Լրահոս
Օրվա լրահոսը

Աղասու արիան՝ քյարփինջ օպերայից

Մայիս 26,1999 00:00
agasi arshakyan

Ընտրարշավի վերջին օրերն են, պատգամավորության բազմաթիվ թեկնածուներ միայն իրենց մրցակիցներից են դժգոհ։

Իրենք սուրբ են, գրեթե Մարիամ Աստվածածին (մեղա-մեղա), իսկ մրցակիցները պարզապես նողկալի են, ստոր, «յախկ»։ Ու որքան գլուխգովանության օրերի վերջը գալիս է, այնքան թեկնածուներն ավելի «հունարով» են դառնում եւ ճարը կորցրած ձեռքի տակ ընկած աղյուսն ու բետոնն են օգտագործում։

Այս միջոցները ուզեց օգտագործել նաեւ Աղասի Արշակյանը, որը մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու է առաջադրված Երեւանի թիվ 2 ընտրատարածքում։ Երեկ նա հարայ-հրոցը գցել էր՝ թե եկեք, լսեք, գնացեք գրեք, որ գիշերը անհայտ անձինք գլխիս աղյուս ու բետոնի կտորներ էին թափում։ Եթե հավատանք, որ բետոնի կտորները ներքեւ են թափվել բարձրահարկ շենքի մոտավորապես ութերորդ հարկից, ապա, Աղասի Արշակյանի մեքենայի վրա (հետո պարզվեց, որ մեքենան ոչ թե նրանն է, այլ Վահագն Եդիգարյանինը) ոչ ամբողջական ապակի պետք է լիներ, ոչ էլ ուղիղ տեղ։ Բայց մեքենան, որը ասուլիսի վերջում զննեցինք մի քանի լրագրողներով, «ողջ-առողջ էր», պարզապես համապատասխան տեղում մի փոքրիկ փոսիկ ուներ։

Աղասի Արշակյանը սիրում է կրկնել եւ երեկ էլ կրկնում էր, թե լրագրողները լուն ուղտ շինելու «խասյաթ» ունեն։ Երբ մի մարդ, որը իրեն քաղաքական գործիչ է համարում, իր փեշակն ուրիշին է վերագրում, ոչինչ չի մնում անել, քան «ըմբռնումով վերաբերվել»։

Ակնհայտորեն Ա. Արշակյանը ՀՀՇ-ի բոստանն էր քար գցում, երբ ասում էր, թե իր գլխին քար գցելու փորձ է արվել։ «Լիլիթ» TV-ով ելույթ ունենալուց հետո, երբ պարոն Արշակյանն իր անունից եւ «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի անունից իր քարոզարշավով հանդես գալուն զուգահեռ ձեռքի հետ «սուր քննադատությամբ է հանդես եկել», իր կարծիքով՝ «միանգամայն արդարացի» (դե, իհարկե, ասողն ինքն է, եւ ոչ թե իրեն են ասում- Մ. Ե.)։ Հավանաբար այնքան էլ «արդարացի» չի եղել «Լիլիթ» TV-ի արշակյանական ելույթը, քանի որ ինչ-որ մեկի մեջ բուռն ցանկություն է ծնել (եթե ծնել է) մի կոշտ բանով հարվածել այն չորսակնանուն (մեքենային), որը թեկնածուին բերել էր TV, եւ այն թեկնածուին, որն «այնքան սուրբ է»։ Ա. Արշակյանի ասելով «դաշինքի մեքենայի վրա աղյուսի եւ չորացած բետոնի կտորներով հարվածել էին եւ մեքենային վնաս էին պատճառել»։ Քարերի տարափի մասին հեքիաթը շարունակելով ասվեց. «Երբ մենք հեռանում էինք այդտեղից, վերեւից մի հսկա կտոր նույնպես մեր ուղղությամբ նետվեց, բարեբախտաբար, մեր վրա չընկավ էդ մեծ բետոնի կտորը»։

Մանկական գրողներից մեկը մի սիրուն հեքիաթ էր հորինել գլուխգովան մի մկնիկի մասին, որը լեղապատառ վազում է եւ աշխարհն իրար խառնած գոռում. «Փախեք, փրկվեք, երկինքը փուլ է եկել, իմ աչքով տեսա, ականջով լսեցի, մի մեծ կտոր էլ իմ պոչին ընկավ»։ Ծանոթ-բարեկամները զարմացած նայում են՝ երկինքն իր տեղում էր, մկնիկի պոչն անվնաս։ Բա՜…

Այս պարագայում «ի՞նչ պետք է աներ օրենքի օրինականության համար պայքարող Աղասի Արշակյանը, բնականաբար, պետք է դիմեր ոստիկանատուն»։ Մեռնեմ օրենքին, բա՜…։ Այնուհետեւ՝ տես Աղասի Արշակյանի շնորհակալությունների շարքը Մաշտոցի ՆԳ բաժնի աշխատակիցներին։ Իսկը՝ օրինաց երկիր։ Ի՞նչ է, խելք չունե՞նք, թե՞ կրթություն։ Բայց այս բոլորը՝ հեչ. «իմ ձեզ հետ հանդիպման գլխավոր նպատակը ոչ թե ուրիշի մեքենային պատճառած վնասի կամ մեկ այլ խնդիր է, այլ խնդիր է, որ մենք ձեր միջոցով հասարակությանը կամ մեկ ուրիշին, ընտրողներին, բացատրենք, որ դա պայքարի ճիշտ ձեւ չէ»։ Իսկապես, պարոն Արշակյան, սա պայքարի ճիշտ ձեւ չէ։ Մեքենային ենք նայում, գրեթե «как огурчик», ձեր պատմածն ենք լսում, գրեթե «торнадо»։ Բա, եղա՞վ։ Հետո էլ լրագրողներից եք դժգոհ։ Աղասի Արշակյանը «շատ» է ուզում «հաղթել» եւ դա չի թաքցնում։ Իսկ ուզում է հաղթել, որովհետեւ «կիսատ գործեր» ունի, միավորվել է իր նման «մի շարք կարգին մարդկանց հետ»։ Ինքը փռելու ասֆալտ չունի, փող չունի, աղբահավաքությամբ չի զբաղվում, բայց ունի «անբիծ» կենսագրություն. ուզում է ցույց տալ՝ ով-ով է։ Ավելորդ է ասել, որ թիվ 2 ընտրատարածքի բոլոր ինը թեկնածուները Աղասի Արշակյանի ճկույթը չարժեն. «Նրանք բոլորը ինձ զիջում են»։ Ներկայացրինք Արշակյանի արիան՝ նախընտրական թատերաբեմից։ Շարունակությունը՝ ըստ ճաշակի։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Հ. Գ. Արեւմուտքի հետախուզության կողմից առատորեն վարձատրվող լրագրող։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31