Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արարատյան դաշտի երեկոն

Մայիս 26,1999 00:00

Արարատյան դաշտի երեկոն Մայիսի 24-ի ԱԺՄ-ի քարոզարշավն անցավ Արարատյան դաշտավայրով։ Ազգային ժողովրդավարների միությունը քարոզարշավի էր ուղարկել ԱԺ պատգամավոր եւ պատգամավորության թեկնածու Արշակ Սադոյանին։ Երեկոյան «Առավոտը» հնարավորություն ունեցավ մասնակցել նախընտրական հանդիպումներին՝ Կիրովի սովխոզում (Տափերակ), Փոքր Վեդի, Վանաշեն գյուղերում եւ Վեդի քաղաքում։ Բոլոր նշված բնակավայրերում պարոն Սադոյանին բնակչությունն ընդունում էր ինչպես կարելի է ընդունել ժողովրդական տրիբուն Արշակին։ Վերջինս ստիպված էր անընդհատ նշել, որ ինքը կուսակցական է, որ իր բոլոր խելոք մտքերն ու ժողովրդահաճո ելույթները կուսակցական ծանր ու լուրջ քննարկումների արդյունք են։ Բնականաբար, կոչ էր անում քվեարկել ԱԺՄ-ի թիվ 33 ընտրատարածքում իրենց կուսակցության առաջադրած թեկնածու Գոռ Գաբրիելյանի օգտին։ «Հարգելի ընտրող. գիտեմ, որ ինձ հավատում եւ վստահում ես։ Դու պետք է նաեւ օգնես»,- գրել է պարոն Սադոյանը Գոռ Գաբրիելյանի նախընտրական բուկլետում։ Արարատի մարզում հասկանալի պատճառներով առանձնահատուկ վերաբերմունք կա «Միասնություն» դաշինքի հանդեպ։ Այս դաշինքի թեկնածուն Վեդիի գինու գործարանի ղեկավարն է՝ Մանվել Ղազարյանը։ Նրա նախընտրական պլակատը, որ փակցված էր ամենուրեք, համոզում էր, որ սույն պարոնը զինվոր է, գործարար եւ օրենսդիր։ Ժողովուրդը նրան ներկայացնում էր «50-50»-ի Մանվել եւ հակված չէր անկեղծ զրույցի լրագրողի հետ։ Բոլոր գյուղերում հավաքվածների մեջ կային 30-35 տարեկան տղամարդիկ, որոնք իրենց առջեւ անիրագործելի խնդիր էին դրել՝ դժվար հարցերով նեղը գցել Արշակ Սադոյանին։ Նրանց ակնհայտ դուր չէր գալիս համագյուղացիների վերաբերմունքը վերջինիս նկատմամբ։ «Տելեւիզորով, որ տեսնում եմ, ուզում եմ քեզ պաչել»,- ասաց մի գյուղացի, պարզ է, թե՝ ում։ «Փող չունեմ, որ գառ մորթեմ, գնանք հաց ու հորած պանիր ուտենք»,- հրավիրում էր մեկ ուրիշը։ Իսկ ընդհանուր առմամբ ժողովուրդը, կարծես, արդեն կարգին հոգնել է ընտրա-քարոզարշավներից։ Բայց պարոն Սադոյանը առիթը բաց թողնող չէ։ Նաեւ՝ օրիգինալ։ Նա Արարատի մարզի ընտրողներին կոչ էր անում երեւանաբնակ ազգականներին համոզել չքվեարկել Խոսրով Հարությունյանի օգտին։ Վերջինս կասեցրել էր էլեկտրաէներգիայի սակագների իջեցման օրենքը, գրաքննություն է մտցրել «Խորհրդարանական ժամ» հաղորդման մեջ։ ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ Հ. Գ. Հատուկ ՀՀ նախագահի համար։ Վախի մթնոլորտ, այնուամենայնիվ, կա։ Ավելի քիչ, քան 95,96,98-ի ընտրություններում, բայց կա։ Փոքր Վեդի գյուղում ԱԺՄ-ի հանդիպումից 20 րոպե առաջ գյուղապետը գյուղամիջում հավաքվածներին առաջարկել էր գնալ տուն։ Գնացել էին ու չեկան հանդիպմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել