Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԻՏԱԿ ՆԵԳՐ

Մայիս 26,1999 00:00
Vazgen sargsyan

Դուրեկան է այդ հեռանկարը, թե ոչ՝ այնուամենայնիվ բոլոր ծրագրերից ամենակարեւորը «Միասնությանն» է, քանզի թերեւս հիմնականում այս դաշինքի հետ խորհրդակցելով է նախագահը պատրաստվում ձեւավորել ապագա կառավարությունը։ Այս առումով առավել տարօրինակ էր այն հայտնագործությունը, որ «Միասնությունն», ըստ էության, նախընտրական ծրագիր չունի։

Ապրիլի 28-ին «Ժամանակ» օրաթերթը հրապարակեց դաշինքի «նախընտրական ծրագրի հիմնադրույթներ» կոչվող մի փաստաթուղթ։ «Միասնության» նախընտրական շտաբին դիմեցինք՝ խնդրելով տրամադրել իրենց ամբողջական ծրագիրը, բայց դարձյալ միայն հիմնադրույթները պարունակող մի փաթեթ ստացանք։ Ինչեւէ, ընդունենք, թե այս հիմնադրույթներն էլ հենց «Միասնության» ամբողջական ծրագիրն են։

Միանգամից նշենք, թե նույն հաջողությամբ նրանք կարող էին փորձել նաեւ սպիտակ նեգրեր ձեւավորել, ինչպես խոստացել են, թե «սոցիալական ուղղվածություն ունեցող ազատական-շուկայական տնտեսություն» են ձեւավորելու։ Եվս մի մեջբերում. «Պետք է բարձրացվի պետության կարգավորիչ դերը շուկայական տնտեսական հարաբերություններին անցնելու գործում»։ Տնտեսագետներն ուղղակի իսպառ բացառում են սոցիալական կողմնորոշման կամ պետության կարգավորիչ դերի համադրումն ազատ շուկայական հարաբերությունների հետ։

Գուցե «Միասնությանը» ոգեւորել է սեփական փո՞րձը. եթե հնարավոր եղավ միացնել խորհրդային կարգերի նկատմամբ այլախոհի կուսակցությունը նախկին խորհրդային ղեկավարի հետ՝ ինչո՞ւ չշարունակեն փորձել համատեղել անհամատեղելին ու ծրագրեն ե՛ւ «Արցախի հիմնահարցի արդարացի լուծման անհրաժեշտ նախադրյալներ ստեղծել», ե՛ւ արցախյան հիմնահարցը խաղաղ կարգավորել։ Շատ կուզեինք այս հարցում սխալված լինել, որ հայերիս պատկերացմամբ «արդարացի լուծումը» եւ «պատերազմական գործողությունների բացառումը» նույնպես անհամատեղելի չեն։

«Միասնության» ծրագրի մի ստվար մաս էլ զուտ տարակուսանքի տեղիք է տալիս։ Մեկ տարուց ավելի այս ԱԺ-ում մեծամասնությունը պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի ենթակայության ներքո էր։ Եվ պիտի հիշողությունիցդ ջնջես, ասենք, որ նաեւ «Երկրապահ» խմբի ջանքերով տապալվեց էլեկտրաէներգիայի սակագների սառեցման մասին օրինագիծը եւ ոգեւորվես, որ «Միասնության» ցուցակում հայտնվելով՝ նույն խմբի կորիզն այժմ «էլեկտրաէներգիայի եւ մյուս կոմունալ ծառայությունների վարձաչափերը համապատասխանեցնելու է բնակչության նվազագույն կենսամակարդակին»։

Եվ էլի ինչե՜ր ասես, որ չեն անելու… իրենց իսկ նախկինում չարածներից։ Մեջբերենք միայն թերեւս ամենակարեւորը. «աշխատունակ բնակչության զբաղվածության ապահովման, նրա եկամուտների շոշափելի բարձրացման ուղղությամբ դաշինքը հանդես կգա մի շարք օրենսդրական նախաձեռնություններով»։

«Միասնության» ծրագիրն ընթերցելիս չէր լքում այն գիտակցությունը, թե այս ամենն ինչ-որ տեղ արդեն լսել եմ, ճիշտ է՝ այլ ձեւակերպմամբ։ Եվ վերջապես մտաբերեցի՝ ուղիղ մեկ տարի առաջ, մայիսի 12-ին Արմեն Դարբինյանը խորհրդարանում ներկայացրեց իր կառավարության գործունեության ծրագիրը։ Այստեղ, ասենք, ազդարարվում էր. «Մենք թույլ չենք տալու պետական աստիճանավորության սանդղակի տարբեր հորիզոնականներում գտնվող «չինովնիկներին» իրենց կամայական վերաբերմունքով ու մանր, ճղճիմ շահերով խաթարել պետության կողմից լրջորեն հովանավորվող գործարարության զարգացումը»։ Մեկ տարի անց, այս կառավարությանը խստորեն քննադատող «Միասնությունն» իր ծրագրում ամրագրեց, թե յուրաքանչյուր գործարար պետք է «հուսալիորեն պաշտպանված լինի իշխանությունների կամայականություններից, բյուրոկրատական խոչընդոտներից, կլանային եւ այլ ոտնձգություններից»։ Ներկա կառավարության եւ «Միասնության» ծրագրերը հատվել են նաեւ սեփականացված, բայց չաշխատող ձեռնարկությունների նկատմամբ հարկային ներազդեցության միջոցներ կիրառելու եւ այլ բազմաթիվ կետերում։

Կրկնության պատճառը թերեւս միայն այն չէ, որ անցած մեկ տարում կառավարությունն իր այս դրույթների կատարման համար, մեղմ ասած, շատ քիչ բան արեց, եւ մատնանշված հիմնահարցերը մնացել են։ Նմանության արմատն այլ է։ Կառավարության ծրագիրն իր այս դրույթներն իրականացնելու համար հստակ մեխանիզմների բացակայության պատճառով արժանացավ «բարի ցանկությունների հավաքածու» բնորոշմանը։ Այն խի՜ստ սազական է նաեւ «Միասնության» ծրագրին, բայց մի փոքրիկ հավելմամբ՝ «բարի եւ հաստատ անիրագործելի ցանկությունների հավաքածու», քանզի սպիտակ նեգրեր այնուամենայնիվ չեն լինում։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31