Ընտրությունների նախաշեմին Երեւանի թիվ 3 ընտրատարածքում ՆԳ եւ ԱԱ նախարարությունը անց է կացրել սոցիոլոգիական հարցում, ըստ որի 5000 հարցվողներից 4999-ը ինքնախոստովանական ցուցմունքներ են տվել, թե պատրաստվում են իրենց ձայնը տալ Լյովիկ Եզեկյանին։ Հարցվողներից մեկը անվավեր է ճանաչվել։
ԴԵՊԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ
«Միասնություն» դաշինքի համանախագահ Վազգեն Սարգսյանն այցելել է Դավիթաշեն համայնք։ Ընտրողների հետ հանդիպման ժամանակ պաշտպանության նախարարը «հրամայել է» գնալ եւ ընտրել Ծաղիկ Ռուբոյին, Դավիթաշենի նախկին համայնքապետին։ Մասնավորապես ասվել է, որ նախորդ ընտրություններում «խեղճ» Ռուբոյին չթողեցին անցնել։ Այս ընտրություններում պետք է մեղքերը քավել եւ Ռուբեն Գեւորգյանին հասցնել խորհրդարան։
Կարդացեք նաև
ՕՀԱՆ ԲԱԼՅԱՆԸ ԿԱՇԽԱՏԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Հայաստան է ժամանել եւ ԱՄՆ դեսպանատան լրատվական ծառայությունում (USIS-ի երեւանյան գրասենյակում) է շարունակելու աշխատել մեր հայրենակից լրագրող Օհան Բալյանը։ Հիշեցնենք, որ նա բազմաթիվ դասախոսություններ է կարդացել հայաստանցի լրագրողների համար եւ մեծ հեղինակություն է վայելում «Ամերիկայի ձայն»-ում։
ՆԵՐԴԱՇԻՆՔԱՅԻՆ ՑՈՒՑՈՒՄ
Մայիսի 19-ին ՀՀ ԳԱԱ-ի նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Միասնություն» դաշինքի աշխատանքային նիստ։ Ելույթ է ունեցել Վազգեն Սարգսյանը։ Ելույթ չի ունեցել Կարեն Դեմիրճյանը։ Վազգեն Սարգսյանն ասել է, որ թող «Միասնության» ծրագիրը պաշտպանող թեկնածուները միմյանց հետ պայմանավորվեն, թե ով է տվյալ ընտրատարածքում շարունակելու մրցարշավը։