Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐԴՅՈ՞Ք ՀԻՇՈՒՄ ԵՍ…

Մայիս 27,1999 00:00
ajm

Այս ընտրությունների ընթացքում ԱԺՄ-ն առանձնակի կարեւորություն չտվեց քարոզարշավին։ Եվ իրենց նախընտրական ծրագրի մեջ էլ նշել են. «Կարելի՞ է արդյոք անհատներին եւ կուսակցություններին գնահատել միայն այն հանգամանքով. թե ինչ են նրանք ասում։ Մի՞թե առավել կարեւոր չէ նրանց անցած ուղին եւ կեցվածքն անցած վճռորոշ իրադարձությունների ժամանակ»։

ԱԺՄ-ն այժմ չի էլ փորձել ընտրողներին գայթակղել խոստումներով։ Ասենք, նախընտրական ծրագրում բառ անգամ չեք գտնի Արցախի հիմնահարցի լուծման վերաբերյալ ԱԺՄ-ի դիրքորոշման մասին, փոխարենը հիշեցրել են, որ երբ 1992-93-ին Վազգեն Մանուկյանը պաշտպանության նախարար էր «կոտրվեց Ադրբեջանի բանակի ողնաշարը, գրավվեց Քելբաջարը, ետ վերցվեց Մարտակերտը, սկսվեց Ֆիզուլիի եւ Աղդամի գրավումը»։

Նրանց 9 էջանոց ծրագրում ստանձնելիք պարտավորությունները 30 տող էլ չեն կազմում։ Առյուծի բաժինը խնդիրների եւ հիմնահարցերի սոսկական թվարկումն է։

Երկրորդ տեղում ԱԺՄ ծրագրային մեջբերումներն են, որոնցից մի քանիսը 1996-ի եւ 1998-ի նախագահական ընտրություններում Վազգեն Մանուկյանի նախընտրական ծրագրի համապատասխան դրույթների բառացի կրկնությունն էին։ Լավ, ասենք թե 2-3 տարում ոչինչ չի փոխվել եւ խոստումները կարող էին նույնը մնալ, բայց մի՞թե խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների միջեւ որեւէ տարբերություն չկա։ Ինչպես նախագահի թեկնածուն, այնպես էլ պատգամավորական խմբակցությունը կարող են իրենց առաջնահերթ խնդիրը համարել, օրինակ, «էկոլոգիապես մաքուր, ժամանակակից նոր պղնձաձուլական գործարանի կառուցումը»։ Թե՞ ուղղակի ԱԺՄ-ի համար ժամանակը 1996-ին կանգ է առել։

Վերջինն ավելի հավանական է թվում, եթե նկատի առնենք, որ ԱԺՄ ծրագրում ներմուծված են փոքրիկ լրացումներ (ամեն էջում մի 2-3-ը կան) «Դուք գիտե՞ք, որ», «Դուք հիշո՞ւմ եք, երբ», «Դուք հիշո՞ւմ եք, որ» ենթավերնագրերով։ Վազգեն Մանուկյանի վարչապետության շրջանի եւ ԱԺՄ գործունեության վերաբերյալ այս բոլոր հիշողությունները, մեկ բացառությամբ, վերաբերում են 1992-1995 թվականներին։ Իսկ վերջին տարվա համար հիշատակման արժանի միայն մի բան է գտնվել, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին առաջարկներ են արել՝ չեն ընդունվել։ Խիստ խոսուն ցուցանիշ է։

Ապագայի մասին հիշողություններ ներկայացնելու տարբերակով ԱԺՄ-ն մասնակցել էր նաեւ 1995-ի խորհրդարանական ընտրություններին՝ դարձյալ թվարկելով 1991-94-ի իրենց մեծագործությունները։ Բայց այն ժամանակ դա գոնե մոտավոր անցյալ էր։

Ի դեպ, խիստ հետաքրքրական էր ԱԺՄ-ի 1995-ի եւ 1999-ի նախընտրական ծրագրերը համեմատելը։ Պարզեցինք, որ նրանք այլեւս հրաժարվել են իրենց նախկին գաղափարական սկզբունքներից մեկը՝ համաշխարհային ազգ դառնալու խնդիրն այս ծրագրի մեջ ընդգրկել։ Ինչպես 1995-ին, այնպես էլ 1999-ին ԱԺՄ-ն պարտավորվել է նախկին ԽՍՀՄ խնայբանկերի Հայաստանի քաղաքացիների 9 մլրդ ռուբլուց ավելի ավանդները աստիճանաբար վերադարձնել՝ 10 ռուբլին 1 դոլարի հաշվարկով։ Ի դեպ, սա միակ կուսակցական ծրագիրն է, որտեղ այս առնչությամբ փոքրիշատե որոշակիություն կա։

Սակայն գուցե հարց առաջանա, թե արդյոք ԱԺՄ-ն իրագործե՞լ է 1995-ի ԱԺ ընտրությունների իր ծրագիրը, որ հիմա նորն էլ այս տեսանկյունով գնահատենք։ Արձանագրենք, որ իր արդեն երկրորդ շրջանի խորհրդարանական գործունեությունն ԱԺՄ-ն եզրափակում է չկատարելով եւ ոչ մի խոստում։ 1995-ին խոստացածի պես, նրանք եւ ոչ մի քայլ չեն արել կառավարության, մասնավոր սեփականության անձեռնմխելիության մասին եւ այլ օրենքներ ներկայացնելու համար։

Ճիշտ է, այս ԱԺ-ի աշխատանքներին ԱԺՄ-ն միայն 1995-96-ին եւ 1998-1999-ին մասնակցեց, բայց երկու տարին էլ փոքր ժամկետ չէ խոստումների իրականացման համար գործնական քայլեր անելու համար։

Հնարավոր մյուս առարկությունը կանխենք ԱԺՄ-ի 1995-ի նախընտրական ծրագրից այս մեջբերմամբ. «Շատ դեպքերում ԱԺՄ-ի հետեւողական պայքարը շոշափելի արդյունք չի ունեցել ԳԽ-ում ընդդիմության փոքրամասնության պատճառով։ Սակայն ԱԺՄ-ն երբեք չի ընկճվել ԳԽ-ի անարդյունավետ աշխատանքից, գիտակցելով, որ վերջին խոսքը պատկանում է ժողովրդին։ Հանրահավաքներով եւ հանդիպումներով ՀՀ տարբեր շրջաններում, հարյուրավոր հոդվածներով եւ հարցազրույցներով, օգտագործելով ԳԽ ամբիոնը, ԱԺՄ-ն անընդհատ պահպանել է կապը հասարակության հետ»։

Ըստ ամենայնի, անցած եւ այս խորհրդարանական ընտրությունների արանքում, ԱԺՄ-ն հասարակության հետ հենց այդ կապը կորցրեց։ Գուցե նաեւ ա՞յդ պատճառով այս անգամ այսպիսի կրավորական քարոզարշավ անցկացրեցին։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31