Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՔՈՒՆԸ

Մայիս 27,1999 00:00
Toto

Խորհրդարանական ընտրությունները չեն շրջանցել նաեւ Ապարանը։ Ավելին, այստեղից առաջադրվել են բազմաթիվ թեկնածուներ։ Այնպես որ, դեպի Ապարան «Առավոտի» ուղեւորությունը խիստ հիմնավորված էր։

Ապարանում նախորդ խորհրդարանական ընտրություններում հաղթանակել էր (բառիս առաձգական իմաստով- Լ. Ա.) Մելս Հակոբյանը։ Նրա որդեգրած աշխատանքային հանդարտ ոճը (Վարդաբլուրի գյուղացիները նրան ԱԺ-ի նիստերում տեսել են հիմնականում քնած վիճակում) ապարանցիներին հիասթափեցրել է։ Իսկ նախագահական ընտրություններում ակնհայտ կեղծիքները նրանց հավատը առ ընտրությունները հասցրել է զրոյի։ Ի դեպ, Մելս Հակոբյանի մասին. ապարանցիները նրան ընտրվելուց հետո չեն տեսել. «Ընտրվելուց առաջ, մի ամիս մեզ լավ հոսանք տվեց, ընտրեցինք, գնաց ու էլ չտեսանք»։ «Գոնե մի անգամ գար, խաբեր մեզ, գնար, էդ էլ չարեց»։ «Երբ կարկուտը մեր դաշտերը տարավ, հազար ձեւով խնդրեցինք, կանչեցինք, դեպուտատ ես։ Ասին՝ գործով արտասահման ա գնացել»։ Մեր այն հարցին, թե գյուղապետը չի՞ «մշակում» գյուղացիներին՝ ստիպելով, որ ձայնը տան այս կամ այն կուսակցության, թեկնածուի օգտին, գյուղացիները պատասխանեցին, թե «ամեն մարդ իրա գաղափարն ունի, էլ իրար վրա դավերիա չկա»։

Ապարան գնացինք «Սոցուժերի եւ մտավորականների միություն» դաշինքի նախընտրական արշավին հետեւելու նպատակով նաեւ։ Նկատվեց, որ այս դաշինքը ֆինանսական դժվարությունների եւ որոշակի փորձի պակասի հետեւանքով այնքան էլ լավ չէր կազմակերպել իր աջակցությունը վայելած թեկնածուի ընտրարշավը։ Գիշերօթիկ դպրոցի հիմնադիր եւ տնօրեն Մանվել Պետրոսյանին (որն առաջադրվել է Արագածոտնի մարզի թիվ 28 ընտրատարածքում) բոլոր մեր զրուցակիցները համարում էին «արտակարգ խելացի եւ կարգին մարդ»։ Սակայն բնավ տեղյակ չէին, որ նրա «մեջքին» կա որեւէ ուժ։ Իսկ սոցիալիստական ուժերի մասին շատերն անգամ չէին լսել։ Անգամ այս վիճակում Մանվել Պետրոսյանը «պոտենցիալ ընտրվողների» ցանկում է։ Ապարանի գյուղերում կանայք իրենց ընտրությունը կատարելու են իրենց ամուսինների կամ այլ տղամարդ-հարազատների ճաշակով։ Տղամարդիկ, ավելի ստույգ՝ նրանց ինձ հանդիպած մասը, դեռ չէր կողմնորոշվել՝ որ կուսակցությանն է ձայնը տալու։ Նրանցից մեկը ամոթխած շշնջաց, որ ՀԺԿ-ն իրենց գյուղի (Վարդաբլուրի) յուրաքանչյուր ընտանիքին 10 հազար դրամ եւ ալյուր է առաջարկել, բայց ինքը հրաժարվել է ու կողմնորոշվել. պետք է ձայնը տա կոմկուսին։ «Դուք ո՞ւմ եք ձեր ձայնը տալու»,- հարցրի մի կնոջից։ «Մեռնիմ ջանիդ, դու ո՞ւմ կընտրես, ըսա՝ ես էլ ընտրեմ»,- եղբորը դիմեց կինը. «Ինքը ում ըսե, նրան կընտրեմ»։

Գյուղի երիտասարդները դեռեւս նախագահական ընտրություններից իրենց խաբված ու ստորացված են զգում, գյուղից 80 հոգի ձայնը Դեմիրճյանին էր տվել, բայց հետո այդ քվեաթերթիկները գտել էին դաշտերից։ Այնպես որ, որեւէ մեկին ընտրելու ցանկություն չունեն։ Մեծամասնական ընտրակարգով առաջադրված տեղացի թեկնածուների միջեւ ընտրություն անելիս ապարանցիներն առաջնորդվում են հետեւյալ սկզբունքով. «Տելեվիզրով ելույթը լսեցինք, մի հատ չասեց՝ թքեմ էս պետության, էս իշխանության երեսին։ Որ մի լավ հայհոյեր, կասեինք՝ մալադեց» (այս ցիտատը Հարթաբլուրի գյուղամիջից էր)։ Իմանալով, որ «Առավոտից» մարդ կա», գյուղացիները խնդրեցին 21 կուսակցություններին համոզել, որ լուծարվեն. «Թող մնան շա՜տ-շա՜տ երեքը»։ Համոզված չենք, որ «Առավոտի» հորդորներն այս առումով արդյունավետ կլինեն։ Չնայած չի բացառվում, որ նոր խորհրդարանում էլ մի գիշերում տարբեր կուսակցությունների անդամները կդառնան պատգամավորական այս կամ այն խմբի (խմբակցության) երկրպագու։

Հարթաբլուրի գյուղացիները հատուկ կարծիք ունեին Վազգեն Սարգսյանի մասին. «Սպարապետը ոնց որ թե մաքրվել, կարգին տղա ա դառել»։ Իսկ ապարանցիները ընդհանուր առմամբ բարի ու հյուրասեր մարդիկ են։ Սարից մեզ համար «կյանքի գնով» ծաղիկ հավաքող երիտասարդը փունջը նվիրելուց հետո թվարկեց ծաղիկների առավելությունները՝ արտակարգ հոտ ունեն, շատ հազվագյուտ են եւ շատ… համեղ։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31