Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԷԼ ԴԵԲԱՏ ԷՐ

Մայիս 26,1999 00:00

ԼԱՎ ԷԼ ԴԵԲԱՏ ԷՐ Որն իսկապես նման էր մտքերի քննարկման, վիճաբանության եւ էլի նման բաների Կազմակերպման հեղինակը Հայաստանի կին ընտրողների լիգայի Էրեբունու տարածքային կազմակերպությունն էր։ Էրեբունու թիվ 9 ընտրատարածքում գրանցված պատգամավորության թեկնածուները եկել էին թիվ 6 դպրոց՝ հանդիպելու իրենց ընտրողների հետ։ Վեց թեկնածուներից մասնակցում էին չորսը։ Դեբատին չմասնակցեց թեկնածուներից միայն մեկը։ Էրեբունու տարածքային կազմակերպության ղեկավար Օվսաննա Բաբայանը ներկաներին շատ լավ բացատրեց դեբատի անցկացման կարգը, այնքան լավ, որ իմացանք հետեւյալը. – Թեկնածուները կներկայացնեն իրենց ծրագրերը, ընտրողների հարցերին պետք է պատասխանեն բոլորը եւ վերջում իրար հարցեր կտան։ Բոլորին բաժանված էին հիմնադրույթները։ Ու երբ սկսվեցին հարցերը, դրանց հիմնական «թիրախը» դարձավ Հրանտ Բագրատյանը։ «Մեր լավ վիճակը քանդվեց ձեր օրոք։ Դա ձե՞ր նախաձեռնությունն էր, թե՞ դրսի թելադրանք»։ Այս առաջին հարցին թեկնածուն պատասխանեց, որ վարչապետ է եղել 1993-ի փետրվարից մինչեւ 1996 թ. նոյեմբերը եւ այդ ընթացքում հոսանքը 1 ժամից դարձավ 24 ժամ, գրավվեց 10 հազար քկմ հող, ներդրվեց ազգային դրամը եւ ինչ-որ բան աճեց 13 տոկոսով։ «Ինչ-որ բանը» չհասկացվեց, որովհետեւ դահլիճը աղմկեց։ Կարծես թե թեկնածուն փորձեց ընկրկել։ Այդպես էլ պատասխանը մնաց կիսատ։ Հանդիպման մասնակիցներից մեկը փորձեց ճշտել, թե ինչ է նշանակում ազգային իրավական պետություն։ Այստեղ Սաշիկ Խաչատրյանը («Միասնություն» դաշինք) այն միտքը հայտնեց, որ առանց օրենքի երկիրը երկիր չի դառնա։ Գ. Ճանճապանյանը (կրթության եւ գիտության աշխատողների արհմիության հանրապետական խորհրդի նախագահ, անկուսակցական) իր պատասխանի մեջ կարեւորեց արհմիությունների դերը եւ հայտնեց, որ դառնալով պատգամավոր, կաշխատի արագացնել արհմիության մասին օրենքի ընդունումը։ Իսկ Անահիտ Բոյաջյանը («Կանայք հայոց աշխարհի» հասարակական – քաղաքական կազմակերպություն) գտնում է, որ օրենսդրությունը եւ գործադիր մարմինները այսօր փոխկապակցված չեն աշխատում։ Դահլիճը գնալով ավելի աղմկոտ դարձավ։ Զայրույթը հասավ իր գագաթնակետին։ Ժողովուրդը ապրում է մի երկրում, որտեղ կարգուկանոն չկա, ինչ կար՝ քանդեցին, ինչ օրենք, ինչ բան։ Քանդվեցինք, ավերվեցինք։ Սրանք ընտրողներից մի քանիսի արտահայտություններն են։ Մի կին էլ բեմ բարձրացավ ու թե ինչ էր ասում, ոչինչ չէր հասկացվում։ Թեկնածուներից Գ. Ճանճապանյանը, Ս. Խաչատրյանը, Ա. Բոյաջյանը գտնում են, որ բուժսպասարկումը պետք է անվճար լինի, ամոթ է, որ հիվանդ մարդը հիվանդանոց չի կարողանում գնալ, որ մեր երկիրը ինչքա՜ն օգնություն ստացավ, բայց ժողովուրդը ոչինչ չտեսավ։ Հ. Բագրատյանը այդ հարցի կապակցությամբ պարզաբանեց, որ ողջ աշխարհում պետությունը վճարում է մարդկանց։ Բայց… սրտի եւ երիկամի հիվանդները իրենք են վճարում։ Ուրեմն՝ աշխատենք այդ օրգանները առողջ պահել։ Եթե, իհարկե, կարողանանք։ Երեւի թե դպրոցի հարկի տակ կայացած այս հանդիպումն էր պատճառը, որ պատգամավորության թեկնածուները կրթության հարցերի շուրջ ավելի շատ խոսեցին։ Հարցերն էլ ավելի շատ էին, որովհետեւ ամեն ընտանիք էլ առնչվում է դպրոցի հետ։ Ա. Բոյաջյանը այդպես էլ հոմանիշներ չգտավ դպրոցի վատ վիճակը բնորոշելու համար։ Նա նշեց, որ ուսուցչի սոցիալական վիճակը աղետալի է։ Գ. Ճանճապանյանը նշեց իր նախընտրական կարգախոսը՝ պետության հենքը դպրոցն է, երեխաները՝ մեր ապագան։ Նա ավելացրեց, որ դպրոցի աշխատանքը վերահսկող շատ օղակներ կան, դրանք պետք է կրճատել։ – Դպրոցը պետք է վերածել կրթօջախի։ Ինքնավարություն է պետք։ Դպրոցը պետք է իրականացնի պետության պատվերը։ Սրանք էլ այդ հարցի վերաբերյալ Հ. Բագրատյանի մտքերն էին։ Ս. Խաչատրյանը բռնկվելով ասաց. «Պրն Բագրատյան, ձեր կառավարության ժամանակից դպրոցն այլեւս կրթօջախ չէր, որովհետեւ գնում էիք դեպի կապիտալիզմ։ Դուք նաեւ հրաժարական տվեցիք, հիմա ի՞նչ է պատահել, որ դրել եք ձեր թեկնածությունը»։ Նախկին վարչապետը փորձեց արդարանալ՝ ասելով, որ ժամանակին աշխատել է՝ ինչքան կարողացել է, որ 1996-ի սեպտեմբերյան դեպքերը համարել է խայտառակություն եւ այն ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանին հայտնել է՝ կամ ինքը, կամ չորս՝ մեծ պաշտոն ունեցող, մարդիկ։ Նախկին նախագահն էլ ափսոսացել է այդ չորսին եւ 1996-ի նոյեմբերին ընդունել է իր հրաժարականը։ – Եվ դա արդարացո՞ւմ է,- գոռաց մեկը տեղից։ Դահլիճը սկսեց եռալ։ Մեկ ուրիշն էլ. – Թողեք լսենք, եկել ենք կենդանի Բագրատյանին տեսնելու, անարգելու, թող թողնի դուրս գա։ (Մենք անձամբ դեմ ենք նման պահվածքին։ Որ հանդիպման մասնակիցները զայրացած էին, հասկանալի է, բայց չափի զգացում է պետք։ Կարելի է խիստ ասել, բայց՝ առանց վիրավորելու)։ Իսկ Հ. Բագրատյանը նայում էր դահլիճին ու թեթեւ ժպտում։ Շարունակվող հանդիպման ժամանակ, որը դեբատ էր կոչվում, խոսվեց կանանց հիմնախնդիրների մասին։ Մանվել Եղիազարյանը (անկուսակցական, չի աշխատում) հենց այդ պահին ներս մտավ եւ սկսեց գովերգել հայ կնոջը։ Նա պետք է լինի այնպիսին, ինչպես հազար տարի առաջ։ Հայ կինը պետք է հայ լինի։ Իմացեք, հա-ա՜, հայ կանայք։ – Ով կանանց մասին լավ խոսի, նրան էլ կընտրեմ,- ասաց հետեւի շարքում նստած մի տիկին։ Ես էլ առաջարկեցի, որ բարձր ասի, որպեսզի թեկնածուները լավ լսեն։ Առաջարկությունս չանցավ։ Հարցեր եղան թեկնածուների նախընտրական ծախսերի մասին։ Գ. Ճանճապանյան՝ կասենք ընտրություններից հետո։ Ս. Խաչատրյանը տեղեկացրեց, որ ծախս չի արել, որովհետեւ դաշինքի կողմից է։ Մ. Եղիազարյան՝ 380 հազար դրամ՝ մինչեւ մայիսի 19-ի ժամը 16-ը (հանդիպումը մայիսի 20-ին էր)։ Թեկնածուները անցան միմյանց հարցեր տալուն։ Երբ Հ. Բագրատյանը սկսեց պատասխանել թեկնածուներից մեկի հարցին, որը վերաբերում էր էլեկտրաէներգիայի սակագներին, դահլիճը սկսեց դատարկվել։ «Պատճառը՝ եթե ռեֆորմ չանենք, աշնանը մեկ կիլովատը կդառնա 50 դրամ»,- տեղեկացրեց թեկնածուն։ – Ղալաթ կանեն, գլուխները պատովը կտան,- զայրացած նետեց զինվորական շորերով, երկար բեղերով, Անդրանիկի նկարով մեդալը կրծքին մեկը,- որ այդպես է, էլի բարին դու ես, ընկեր Բագրատյան։ Այդ հարցերի շուրջ իրենց կարծիքները հայտնեցին Գ. Ճանճապանյանը, Ա. Բոյաջյանը։ Միանշանակ սեփականաշնորհումը ընկերները համարեցին սեփականաշորթում, կեղծ, պետության եւ ժողովրդի ունեցվածքի գռփում։ Եվ ոչ մեկը դրա համար պատասխան չի տալիս։ Ստացվեց դեբատը (որը հայերեն էլ չէ), թե ոչ՝ չգիտեմ։ Բայց հարցերը, ընտրողների ելույթներն ու դժգոհությունները նաեւ՝ ուղղակի կամ անուղղակի պատգամներ, գուցեեւ՝ «նակազներ» էին դեպուտատության թեկնածուներին։ Դրանք նաեւ պահանջներ էին, լուրջ առաջադրանքներ, որոնց շուրջ պարտավոր են մտածել մեր ապագա պատգամավորները։ Լավ էր, որ լիգայի տարածքային կազմակերպության նախագահ Օվսաննա Բաբայանը հանդիպումը հայտարարեց ավարտված։ Թե չէ՝ ընթացքում կանանցից մեկը խստորեն առաջարկեց տղամարդկանց դուրս անել, որովհետեւ կանանց լիգայի միջոցառում է։ Չէի ասի, թե մենք մեզ վատ էինք պահում։ Ինչեւէ։ Բոլորս դեպի ընտրություններ։ Լիգայի անդամ հարգելի կանայք, ընտրեք, ձայն տվեք բոլոր կին թեկնածուներին եւ տղամարդկանց լավագույն մասին։ ՇԱՎԱՐՇ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել