Արդեն վեց տարի է, Հայաստանում իր գործունեությունն է ծավալում «Պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը, որի առաջնային նպատակը ապագա սերնդի դաստիարակությունն է։ Այս հարցում, անշուշտ, մեծ են կազմակերպության տնօրեն Արմինե Հովհաննիսյանի՝ ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի տիկնոջ ներդրումն ու ջանքերը։
-Տիկին Հովհաննիսյան, ինչպե՞ս առաջացավ այս ծրագրի մտահղացումը եւ ի՞նչ միջոցներով է այն իրագործվում։
– Այս ծրագիրը Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից կիրառվում է աշխարհի 150 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ Ծրագրի գաղափարը առաջարկել է ժամանակին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Փիթեր Թոմսենը։ Քանի որ Ամերիկայում այս ծրագրի մեջ նաեւ հայեր կային ընդգրկված, նրանք վեց տարի առաջ բերեցին ծրագիրը Հայաստան եւ խնդրեցին իմ օգնությունն այս գործում։ Այսպիսով, դպրոցական ծրագրում մի նոր առարկայի դասավանդում մտավ, որը կոչվում է կիրառական տնտեսագիտություն։ Ֆինանսավորումը ամբողջովին կատարում է USAID կազմակերպությունը։
– Քանի՞ դպրոցներում եւ ի՞նչ սկզբունքով է դասընթացը կազմակերպվում։
Կարդացեք նաև
– Ութ դպրոցներից սկսելով, ծրագիրը մեծացավ, որովհետեւ մեծ պահանջ կար։ Այսօր արդեն 276 կրթօջախներում այն կիրառվում է՝ ներառյալ բոլոր մարզերը, բացի Տավուշից, որտեղ սեպտեմբերից ենք սկսելու։ Այսօր արդեն 7 հազար աշակերտ ծրագրի մեջ է, վերապատրաստվել է 250-ից ավելի ուսուցիչ, որից 30-ը՝ ԱՄՆ-ում։ Ֆինանսավորումը ապահովել է Կրթության զարգացման ակադեմիան (AED)։ Քանի որ դասագիրքը ամերիկյան փորձի հիման վրա է գրված, ունի ե՛ւ վատ, ե՛ւ լավ կողմեր. վատն այն է, որ դասագիրքը հարազատ չէ հայ երեխային։ Իսկ լավն այն է, որ երբ մեր երեխաները միջազգային ասպարեզ դուրս գան, նրանք կունենան նույն գիտելիքները, ինչ այլ երկրների երեխաները։
– Հայտնի է. աշակերտները սիրով են հաճախում այդ դասընթացին, ի՞նչն է գրավում նրանց։
– Նախ պետք է ասեմ, որ այսօր երեխաների հետաքրքրությունները սահմանափակ են՝ հեռուստացույց, վիդեոխաղեր եւ այլն, ուստի շատ դժվար է երեխային ներգրավել դպրոց։ Այդ իսկ պատճառով, նոր մոտեցումներ պետք է ցուցաբերվեն եւ հենց այդպիսի ծրագրով էլ իրականացնում ենք դասընթացները։ Երեխաները սիրով են գալիս այս դասերին, որովհետեւ նրանք զգում են իրական կապը առարկայի եւ իրենց շրջապատող երեւույթների միջեւ։ Մենք տալիս ենք ոչ թե զուտ տեսական գիտելիք, այլ այնպիսի գիտելիքներ, որոնք որպես գործիք կարող են կյանքում օգտագործվել։ Օրինակ՝ երեխաները ընթացքում գործնական աշխատանքներ են կատարում, շուկայական հետազոտություններ են անում, ակցիաներ վաճառում, արտադրանք թողարկում ու վաճառում եւ այլն։ Իսկ տարեվերջին իրենց ստացած գիտելիքները ստուգելու համար քննություն են հանձնում։ Աշակերտներից 2-4 հոգի ամեն տարի մրցույթով ընտրվում են եւ գնում Միացյալ Նահանգներ՝ որպես խրախուսանք։ Գրավոր աշխատանքներից բարձր գնահատականներ ստացած երեխաներին տանում ենք մեկ շաբաթով ամառային ճամբար եւ, տարբեր խաղեր կազմակերպելով, ամրապնդում ենք նրանց գիտելիքները։
– Այս տարի դուք եւս մի նոր առարկա եք ներմուծել դպրոց։
– Այս դասագիրքը, ի տարբերություն «Կիրառական տնտեսագիտության», որն ամերիկյան ծրագիր է, գրվել է մեր կողմից եւ անցյալ տարվա գարնանը փորձարկվել է դպրոցներում։ Աշակերտների արած դիտողությունների եւ առաջարկությունների հիման վրա դասագիրքը կազմվեց եւ այս տարի արդեն դասավանդվում է։ Այն կոչվում է «Քաղաքացիական կրթություն»։ Դասագիրքը արդիական է եւ եթե համեմատություն անենք, ապա այն մի քիչ նման է անցյալում դասավանդվող «Հասարակագիտություն» առարկային։
– Ի՞նչ է սովորեցնում այն ապագա քաղաքացուն։
– Մենք կարեւորում ենք անհատ քաղաքացու դերը կայուն, բարգավաճող երկրում։ Անհատը պետք է գիտակցի փոքրուց, դպրոցական հասակից, թե ինչ է նշանակում իշխանություն, լինել այդ հանրապետության քաղաքացի, այդ քաղաքացու պարտականությունները, ինչ պետք է նա պահանջի իշխանություններից եւ ինչպես։ Հենց դա ենք մենք դաստիարակում երեխայի մեջ՝ տալով քաղաքացիական կրթություն։ Ի՞նչն է այստեղ տրամաբանականը. այն, որ երեխան սովորի ու հասկանա, որ իշխանության ներկայացուցիչները կոչված են ծառայելու ժողովրդի շահերին։
– Ինչպիսի՞ տարբերություն եք տեսնում ամերիկյան եւ հայկական դպրոցական ծրագրերում եւ որի՞ն եք տալիս նախապատվությունը։
– Գիտեք, տարբերությունը, որ ես տեսել եմ, այն է, որ ամերիկյան դպրոցներում շեշտը դրվում է ստեղծագործական մտքի վրա, երեխան սովորում է ինքնուրույն մտածել, ինքնուրույն հաշվարկել, այստեղ շեշտը դրվում է գիտությունների, լեզուների վրա, որոնք, ցավոք, շատ հաճախ երեխան չի կարողանում կիրառել առօրյա կյանքում։ Հայաստանում դպրոցները կարող են շատ ավելի առաջ գնալ, եթե չլինեն ֆինանսական, դասագրքային, սոցիալական այլ պրոբլեմներ։ Ուսուցիչներին վերապատրաստելիս մենք շեշտը դնում ենք ոչ այնքան ուսուցչի գիտելիքների, որքան մատուցման եղանակի վրա։ Դասը հետաքրքիր դարձնելու համար շատ խաղեր ու հանձնարարություններ ենք տալիս նրանց, օրինակ՝ բոլոր դպրոցները պետք է ունենան իրենց գերբը, հիմնը, իրենք իրենց դպրոցում օրենքներ են ընդունում, սահմանադրություն գրում։ Այս բոլորը արվում է, որ երեխան ինքնուրույն մտածի եւ դառնա վաղվա լիարժեք քաղաքացի։
– Ի՞նչ անելիքներ ունեք եւ ինչպե՞ս եք գնահատում ինքներդ ձեր կատարած աշխատանքը։
– Անելիքները շատ-շատ են, եւ քանի որ այս երկու առարկաների պահանջը գնալով ավելանում է, աշխատում ենք ընդլայնել ծրագիրը։ Այս սեպտեմբերին արդեն 300-ից ավելի դպրոցներ կունենանք, սակայն, ինչպես գիտեք, 1400 դպրոց կա, իսկ սա մտածելու տեղիք է տալիս։ Ինչ վերաբերում է գնահատականին, ապա ամենալավ գնահատականը տալիս են աշակերտներն իրենց ցուցաբերած խանդավառությամբ։
Հարցազրույցը վարեց
ՌՈՒԶԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ