Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏԱՐԱ՛Ն, ՏԱՐԱ՛Ն, ՏԱՐԱ՜Ն

Մայիս 26,1999 00:00

ՏԱՐԱ՛Ն, ՏԱՐԱ՛Ն, ՏԱՐԱ՜Ն Ավելի ստույգ՝ ՀՀ նախագահի նստավայրում ստորագրվեց Պեռնո Ռիկարի կողմից «Երեւանի կոնյակի գործարանի» գնման վերաբերյալ վերջնական (այսպես կոչված՝ closing) համաձայնությունը։ Սույն փաստը «թրջվեց» կոնյակի գործարանում։ Իսկ եթե ավելի ստույգ՝ համաձայնության ստորագրումը, ըստ Պավել Ղալթախչյանի, տեխնիկական պատճառներով պետք է լիներ օրվա երկրորդ կեսին, իսկ առաջին կեսին արդեն տոնվում էր։ Բոլոր հրավիրվածներին եւ լրագրողներին դեռեւս ծալքերը չհարթված՝ գործարանի խորհրդանիշներով «մայկաներ» հագած գործարանի աշխատակիցները բակում արեւի տակ «տժժալը» փոխհատուցում էին սկզբում ոգելից խմիչքներով, այնուհետեւ՝ զովացնող։ Բակը զարդարված էր տոնականորեն՝ ծաղիկներով ու փուչիկներով։ Հեռվից էլ ամեն ինչ տոնական էր թվում, հատկապես բազմահարկ, հսկայական տորթը։ Իսկ մարդկանց տրամադրությունն առավել քան սովորական էր։ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդվարդ Սանդոյանն էլ եկել էր «կոնյակից հոտ քաշելու»։ Բացի այդ, պրն Սանդոյանը հայտնեց, որ այս համաձայնության առթիվ երեկ կառավարության հատուկ նիստ է հրավիրվել, իսկ ժամը 14.00-ի դրությամբ բանակցությունները ֆրանսիական կողմի հետ դեռ շարունակվում էին։ Պատճառը Պեռնո Ռիկար խմբի գլխավոր տնօրեն Թիերի Ժակիյայի՝ միայն երեկ Երեւան ժամանելն էր։ Լրագրողներին բաժանված մամլո հաղորդագրության մեջ նշված էր, որ գործարքի վերջնական կնքումը 1998 թ. դեկտեմբերի 31-ից մինչեւ 1999-ի հունիսի 30-ը հետաձգելու պատճառը «Ռուսաստանում ֆինանսական ճգնաժամը եւ ձեռնարկության զարգացման վարչական անորոշություններն» են։ Պրն Սանդոյանը իբրեւ «այս փուլում ձեռնարկության հիմնական խնդիր» նշեց Ռուսաստանի շուկայում տիրող անորոշությունը։ Իսկ այն հարցին, թե վերջնական համաձայնության ժամանակ պայմաններ փոխվել են, թե ոչ, պրն Սանդոյանը պատասխանեց, որ այդ մասին կարող են ասել համաձայնությունը ստորագրողները. – Ես չեմ ստորագրում, ես խմող եմ։ Հետո, իհարկե, ճշտեցինք, որ «խմող» էլ չէ, ընդամենը «հոտ է քաշում»։ ՀՀ գյուղատնտեսության նախարար Վլադիմիր Մովսիսյանն ասաց, որ ըստ պայմանագրի, սպիրտների քանակը չի պակասելու, արտադրանքն իրացվելու է շշալցմամբ, ֆրանսիական խումբը սպիրտ արտահանելու իրավունք չունի, աշխատելու է միայն տեղական հումքի բազայի վրա, այսինքն՝ գյուղնախարարին վերաբերող հատվածով պայմանագիրը փոփոխություններ չի կրել։ Ստորագրողներից մեկը՝ ՀՀ սեփականաշնորհման նախարար Պավել Ղալթախչյանը, հայտնեց, որ նախկին պայմանագրով նախատեսված 28 մլն-ից ֆրանսիական կողմը կվճարի՝ 25-ը՝ ստորագրման պահին, 3-ը՝ վեց ամսվա ընթացքում։ Իսկ Էդվարդ Սանդոյանը գործարանի խորհրդանշական բանալին հանձնեց «Երեւանի կոնյակի գործարան» ընկերության նախագահ-գլխավոր տնօրեն Պիեռ Լառեչին։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել