Այս նախընտրական օրերին ՀՅԴ-ի թիկունքին կանգնելու եղբայրական ազնիվ ցանկությամբ երեւի՝ Հայաստան է ժամանել Հունաստանի եւ Կիպրոսի խորհրդարանների պատգամավորների փոքրիկ պատվիրակությունը։ Վերջիններս տեղի սոցիալիստական կուսակցությունների անդամ են եւ Հայաստան են եկել իրենց «քույր» կուսակցության, Սոցինտերնի անդամ ՀՅԴ-ի հրավերով։ Հայ եւ հույն ժողովուրդների բարեկամության ավանդույթները դրական հետք են թողել նաեւ կուսակցական այս համագործակցության վրա։ Ու չնայած խոստացվածից կես ժամ ուշացումով, բայց հյուրերի առաջին հանդիպումը հենց կուսակից եղբայրների հետ էր՝ ՀՅԴ-ի Հայաստանի ԳՄ-ի նստավայրում։
Նախատեսվում են հանդիպումներ նաեւ ՀՀ արտաքին գործերի, մշակույթի եւ կրթության նախարարների, ինչպես նաեւ՝ ՀՀ ԱԺ-ի փոխնախագահ Ալբերտ Բազեյանի հետ։ Փոխադարձ հավաստիացումների համաձայն՝ ՀՅԴ-ի եւ հյուրերի միջեւ քննարկվելու են ներկուսակցական հարցեր, իսկ թե ՀՅԴ-ին «զորակցելու» հյուրերի պատրաստակամությունը կխախտի՞ ընտրական օրենսգրքով նախատեսված սահմանները, ցույց կտան առաջիկա օրերը։
Համենայնդեպս, այցի ծրագրով ի թիվս պաշտոնական ու հաճելի (ճաշկերույթներ, այցեր տեսարժան վայրեր) միջոցառումների, նաեւ նախատեսվում է հյուրերի մասնակցությունը ՀՅԴ-ի այսօրվա հանրահավաք-համերգին։ Իսկ այցի արդյունքների մասին մանրամասներ իմանալու հնարավորություն թերեւս ընձեռվի հաջորդ օրը՝ մայիսի 27-ին նախատեսվող մամուլի ասուլիսում։
Ն. Հ.
Կարդացեք նաև
ՀԵՐԹԱԿԱՆ ԱՍՈՒԼԻՍ
Մայիսի 25-ի Արմենպրեսի մամուլի սրահի հյուրն էր «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը: Հանդիպման հենց սկզբում պրն Բագրատյանը խոսքը տվեց լրագրողներին, քանի որ կրկնությունը գիտության մայր չի համարում, իսկ իր նախընտրական ծրագիրն արդեն բազմիցս ներկայացնելու առիթ է ունեցել:
Լրագրողների հարցերին պատասխանելով՝ պրն Բագրատյանը նշեց, որ իր վարչապետության օրոք բարձրացել է բնակչության իրական կենսամակարդակը, արձանագրվել է ՀՆԱ-ի աճ, ինչը կարող է ապացուցել նաեւ պաշտոնական վիճակագրությունը: Այլ կուսակցությունների ծրագրերի ուղղվածության մասին պրն Բագրատյանը սովորաբար նախընտրում է լռել, սակայն այս անգամ ասաց, որ, օրինակ, «Միասնություն» դաշինքի ծրագիրը ծրագիր չէ, այլ միջոցառումների շարան, որը վերջիններս ոչ ուշ, քան առաջիկա աշնանը ստիպված կլինեն վերածել իսկական ծրագրի, այլապես դրանով զարգացում հնարավոր չէ ապահովել: Իրենից բացի, վարչապետ պաշտոնավարած գործիչների մասին պրն Բագրատյանն ասաց, որ առաջին 3-ի թե գործողությունները եւ թե սխալները պայմանավորված են եղել ժամանակի օբյեկտիվ պահանջներով: Իսկ ներկայիս վարչապետի գործունեության վերաբերյալ, պրն Բագրատյանն այն կարծիքին է, որ եթե վերջինս մի փոքր ավելի ինքնուրույնություն ունենար, կարող էր մեր պատմության մեջ մնալ որպես ժողովրդի կենսամակարդակը առավելագույնը բարձրացրած վարչապետ: Հ.Բագրատյանի հաշվարկներով, նա արդեն իսկ պետք է ՀՆԱ-ի 10-12% աճ ապահոված լիներ, եւ սա կլիներ այն շրջանը, երբ ժողովուրդը լիովին կզգար ռեֆորմների արդյունքները:
ԱՐՄԵՆՊՐԵՍ