Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՔՍԻՖՆԵՐԻ ԱՆՏԻՊ ՀԱՎԱՔԱԾՈՒԻՑ

Մայիս 26,1999 00:00
xuc

Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի խոսելու, իր կարծիքը հայտնելու, իր ապրածը վերարտադրելու, իր կյանքը հասարակությանը «մատուցելու»։ Չդատենք նրանց։ Չդատապարտենք նրանց խոսքի ազատությունը, նրանց ապրածին ոչինչ չավելացնենք, նրանց կյանքը տեղավորենք այն շրջանակների ներսում, որոնք իրենք են նախագծում։ Չփորձենք նրանց ներկայացնել ավելիից դուրս, իրենցից դուրս։ Բայց թույլ տանք, որ նրանք երբեմն-երբեմն խոսեն ազատազրկվածների իրենց մենախցերից ու հեռավորությունից։ Սա մեր իրականությունն է, որից փախչելը դարձյալ ու դարձյալ իրականությունն է։

Ուրիշ հոդված է ինձ քրեականացնելը

– Ինչո՞ւ նախընտրական այս եռուզեռի մեջ պուտ մը խելք չկա, ինչո՞ւ է այսքան ամեն ինչ ջրիկ, գաղափարների շրջանառություն չկա ու բախում։ Միտքը այստեղ է, համեցեք Նուբարաշենի թիվ մեկ մեկուսարան, 013 խուց, «Նոր ուղու» գրասենյակ։ Երբ լռում է (ծրագրավորված պաուզա) Նոր ուղին, Հայաստանում անմտությունը ջրհեղեղի, որ ներկայանում է այսօր ժողովրդական ժողովարարության տեսքով, նկատելի է դառնում հասարակությանը։ Կարդացեք, վերընթերցեք, վերադարձեք Նոր ուղուն։ Թե չէ՝ մամուլ ու եթեր, ջաղաց եք, գործում եք առանց ցորենի։ Ապագա ունենալու համար ապրել է պետք։ Անկախ պետականությունը փուչիկ է՝ դատարկ ու վտանգավոր, այլասերող ձեւ է առանց պարունակության, իսկ պարունակությունը խաղաղ գոյակցությունն է, հայոց պետականության խնդիրն է՝ հաստատել, պարտադրել, նորմա դարձնել հարեւան ժողովուրդների հետ խաղաղ գոյակցությունը։ 1990 թ. գարուն. Ռիգայում ուղիղ բանակցություններ Ադրբեջանի ժողճակատի հետ, կոմյունիկե, որը չեղյալ հայտարարեց ՀՀՇ վարչությանը։

1992 թ., նոյեմբեր. իմ այցը Բաքու, բազում բանակցություններ՝ համաձայնագրի խաղաղ գոյակցության մասին, իսկ ՀՀ ԱԺ պատգամավորներն այդ ընթացքում հետ էին վերցնում ստորագրությունները…

ԱՇՈՏ ԲԼԵՅԱՆ

(թիվ 1 մեկուսարան)

Ես ականջօղեր չեմ հափշտակել

– Ես՝ Հակոբ Մարտիրոսյանս, բարձրաձայն հայտարարում եմ, որ ես ականջօղեր չեմ հափշտակել։ Դատական նիստի ժամանակ էլ ասացի, որ ավելի շուտ ես ինքնասպան կլինեմ, քան այս զրպարտանքով դատապարտվեմ։ Ապրիլի 27-ից ես գտնվում եմ հացադուլի մեջ՝ հանուն արդարության։ Պահանջում եմ արդար դատավարություն։ Մայիսի 27-ին իմ դատական նիստն է եւ իմ հացադուլի մեկ ամիսը։ Եթե ես դիմացա եւ ողջ մնացի, պահանջում եմ, որ նիստին հրավիրվեն բոլոր սուտ վկաները եւ տուժողը, հատկապես վկա Աշոտ Թադեւոսյանը, որը տեսել է ինձ դեպքի վայրում վազելուց, արդեն դա մեծ սուտ է, որովհետեւ ես ծնկի մասում կոտրվածք ունեմ եւ վազել չեմ կարողանում։ Պահանջում եմ հրավիրել մամուլի բոլոր թղթակիցներին, մարդու իրավունքների պաշտպանության ներկայացուցիչներին եւ պատգամավորության թեկնածուներին, որոնք խոստանում են ժողովրդին արժանապատիվ ապագա։

ՀԱԿՈԲ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

(թիվ 1 մեկուսարան)

Դատարանին բան չկար ասելու

– Դատարանին բան չկար ասելու։ Թերեւս հույս եմ կապում հետագա ինստանցիաներում այս գործի լուծումը արդար գտնելու։ Եվ ստացվում է այնպես, որ եթե ինձ դատախազությունն արդեն իսկ խափանման միջոց է ընտրել կալանքի տակ «պահել», անպայման ինձ պետք էր մի բանի մեջ մեղադրել։ Կարելի է կարծել, որ դատախազությունը երբեք չի սխալվում։ Փաստաթղթերում եւ գործով անցնող բոլոր պաշտոնյաների սխալների համար դատապարտում են մեզ, որովհետեւ գործով անցնող ոչ մի պաշտոնատար անձի չեն դատապարտում։ Թերեւս, բացի իմ դատապաշտպանից, մնացած բոլոր դատապաշտպանները թող ինձ ներող լինեն, բայց խորապես գործը չեն ուսումնասիրել եւ աչք են փակում իրենց պաշտպանյալների ոչ ճիշտ տված ցուցմունքների վրա։ Դա ազդում էր ինչպես դատաքննության ընթացքի վրա, այնպես էլ իրենց իսկ պաշտպանյալների վրա։

Եթե այս պատմության ամբողջ խնդիրը նրա մեջ է, որ ինձ մեղադրեն եւ հույս ունեն ինչ-որ ձեւով ազդել իմ վրա, ինչ-որ երեւակայական գումարներ ինձանից կորզեն, ապա սխալվում են. նախ՝ չունեմ, իսկ եթե ունենայի էլ՝ չէի տա։ Ես ամենավերջում ձեզ հայտարարում եմ. ոչ ոքից փող չեմ վերցրել, ոչ ոքի անձամբ ոչինչ չեմ վաճառել, ապրանք բաց չեմ թողել եւ ոչ մի փաստաթղթի տակ չեմ ստորագրել։

ՎԱՉԱԳԱՆ ԴԱԴԱՅԱՆ

(Արեշի Պելե, գտնվում է հետախուզման մեջ)

Հարգանքի եւ անարգանքի խաչմերուկ

– Տարիներ առաջ էր, երբ «Առավոտ» թերթի էջերը տրամադրվեց ինձ, ամուսնուս՝ Վարդգես Պետրոսյանին ու նրա թողած ժառանգության շուրջ կնճռոտ հարցին՝ «Հարգանքի եւ անարգանքի խաչմերուկ» վերնագրով։ Խմբագրության ձեւակերպումն է… Այսօր էլ ոչինչ չի փոխվել, ընդհակառակը… Հարգանքի, որովհետեւ իմ ընտանիքն ամեն բան անում է գրողի հիշատակը ըստ արժանվույն պահելու, նրա անվան շուրջ ստեղծված կեղծ, արհեստական, բացասական լիցքերը վանելու, Վարդգես Պետրոսյան ազգանունն իր իսկական, արժանի տեղը դնելու։ Եվ այդ անում էր եւ անում է սեփական կյանքի, արժանապատվության գնով։ Էլ չենք խոսում ունեցվածքի մասին, որ կողոպտվել ու թալանվել է, իսկ դատական, իրավական ճանապարհով պահանջելու դեպքում՝ մենք քաջ գիտակցում էինք, որ հենց այդ էր պետք «օրինապահ» մարմիններին, ողբերգությունը իբրեւ «կենցաղային» պատմություն ներկայացնելու, շեղելու բուն հանցագործության իրական նյութից։ Եվ քանի որ մենք չէինք ընկնում այդ «լավ սարքված» ծուղակը, ուրեմն՝ հաշվեհարդարը տեսան ձեզ արդեն ծանոթ ձեւով. գրողին եւ մարդուն իսկապես նվիրված մարդկանցից, որոնք քաջություն ունեին հարցեր տալու, փաստերը համադրելու, պահանջելու, մտածելու… Անարգանքի, որովհետեւ, այսպես կոչված, արյունակցի ձեռքով զրպարտել՝ փոխարենը խոստանալով մեր ունեցվածքը։ Մեր պատիվն ու կյանքը իրենց, ունեցվածքը՝ զրպարտիչներին…

Հո միշտ չէ՞, որ օրենքը փողոցում է, մի օր կարգուկանոն հաստատվում է, չի կարող անվերջ լինել մղձավանջը… Սակայն այսօր դեռ զենքերը ցած չեն դրել, որովհետեւ երբ ոչինչ չներկայացնող մարդիկ արքայական քղանցքներ են տեսնում, ցանկանում են անպայման տիրանալ, կրել արքայական ծիրանին։

Արդեն հինգ տարի է անցել ամուսնուս՝ Վարդգես Պետրոսյանի ողբերգական վախճանից։ Ես, իմ ընտանիքը շա՜տ վերեւից ենք նայել ցածր, մանր, ծախու մարդկանց թե՛ արարքներին, թե՛ խոսքուզրույցին, թե՛ պատվերով ելույթ ունեցողներին։ Վարդգեսի եւ իմ թշնամիները միշտ պատրաստ են, միշտ արթուն են… դա շա՜տ հին ու ձանձրալի պատմություն է։

ՍՈՆԱ ՏԻԳՐԱՆՅԱՆ (Լոս-Անջելես)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31