Գարունը տարօրինակորեն համընկավ ընտրարշավի հետ։ Համընկավ ու հեչ չսիրեց միտինգավորներին։ Երեկ էլ անձրեւ անելով էր ԱԺՄ-ին բացատրում, որ գարնանը լրիվ ուրիշ գործով է պետք զբաղվել։ Երեկ օպերայի հրապարակում մի քանի հազար միտինգավորների առաջ ելույթ ունեցան ԱԺՄ լիդերները։ Համակիրներ էին ժամանել Չարենցավանից, Էջմիածնից։ Ավտոբուսների ապակիներին ԱԺՄ-ական նախընտրական պլակատներն էին։ Հանրահավաքը անակնկալ ընդհատված ելույթով սկսեց Շավարշ Քոչարյանը։
Մի պահ հետո անձրեւ սկսվեց, ու հենց այդ պահին Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ ձայնը տրվում է Սեյրան Ավագյանին։ Վերջինս հրաժարվելով անձրեւանոցից խրոխտ շարունակեց իր ելույթը մինչեւ անձրեւի ավարտը (հլը մի վախտ էլ ավել)։ Նա մանրամասն քննադատեց շատ կուսակցությունների։ Տվեց նախընտրական տեսահոլովակների գեղարվեստական գնահատականը. «Ցույց են տալիս Սասունցի Դավթի հոյակապ արձանը, դետալ առ դետալ։ Մեկ էլ ձիու հետեւից դուրս է գալիս ինչ-որ մեկի գլուխը ու սկսում է բացատրել, որ ինքը լավ դեպուտատության թեկնածու է»։ Հետո Ֆիլարետ Բերիկյանը հայտարարեց. «Մեր գործն է ճիշտ», որը կարելի էր ընկալել որպես «մեր գործն արդար է, հաղթանակը մերը կլինի» պատմական արտահայտության խմբագրված տարբերակ։
Հենց նա ավարտեց իր խոսքը, Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ Հայաստանում մի ընտրատարածք կա, որին բոլորը նախանձում են։ Ժողովուրդը միանգամից հասկացավ՝ ձայնը տրվում է Արշակ Սադոյանին, ու ծափահարեց։ Սադոյանը քննադատեց հին ու նոր թալանչի կառավարողներին եւ ասաց, որ ոչ մի պաշտոնով ԱԺՄ ոչ մի անդամ չի հրապուրվի եւ չի համագործակցի թալանչիների հետ։ Հարթակում չէր Դավիթ Վարդանյանը եւ, բնականաբար, ելույթ չունեցավ։ Ուստի նրան մոռանալու բոլոր օբյեկտիվ հիմքերն առկա էին։ Պրն Սադոյանը տվեց նաեւ նախկին ապազգային նոմենկլատուրայի գնահատականը, նշելով. «Տեսեք ուր են նախկին առաջին քարտուղարները։ Առաջին քարտուղար մեկ՝ Կարեն Դեմիրճյանը գիտենք ում հետ է միավորվել։ Առաջին քարտուղար երկու՝ Սուրեն Հարությունյանը Ռոբերտի դեսպանն է ինչ-որ տեղ։ Առաջին քարտուղար երեք՝ Վլադիմիր Մովսիսյանը գյուղնախարար է»։
Եզրափակիչ ելույթը բնականաբար Վազգեն Մանուկյանինն էր։ Նա վստահ է, որ «ամբողջ աշխարհում, եթե իշխանություններից դժգոհ են, ձայնը տալիս են ընդդիմությանը»։ «95 թ. ընտրություններում շատ պարզ էր՝ ով էր իշխանություն, ով էր ընդդիմություն։ Նոր իշխանությունները շատ ավելի խորամանկ են։ Շատ ավելի խառնաշփոթ ստեղծեցին, եւ չես կարողանում հասկանալ՝ ո՞վ է իշխանություն, ո՞վ է ընդդիմություն։ Ամբողջ բարդությունն այս տարվա դա է։ 21 կուսակցություն, ամեն գայլ գառի մորթի հագել է, մտել է գառների մեջ»։
Կարդացեք նաև
Հենց այդ պահին կողքից մեկը իր ընկերոջը հարցրեց. «Ամբողջ աշխարհում տեսնես կա՞ մի այլ երկիր, որի նախագահի վերստուգիչ ծառայության ղեկավարն ընդդիմությունից լինի»։ Մնացյալն իսկապես լռություն է։ Չարժե գրել Վարուժան Կարապետյանի հոր հետ կապված տհաճ միջադեպի մասին։
ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ