Երիտասարդական կուսակցությունը երեկ Ժուռնալիստի տանը մամլո ասուլիս էր հրավիրել։ «Այս անգամ ընտրարշավը ավելի լավ է ու կոռեկտ է»,- ասուլիսը սկսեց իրենց ձախակողմյան համարող Երիտասարդական կուսակցության նախագահ Սարգիս Ասատրյանը։ Պրն Ասատրյանն իր վերաբերմունքը հայտնեց ԶԼՄ-ների նկատմամբ. «Այն հեռուստաընկերություններն ու թերթերը, որոնք չեն ներկայացնում որեւիցե քաղաքական ուժ՝ անաչառ ու օբյեկտիվ են, իսկ մնացածները…»։ Այն հարցին, թե ինչո՞ւ իրենք չունեն գովազդային հոլովակ, պատասխանեցին, որ դրա կարիքը չունեն, քանի որ բնակչության 70%-ից ավելին ճանաչում է իրենց ու «հավանաբար իրենց ձայնը Երիտասարդական կուսակցությանը կտան»։ Պրն Ասատրյանը հարկ համարեց նշել, որ «Կան մի շարք սոցիոլոգիական կենտրոններ, որոնք չեն հրապարակում տվյալները… այնտեղ մենք մինչեւ 9% վարկանիշ ունենք»։ Երբ հարցրինք, թե ինչո՞ւ չեն հրապարակում, պարզվեց, որ դրա համար 7 հազար դոլար է անհրաժեշտ. «ճշմարտության համար պետք է գումար վճարենք»։
Պրն Ասատրյանը շեշտեց, որ իրենց կուսակցության կողմից առաջադրված թեկնածուները շատ խելացի, գործունյա ու պարկեշտ անձնավորություններ են, ի տարբերություն ալյուր բաժանողների, որոնց համար վերը նշվածը կարելի է օգտագործել միայն չակերտավոր ձեւով։ Թե կոնկրետ ո՞ւմ նկատի ուներ, ասաց՝ «ընտրություններից հետո կասեմ»։
Պրն Ասատրյանը նշեց. «Եթե երիտասարդական կուսակցությունը չհավաքի անհրաժեշտ քանակի ձայն, մենք շատ հանգիստ կընդունենք, մտածելով երկու բան՝ կամ ինչ-որ բան լիակատար չէ եւ հաջորդ 4 տարվա ընթացքում կլրացնենք բացթողումները, կամ էլ բոլորիս հայտնի ձեւով մի քանի տոկոս մեզանից կխլեն եւ ուրիշներին կտան»։ Կուսակցությունը նպատակ ունի կառուցել երիտասարդական քաղաք՝ միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ, եւ այդ նախագծի շնորհիվ 20-30 հազար մարդ կունենա բնակարան ու աշխատանք։ Պրն Ասատրյանը հերքեց այն լուրը, թե իրենց իբր ֆինանսավորում է Սեդրակ Սեդրակյանը. «Ո՛չ Սեդրակյանը, ո՛չ էլ որեւէ մեկը մեզ չի ֆինանսավորում»։ Իսկ թե որտեղի՞ց են գումարներ հայթայթում բուկլետների, պաստառների եւ այլ ծախսերի համար, պատասխանեց. «Մեզ օգնում են, նվիրատվություններ են անում… ամեն ինչ անվճար է»։ Հետո հավելեց, որ «հետաքրքիր է, որ այդ մարդիկ չեն էլ հերքում, որ մեզ չեն հովանավորում… երեւի դուրները գալիս է, որ իրենց անունները շփվում են մեր կուսակցության հետ»։
Վերջում ավելացրեց. «Մենք այդքան միամիտ չենք եւ այս գայլերի ոլորտում մենք չենք պատրաստվում գառնուկ դառնալ, մենք որսորդ ենք դառնալու»։
Կարդացեք նաև
ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ