Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բոյկոտողների հայտարարությունը

Մայիս 26,1999 00:00

Բոյկոտողների հայտարարությունը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղիների հարցը պատրվակ դարձրած, անիրականանալի խոստումներ շռայլած եւ կեղծիքներով իշխանությունը զավթած վարչախումբը լծվել է Ազգային ժողովի «ընտրությունների» գործին։ Ներկա ընտրությունները եւ դրանով ձեւավորվող Ազգային ժողովի նոր կազմը անօրինական են ի սկզբանե, քանի որ դրանց հիմքը Սահմանադրության եւ օրենքների կոպիտ խախտումներով անցկացված «Ընտրական օրենսգիրքն» է։ Այդ ապօրինի օրենսգրքում տեղ գտած հակասությունները եւ բացերը կոծկելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ իր հերթին է կատարում բազմաթիվ օրինախախտումներ՝ մասնավորապես յուրացնելով օրենսդիրի լիազորությունները։ Այլ երկրներից ղեկավարվող կամ արհեստածին կուսակցությունների բազմացումը, կեղծված ստորագրահավաքը, ընտրական հանձնաժողովների կազմման իրավունքի աճուրդային սակարկությունները, դրանց անդամների նշանակման առուծախը, իշխանության հավանությունն ստացած անձանց հանձնաժողովների նախագահների պաշտոնում «ընտրելը», ուժային եւ այլ անթույլատրելի եղանակներով պատգամավորության անցանկալի թեկնածուների զտումը, պետական մեքենայի եւ պաշտոնեության անթաքույց օժանդակումը վերեւից որոշված ուժերին վկայում են, որ հետեւողականորեն իրագործվում է կանխորոշված կազմով խորհրդարան ձեւելու վարչախմբի ծրագիրը։ Հատուկ եռանդով են գործում ոստիկանությունը, բանակը եւ մյուս ուժային կառույցները, որոնց օրենսդրությամբ արգելված է զբաղվել քաղաքական եւ կուսակցական գործունեությամբ։ Ծաղկում է էժանագին ամբոխահաճությունը, գրեթե վերացել է պետականության ամրապնդմանը, տնտեսության զարգացմանը, ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանը նպատակամղված քաղաքական գաղափարների եւ ծրագրերի մրցակցությունը, այն նենգափոխվել է նեղ անձնական կամ խմբակային շահերով թելադրված պայքարով։ Քարոզարշավը պարզորոշ կրում է փողի, բռնության եւ կեղծիքի կնիքը. անվերահսկելի ձեւերով եւ չափերով ծախսվում են հսկայական դրամական միջոցներ, արձանագրված են ծեծկռտուքի, փոխադարձ ահաբեկման եւ վարկաբեկման աղաղակող փաստեր, տասնյակ թեկնածուներ մնացել են զբաղեցրած պետական պաշտոններում՝ խախտելով անհամատեղելիության պահանջը, կատարելության է հասցվել ընտրական ստախոսությունը, ազատ կիրառություն են ստացել ընտրական կաշառքները։ Ինչպես եւ սպասելի էր, ընտրությունները վերածվել են խայտառակ ֆարսի։ Այս ամենի մասին հաղորդող ամենօրյա լրատվությունը հիշեցնում է քրեական խրոնիկա, մինչդեռ իրավապահ եւ դատական մարմինները, իրավախախտումների կանխմանն ու վերացմանը ուղղված քայլեր ձեռնարկելու փոխարեն, դարձել են իրական ընդդիմության նկատմամբ իշխանության սանձազերծված քաղաքական հետապնդումների կույր գործիք։ Որպես սկսված անօրինականությունների դեմ վճռական բողոքի նշան, մենք կանխապես որոշեցինք բոյկոտել մայիսի 30-ի «ընտրություններ» կոչվող միջոցառումը։ Մենք շարունակում ենք հրապարակային քաղաքական պայքարը՝ հանուն սահմանադրական կարգի, իրավական եւ ժողովրդավարական պետության սկզբունքների վերահաստատման ու ամրապնդման։ Աբգարյան Երջանիկ, Արարքցյան Բաբկեն, Արզումանյան Ալեքսանդր, Գրիգորյան Ավետ, ԳեւորգյաՆ Սամվել, Դուրգարյան Հովհաննես, Լազարյան Տեր Հուսիկ, Խաչատրյան Վահագն, Խաչատրյան Վիգեն, Հարոյան Վաչագան, Հովհաննիսյան Սեդրակ, Մնացականյան Ռոբերտ, Շահբազյան Յուրի, Շահնազարյան Դավիթ, Պետրոսյան Շահեն, Ռուբինյան Կարապետ, Սահակյան Արա, Սարգսյան Աշոտ 25.05.99 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել