Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորին հոգնեցրած բաներ են սրանք»

Մայիս 26,1999 00:00
Vahan Hovhannisyan

Զարմանալիորեն ըմբռնում ցուցաբերելով բազմատանջ ընտրողներիս հանդեպ՝ իր իսկ ասածներն այսպես արժեզրկեց ընտրվող Վահան Հովհաննիսյանը։ Բայց իր գովելի ինքնաքննադատությունն էլ շատ շուտ արժեզրկեց՝ ՀՊՃՀ-ի ուսանողների ու դասախոսների հետ հանդիպմանը լիքը «հոգնեցրած բաներ» ասելով։

Ի փառս երեկվա լսարանի՝ արձանագրենք, որ ՀՅԴ-ի Հայաստանի ԳՄ-ի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանին ու փոխներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին բավականին համբերատար լսեցին, ու հարցերն էլ քչություն չէին անում։ Նույնքան լավատեսական կարծիք չունենալով մեր ընթերցողների համբերատարության մասին՝ բանախոսների խոսքից, առանց այն արժեզրկելու դույզն-ինչ միտումի, միայն մի քանի մտքեր կմեջբերենք։

ԱԺ-ի ապագա պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, ՀՅԴ-ի ու սեփական գերարժեքության բարդույթով տարված, հայտարարեց, որ ներկայիս ԱԺ-ի պատգամավորների կեսը «քրեական հանցագործությունների մեջ կարող են մեղավոր ճանաչվել՝ ցանկացած անաչառ դատարանի կողմից»։

Իսկ դաշնակցության համամասնական ցուցակում «ով ասես՝ կա, բայց կաշառակեր չկա ոչ մի հատ (…), ոչ մի դաշնակցական թեկնածուի անցյալում բյուջեից գողանալ չի եղել»։

Արմեն Ռուստամյանը Հրանտ Բագրատյանի առնչությամբ մի այսպիսի հայտնագործություն արեց. «Շատ լավ զարգացած, արհեստավարժ մարդ էր, լավ էլ մեխանիզմներ էր առաջարկում, բայց էդ ծայրահեղ լիբերալիստական գիծը, որ տանում էր, դրանով մենք գնում էինք անդունդը»։ Սա ի պատասխան այն մեղադրանքի էր, թե ՀՅԴ ծրագիրը ուղին ցույց է տալիս, բայց մեխանիզմները՝ թաքցնում։ Այս առնչությամբ Վահան Հովհաննիսյանն էլ էլի ԱԺ-ից օրինակ բերեց. «Մեխանիզմը հենց նույն ԱԺ-ն է, բայց պրոբլեմն այն է, թե այն ում ձեռքում է։ Ֆրակցիայից ֆրակցիա նախիրով կարող են վազել առաջ ու հետ։ Արդեն էդ մեխանիզմը չի աշխատի (…) Դրանք (պատգամավորները- Ն. Հ.) ոչ հայացք ունեն, ոչ խիղճ»։ Ու անտեղյակներիս մանրամասն բացատրեց, թե ինչպես է այդ ԱԺ-ն իշխանության ձեռքում դառնում՝ «երբ պետք է՝ մտրակ, երբ պետք է՝ փալաս»։ Փրկարար ելքը մեկն է՝ «որքան շատ դաշնակցական լինի խորհրդարանում, եւ ընդհանրապես՝ ազնիվ մարդ որքան շատ լինի», այնքան լավ կլինի։

Իսկ արտասահմանցի գործարարները, Վահան Հովհաննիսյանի գիտակ վկայությամբ, վախենում են միայն մեր հարկային տեսչությունից, որ Հայաստան չեն գալիս։ Ու ձախողված գործարարները Հայաստանից փախչում են, որովհետեւ «հարկայինը տվել է գլխին, մյուս օրը հրշեջը եկել խփել է գլխին, հետո եկել է սանէպիդկայանը, վերջին կաշին քերթել է, ու մարդը վերջին կոպեկներով փախել է Ռուսաստան, խորովածանոց է բացել։ Էդ խորովածանոցի փողը պիտի վերադարձնենք Հայաստան»։ Հետո մի բացահայտում արեց. «Բյուրոյի պարտադրանքով դաշնակցականները բերել այստեղ գործ են դրել ու անպայման՝ ձախողել»։ Հիմնավորելու համար իր ավագ ընկերոջ պնդումներն առ այն, թե ի՜նչ վատ է Հայաստանում, Արմեն Ռուստամյանն էլ սոցիալական թեմայով սրտաճմլիկ պատմություններ արեց։ Բանակի վիճակն էլ վիճակ չէ։ Վահան Հովհաննիսյանի որակմամբ՝ «ավգյան ախոռ»։

Վազգեն Սարգսյանի «բախչեն քար գցելով», այսինքն՝ համարյա թե հակաքարոզչություն անելով, Վահան Հովհաննիսյանը բանակում տիրող վիճակը մի լավ քննադատեց ու անգամ պնդեց, որ մեր բանակը «բանտի պես մի տեղ է դարձել», ուր գողական օրենքներն են գործում։ Ինքը հո լավ գիտի այդ օրենքները, ինքը հո նստել է, չէ՞. «Մենք էդ օրենքներով ապրել ենք, գիտենք, բայց դրանց տեղը բանտում է»։ Իրենք «գողականների ականջից բռնած դուրս կշպրտեն բանակից, բայց ոչ թե դեպի ազատություն, այլ՝ ուրիշ տեղ»։ Բայց ո՞ւր՝ չբացահայտեց։ Կոնյակն էլ բան պետք չի. «Շատերն ասում են՝ ազգային արժեք է, հիմարություն է»։ Մի խոսքով, ժողովուրդ ջան, օրներս օր չի լինի, մինչեւ դաշնակցությանը չընտրենք, բայց թե դրանից հետո՛ ինչ կլինի…

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31