Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՎԱՆԱՁՈՐ

Մայիս 26,1999 00:00
vanazor

Խաբուսիկ հանդարտություն

Սկսենք դեռեւս ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի խոսքով, որ այս անգամ էլ լոռեցիներն իրենց տեսակի մեջ են, ուստի նախընտրական այս եռուն փուլում էլ, ի տարբերություն մանավանդ Երեւանի, մեծ լարումներ չկան, չեն եղել նաեւ հանձնաժողովների կազմավորման փուլում եւ հիմա ինչպես Վանաձորում, այնպես էլ Լոռու մարզում կացությունը շատ ավելի հանգիստ է։

Միգուցե այդպես է։ Վանաձորն, առհասարակ, հանրապետության երրորդ քաղաքը լինելով հանդերձ, միշտ հանդարտության կնիք է ունեցել վրան։ Բայց չէի ասի, թե դա նախընտրական այս փուլում նույնքան բնորոշ է մարզկենտրոնին, որքան Աստծու մյուս բոլոր օրերին։

Լոռու մարզից ԱԺ պատգամավոր պետք է ընտրվի 8 հոգի, որոնցից 4-ը՝ Վանաձորից։ Մինչեւ մայիսի 21-ը գրանցված էր 71 թեկնածու, իսկ հիմա մրցակցությունը շարունակելու են 60-ը։ Ի դեպ, ինքնաբացարկվածներից 2-ը ՀՀԿ-ից են, 2-ը՝ ՀԺԿ-ից, իսկ մյուս 7-ը՝ անկուսակցականներ, որոնք կամ գյուղապետեր են, կամ էլ տարբեր գրասենյակների ղեկավարներ։ Դե պատկերացրեք, թե որքան շատ են ընտրաշտաբները Վանաձոր քաղաքում, որոնք հանդիպում են գրեթե յուրաքանչյուր քայլափոխի։ Իսկ ընտրաշտաբներում եռուզեռ է, ինչն ամբողջապես ի չիք է դարձնում Վանաձորի հանդարտության «առասպելը»։

Հանձնաժողովներում մարզպետի բարեկամներն են

«Նախընտրական այս փուլում ընտրակեղծիքներ, ընտրախախտումներ կամ ընտրակաշառքի դեպքեր արձանագրե՞լ եք»։ Այս հարցը տվել եմ բոլոր ընտրաշտաբներում եւ գրեթե նույնանման պատասխաններ ստացել՝ խոսակցություններ այդ թեմաներով կան, բայց կոնկրետ դեպքեր չենք արձանագրել։ Կամ էլ՝ արձանագրել ենք, բայց չենք փաստագրել, կամ էլ՝ դեռեւս չենք նկատել, որ ընտրախախտումների մեջ օրինաչափություն լինի, նկատվածն էլ՝ առանձին դրսեւորումներ են։

Այսպես, սակայն, հիմնականում ընտրամիավորներն են դատում։ Անհատ պատգամավորների դեպքում տրամադրվածությունը միանգամայն այլ է։ «Միասնություն» դաշինքի պաշտպանյալ, ՀԺԿ ներկայացուցիչ Լարիսա Փարեմուզյանն, օրինակ, արձանագրում է. «Աքորի գյուղում, երբ ես գնացել էի հանդիպման, գյուղամիջում խմբված մարդկանցից մեկն ասաց՝ մինչեւ 10 դոլար փող չտան, ոչ մեկին չեմ ընտրի։ Ես հասկացա, որ, հավանաբար, այդ գյուղում 10 դոլարը շարժվել է»։

ԱԺՄ շտաբի նախագահ Գառնիկ Հարությունյանն էլ ասաց, որ ի բացառյալ մի քանի հանդիպումների, մյուս բոլոր տեղերում ստիպված են լինում բացատրել, «որ ԱԺ պատգամավորները ասֆալտ անող մարդիկ չեն, այլ՝ օրենքներ գրողներ, օրենսդիրներ, ու նրանցից պահանջները համապատասխան բնույթ պիտի ունենան»։

Իսկ ինչ վերաբերում է ընտրակեղծիքներին առհասարակ, ապա ԱԺՄ-ի Լոռու մարզային շտաբի ղեկավարի դիտարկումներով. «Հայաստանում, ընտրական համակարգին զուգահեռ, գործում է կեղծող մեքենա։ Դա համակարգ է։ Կոնկրետ անձերի մեղադրել այս համակարգի այս կամ այն տարրը լինելու մեջ՝ չէի ցանկանա։ Պարզապես պետք է գործող այդ համակարգի դեմ որոշակի միջոցառումներ ձեռնարկել»։

Լոռու մարզում ընտրախախտում երեւույթի մասին ամենայուրահատուկ տեսակետը «Միասնություն» դաշինքի ներկայացուցիչ, էլի ՀԺԿ-ն ներկայացնող, իսկ անցյալում քաղկոմի եւ կոմերիտմիության քաղկոմի առաջին քարտուղար աշխատած, մոտ 70-ամյա Հայկ Օհանյանն ունի. «Ես կողմնակից եմ, որ քաղաքակիրթ ընտրարշավ լինի։ Ընտրախախտումը, ներողություն, այն է, երբ վայրահաչում են, երբ քաղաքակիրթ չեն պահում։ Իմ նկատմամբ նման մի փորձ եղել է»։

Տեսնում եք, որ «Միասնություն» դաշինքի դեպքում անգամ չկա ինքնավստահություն, թե Լոռվա մարզում ընտրություններն «ազատ, արդար, մաքուր, թափանցիկ, ազնիվ» եւ էլի այսօրինակ հատկանիշներով են բնորոշվելու։ Թեպետ, ինչպես այդ դաշինքի մարզային կառույցի համանախագահ Ֆրունզե Թադեւոսյանն է կարծում. «Ամեն ինչ սեփականաշնորհվել է։ Միակ բանը, որ դեռեւս չի սեփականաշնորհվել եւ դեռ մնացել է ժողովրդին, ընտրությունների ժամանակ ունեցած քվեներն են», ուստի իրենք ձգտելու են, որպեսզի ժողովրդի խղճի ձայնը համապատասխան թվային արտահայտությունը գտնի։

Հարց չի՞ առաջանում, թե էս բոլորն ում դեմ են սեփական սուսերը ճոճում։ Պարզվում է, որ մեղադրանքն անհասցե չէ։ Նախ տեսնենք, թե ինչ է ասում Հայկոմկուսի վանաձորյան կառույցի ղեկավար ընկեր Սենիկ Էվինյանը. «Մեղադրանք եմ ներկայացնում Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանին, որովհետեւ նա պարզապես չափն անցնում է իր լիազորություններն իրականացնելիս»։

Հայկոմկուսի ներկայացուցիչը համոզված է, որ կեղծիքներ անպայման լինելու են, քանի որ մարզպետ Հենրիկ Քոչինյանն անձամբ է ձեւավորել Վանաձորի բոլոր 4 ընտրատարածքների հանձնաժողովները, որոնցում 2 աչքը 22 աչքի դեմ բնականորեն անզոր է լինելու։

Բացի այդ, «Միասնություն» դաշինքի ղեկավարները, Հայկոմկուսի ներկայացուցչի ասելով, ստիպել են, որ թեկնածությունը հանի Շահումյանի գյուղապետը՝ հօգուտ իրենց պաշտպանյալ Վահրամ Բաղդասարյանի։

Բայց պարզվում է՝ մարզպետի նկատմամբ դժգոհություն կա նաեւ «Միասնություն» դաշինքի շրջանակներում։ Խնդիրն ավելի է երանգավորվում, երբ նկատի ես առնում մեկ հանգամանք եւս։ Հենրիկ Քոչինյանը հայտարարում է, որ ինքը պաշտպանում է «Միասնություն» դաշինքին, քանի որ «Հանրապետական» կուսակցության մարզային կառույցի քարտուղարն է։

Բայց այդպե՞ս է, թե՞ ոչ։ Մարզպետը «Միասնությա՞ն» կողմն է, թե՞ ոչ։ Սա ամենեւին էլ հռետորական հարցադրում չէ։ «Միասնություն» դաշինքի պաշտպանյալը թիվ 52 ընտրատարածքում Լարիսա Փարեմուզյանն է։ Նրա հետ մրցակցում են Բագրատաշենի շուկայի տնօրեն Սարիբեկ Օհանյանը եւ մարզպետի եղբայր Հովհաննես Քոչինյանը։

Տիկին Փարեմուզյանը նոր երանգներ է դնում կոմունիստ ընկեր Էվինյանի պատկերածի վրա։ Շնող գյուղում, որտեղ ապրում է մարզպետը, հանձնաժողովի կազմում ընդգրկված են մարզպետի եղբոր հարեւանները, ինչը կասկածանքների եւ տարակույսների տեղիք է տալիս։ Սակայն ամեն ինչ այդքանով չի ավարտվում։ Հերթում են նաեւ բարեկամները։ Հանձնաժողովում ընդգրկված են մարզպետի կնոջ եղբայրը, կնոջ եղբոր կինը, եղբոր կինը եւ այլն։ Խոստովանենք, որ մեծ աշխարհի որեւէ այլ փոքր անկյունում բարեկամական նման հանձնաժողովի գրեթե անհնար է հանդիպել։

Մարզպետը մատ թափ չի տա

Բնականաբար, միակողմանի պիտի լիներ հրապարակումը, եթե իր խոսքն ասելու հնարավորություն չունենար մարզպետը՝ Հենրիկ Քոչինյանը։

Տիկին Փարեմուզյանը եւս մեկ մեղադրանք էր ներկայացրել, որ ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ առաջ մարզպետը Ալավերդու մոտակայքում ասֆալտապատում է կատարում, որպեսզի մարդիկ իր եղբոր օգտին քվեարկեն. «Իմ եղբայրը սեփական ճանապարհ չունի, որ ես այն սարքեմ, կամ չսարքեմ։ Տիկին Փարեմուզյանը մոռանում է, որ ես արդեն մեկ տարի է, տրանսպորտի նախարար չեմ»։ Հավելյալ մանրամասները, որոնք մատուցեց պարոն Քոչինյանը՝ այսպիսին են։ Սպիտակ-Բագրատաշեն ճանապարհի շինարարությունը սկսվել է 1996 թվականից եւ հիմա, եղանակի տաքանալուն պես, աշխատանքները վերսկսվել են։ Պարոն մարզպետն ասաց նաեւ, թե ինքն իսկապես շահագրգիռ է, որ աշխատանքները շուտ ավարտվեն. «Ես երեւի գլխի չեմ ընկել, որ այդ ճանապարհի վրա մի ցուցանակ էլ կպցնեմ ու վրան գրեմ՝ քվեարկեք հօգուտ Քոչինյան Հովհաննեսի։ Հիմա կանեմ։ Ընտրություններին ընդամենը մեկ շաբաթ է մնացել, իսկ իմ ներվերը կդիմանա»։ Ինչ վերաբերում է հանձնաժողովների ձեւավորմանը, ապա դրանք, ինչպես ներկայացրեց Հ. Քոչինյանը, կազմավորվել են ըստ օրենքի՝ յուրաքանչյուր կուսակցություն տվել է իր ներկայացուցչին։

– Բայց, այդ դեպքում, պարոն մարզպետ, ինչպե՞ս եք աջակցելու «Միասնության» թեկնածուներին, ինչպե՞ս եք մարդկանց վրա ազդելու։

– Մարդկայնորեն միայն,- պատասխանեց Լոռվա առաջին դեմքը,- ես խորհուրդներ կտամ ու երբեք մարդկանց չեմ կանչի եւ մատ թափ չեմ տա, որովհետեւ չեմ իմանում, իմ ասածը կանե՞ն այդ դեպքում, թե՞ ոչ։

– Իսկ որ իմանաք կանեն՝ մատ թափ կտա՞ք։

– Ոչ,- պատասխանեց մարզպետը։

Ստացվում է, որ 2 հարց լուծվել է։ Մարզպետն իր եղբորը ազգակցական հիմքով պաշտպանելու է, բայց դա, խոստանում է չանել մատ թափ տալով։

Կա այսպիսի թեկնածու

Լոռու մարզում գտնվելուս երկու օրերին, պահ առ պահ ինձ թվում էր, թե մարզպետարանն ու քաղաքապետարանը լրիվ ավելորդ կառույցներ են, քանի որ կա ԱԺ պատգամավոր եւ պատգամավորության թեկնածու Վիկտոր Դալլաքյանը։ Համենայնդեպս՝ իր ներկայացրածից այլ տպավորություն ստանալը խիստ դժվար է։ Վանաձորում չկա կատարված որեւէ դրական գործ, որ Վիկտոր Դալլաքյանը չասի, թե իր մատը խառն է՝ էլ դպրոցների շինարարություն, էլ հուշարձանների տեղադրում, էլ բարեկարգում, էլ… Մի խոսքով, կարծում եմ, որ դուք էլ մարզպետարանի ավելորդության հարցում համոզվեցիք։ Այդ դեպքում ինչպես է պատահել, որ Արտաշես Թումանյանը վճռել է պայքարել իր դեմ. «Քանի որ դաշնակցականները որոշել են, որ Վանաձորի 4 պատգամավորներից 3-ն իրենցը պիտի լինի՝ Մարտուն Մաթեւոսյան, Դավիթ Լոքյան, Արտաշես Թումանյան, իսկ «Երկրապահը» մեկ տեղ ունենա, ստեղծվել է այս վիճակը»,- ընտրողների հետ մի հանդիպման ժամանակ հայտարարեց Վիկտոր Դալլաքյանը։ Նույն հանդիպման ժամանակ ասաց նաեւ, որ անլուրջ է վերաբերում «Հայոց աշխարհ» օրաթերթին, որը պատվիրված հոդվածներ է գրում՝ հօգուտ Թումանյանի։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31