընտանիքով, ցուցակներում չկա»։ Համաշխարհային ընտրությունների պատմության մեջ այս փաստն աննախադեպ իրողություն որակելով՝ պրն Հարությունյանը՝ ի նշան իր ճշմարտախոսության, ցույց տվեց իր խոսքերն ապացուցող փաստաթղթերի թղթապանակը։ «Սպանդարյան եւ Շահումյան տեղամասերում քվեարկում է Կոնդը եւ մեր մրցակիցները շատ լավ գիտեն, որ այդ տարածքում պրն Թորոսյանին տրվելիք ձայների հավանականությունը շատ է եւ այդ տարածքից էլ «թյուրիմացաբար» դուրս են մնացել ընտրողները»։

Վանուշ Թորոսյանի վստահված անձինք դիմել են թաղապետարան (նոր Ընտրական օրենսգրքով՝ ընտրացուցակների կազմման հաճելի բեռը թաղապետարանի ուսերին է- Լ. Ա.)։ Պատասխանել են՝ ցույց տալով օրենսգրքի մի այլ կետ, որով իրենց անունները ցուցակում փնտրած, բայց չգտած քաղաքացիները մինչեւ ընտրությունները կարող են վերականգնել ընտրելու իրենց իրավունքը՝ դատարանի միջոցով։ «Ովքե՞ր են իրենց թույլ տալիս խախտումներ անել» հարցը տալուց հետո, պրն Հարությունյանն իրեն անմիջապես պատասխանեց. «Այն թեկնածուները կամ նրանց խամաճիկները, որոնք կարող են օգտագործել պետական լծակներն ու ունեն պետական հովանավորություն»։ Թիվ 11 ընտրատարածքի մյուս տեղամասերում էլ ընտրողների մեծ մասը վաղուց արդեն հանգուցյալ են, իսկ մի քանի շենքեր կրկնվում են (Մաշտոցի 35 եւ 37 շենքերը), Շահումյանի եւ Խնկո-Ապոր տեղամասերում։ «Այդ տարածքում թեկնածու է հենց թաղապետը (Արարատ Զուրաբյանը- Լ. Ա.), ԲՇՏ-ի ինժեները»։ Այս ասելուց հետո Զավեն Հարությունյանը դարձյալ ինքնիրեն մի անսպասելի հարց տվեց. «Պարո՛ն Հարությունյան, Դուք հավատո՞ւմ եք ընտրություններին», ապա անկեղծորեն պատասխանեց. «Ես չեմ հավատում եւ ոչ ոք չի հավատում»։

Վանուշ Թորոսյանի նախընտրական շտաբն այս խախտումները ներկայացրել է մարզային ընտրական հանձնաժողով, ուր խոստացել են ճշտել ցուցակում տեղ չգտած 1200 ընտրողների հարցը։ Հակառակ դեպքում (չճշտելու) խորհուրդ են տվել դիմել դատարան։ «Ո՞ր ծեր կամ պառավ կինը, որ եկել է, հազիվ հասել ընտրության, ուզում է իր քաղցր ձայնը մի քաղցր թեկնածուի տա, պիտի ասեն՝ մայրիկ ջան, անունդ չկա, գնա դատարա՞ն։ Էդ խեղճ մայրիկը դատարանի ճանապարհն էլ չգիտի՜…»։ Ու այսպես՝ 1000-ավոր մարդիկ։ «Պետությունը թքած ունի՝ մարդիկ կգնա՞ն ընտրության, թե՞ չեն գնա»։

Այն, որ Վանուշ Թորոսյանի եւ Արարատ Զուրաբյանի բուռն ընտրապայքարից կարող է շահել ԱԺ նախագահ՝ համատեղությամբ՝ պատգամավորության թեկնածու Խոսրով Հարությունյանը, պրն Հարությունյանը ժխտեց այսպես. «Զուրաբյանի եւ Թորոսյանի միջեւ որեւէ հակամարտություն չկա։ Բայց ամեն բան հնարավոր է»։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31