Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը՝ հրատապ հարցերի շուրջ

Մայիս 25,1999 00:00
Robert Qocharyan

«Առավոտ»– Չե՞ք զգում, որ Ձեր նկատմամբ դժգոհությունները շատացել են։ Ես այսպիսի բաներ լսեցի, թե երրորդ անգամ է գալիս Դիլիջան, բայց ոչինչ չի փոխվում, աշխատանք չկա եւ այլն։

-Նաեւ բազմաթիվ մարդիկ, ընդհակառակն, ասում էին, թե շնորհակալություն, այս մի հարցը լուծվեց, մյուսը լուծվեց։ 300 հոգի աշխատանք են ստացել։ Պարզ է, որ կան մարդիկ, որոնք տվյալ դեպքում աշխատանք չեն ստացել, սպասում են։ (…) Հասկանում եմ մարդկանց։ Իսկապես վատ են ապրում, դժվարություները շատ են։ Բայց ես լարվածության աճը չեմ նկատում։ Ընդհակառակը, կարծում եմ, այդ առումով շատ ավելի բարենպաստ է մթնոլորտը։

«Առավոտ»– Վերջին շրջանում նախընտրական ելույթներից տպավորություն է առաջանում, որ մեր երկրում ով ասես արդեն խոսում է վարչապետ նշանակելու եւ կառավարություն ձեւավորելու մասին՝ բացի հանրապետության նախագահից։ Մինչդեռ Ձեր դիրքորոշումն այդպես էլ չի հստակեցվում, պարզ չի դառնում։

-Բայց լավ է, չէ՞, որ բոլորն արտահայտվում են։ Դրական եմ համարում։ Նաեւ պետք է երեւի հաշվի առնենք, որ, ի վերջո, նախընտրական արշավն իր օրինաչափությունն ունի՝ մարդիկ փորձում են իրենց ցույց տալ, արտահայտվել… շատ հանգիստ եմ նայում։

Ինչ վերաբերում է վարչապետին. վարչապետին նշանակողն, իհարկե, նախագահն է, բայց ես բազմիցս ասել եմ, որ երկրում շատ ավելի հանգիստ ու կայուն իրավիճակ կլինի, երբ կառավարությունն ու խորհրդարանի քաղաքական մեծամասնությունն իրար հետ ուղղակի առնչություն ունենան։ Եվ մեկը մեկի նկատմամբ՝ մեկը պատասխանատվության, մյուսը՝ հաշվետվության խնդիրներն, իհարկե, պետք է կարգավորված լինեն։ Անկասկած, այդ սկզբունքներով է ձեւավորվելու կառավարությունը։

«Առավոտ»– Վազգեն Սարգսյանը շատ հավանական համարեց, որ հաջորդ կառավարությունը ղեկավարի Կարեն Դեմիրճյանը։ Ինչպե՞ս եք դիտարկում նախագահական ընտրություններում Ձեր հիմնական մրցակցին վարչապետ նշանակելու հեռանկարը։

-Տարբեր հարցեր են մի քիչ։ Եթե ես այլ վերաբերմունք ունենայի, ապա հավանական է, որ նման դաշինք երեւի չէր էլ ձեւավորվի։ Սա՝ առաջինը։

Երկրորդը, կառավարության վերաբերյալ կխոսենք ընտրություններից հետո, երբ բոլորիս համար պարզ լինի խորհրդարանում ուժերի հարաբերակցությունը։ Բայց սկզբունքը կրկնում եմ, այո՛ կառավարությունը պետք է արտահայտի խորհրդարանի քաղաքական ուժերի հարաբերակցությունը։ Եվ, իհարկե, քաղաքական մեծամասնությունը պետք է իր լուրջ դերակատարությունն ունենա կառավարությունում։ Այլ կերպ անընդհատ ընկնելու ենք այն վիճակի մեջ, որ մենք ունեցել ենք։ Բայց, կարծում եմ, վերջին մեկ տարին շատ պատասխանատու տարի էր, կարող էին նաեւ շատ վատ զարգացումներ լինել, բայց այնուամենայնիվ հաջողվեց հասցնել մինչեւ իր տրամաբանական… զարգացումը, վիճակը։

«Հայլուր»– Ձեր վերջին ասուլիսում ասացիք, որ համակրանք ունեք «Միասնություն» դաշինքի եւ ՀՅԴ-ի նկատմամբ։ Ներկա սոցիոլոգիական հարցումներով «Միասնությունը» շատ ավելի մեծ տոկոսներ ունի, ՀՅԴ-ն՝ ոչ այնքան, իհարկե։ Եթե «Միասնությունն» ԱԺ-ում մեծամասնություն կազմի՝ կիրականացվե՞ն Ձեր կանխատեսումները ԱԺ-ի եւ կառավարության համագործակցության վերաբերյալ։

-Այդ տոկոսներից ելնելով ես վերջում կհրավիրեմ «Միասնության» եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչներին եւ ուղղակի կխորհրդակցենք՝ արդյոք հնարավո՞ր է համատեղ քայլեր ձեռնարկել, թե՞ ոչ։ Կարծում եմ, որ ընտրություններից հետո մենք մի ժամանակահատված կունենանք այսպիսի խորհրդակցությունների համար։ Բայց պիտի այնպիսի մի թիմ ձեւավորվի, որը դատարկ բանավեճերի մեջ չի լինի, այլ շատ ավելի համարձակ տնտեսական քաղաքականություն կիրականացնի Հայաստանում (…)։ Կփորձենք, իհարկե, այնպես անել, որ այդ քաղաքական ուժերը հակասությունների մեջ չլինեն։ Ցավոք սրտի, նախընտրական արշավի ընթացքում մեկ-մեկ հոդվածներով, ոչ զգույշ արտահայտություններով, իմ կարծիքով, արհեստական խնդիրներ են ստեղծվում։ Մի քիչ շատ ավելի զուսպ է պետք լինել։ Կարծում եմ, դա հնարավորություն կտա հետագայում ավելի ազատ գործելու եւ գործնական կապեր հաստատելու համար։

«Առավոտ»– Իսկ հետեւո՞ւմ եք մամուլի հրապարակումներին, թե որքանով է օրեցօր առավել աճում Ձեր երկու հենարանների՝ «Միասնության» եւ ՀՅԴ-ի միջեւ լարվածությունը։

-Նկատում եմ վերջին երեւի մեկ շաբաթվա ընթացքում ոչ հաճելի զարգացում։ Բայց կարծում եմ, նաեւ դուք եք նկատում, որ այս վերջին երկու օրը ոնց որ շատ ավելի հանգիստ է։ Ես չէի միջամտում, բայց կարծում եմ, նաեւ որ այդ միջամտության կարիքը երեւի կա։

«Առավոտ»– Ձեր միջամտությունից հետո՞ հանդարտվեցին։

– Միգուցե միջնորդություն, ոչ թե միջամտություն։

«ՀՀ»– Կարծիքներ կան, որ ընտրություններում «Միասնության» հաղթանակից հետո հնարավոր է, որ Ձեր պաշտոնանկությանն ուղղված քայլեր ձեռնարկվեն։ Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը։

– (…) Ընդհակառակը, համարում եմ, որ «Միասնության» ձեւավորվելով, մենք մոտակա առնվազն 2-3, միգուցե 4 տարվա համար կայուն զարգանալու եւ տնտեսական բնագավառում վճռական որոշումներ կայացնելուն հնարավորություն ենք ստանում։ (…) Այն զարգացումները, որ հիմա կան, բացարձակապես կապ չունեն ձեր մտահոգությունների հետ։

«Առավոտ»– Այդքան վստա՞հ եք, որ Կարեն Դեմիրճյանը հրաժարվել է իր նախագահական հավակնություններից, որ «Միասնության» առնչությամբ որեւէ վտանգ չեք զգում։

– (Ծիծաղում է- Ա. Ի.)։ Ինձ վրա վստահ եմ։ Ե՛վ ուժերիս, ե՛ւ հնարավորություններիս, այո, վստահ եմ։

«Առավոտ»– Հանդիպումներից մեկում, երբ Արտաշես Գեղամյանին ասել էին՝ «Նախագահ դառի՝ պրծնենք», պատասխանել էր՝ «Էս գործը հանգիստ է սիրում»։ Այսինքն, ինքն էլ որոշ հավակնություններ ունի, որոնց աջակիցը ԼՂՀ պաշտպանության նախարա՞րն է։

-Կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ ու կուսակցության ղեկավար երեւի նման հավակնություններ պետք է ունենա։ Եթե չունենա, ապա անհասկանալի է լինելու՝ ինչո՞ւ է ստեղծում եւ ղեկավարում կուսակցություն, ի՞նչ նպատակներով՝ ուղղակի գրանցվելու համա՞ր։ Խնդիրը, նպատակը դա է յուրաքանչյուր կուսակցության համար, այո՛, գալ իշխանության, ունենալ մեծամասնություն ԱԺ-ում, մասնակցել կառավարության ձեւավորմանը եւ պատասխանտվություն կրել երկրում վարվող քաղաքականության համար։

Այլ խնդիր է, որ մեկի հնարավորություններն ավելի մեծ են, մեկին համակրողներն են ավելի շատ, մյուսի հավակնություններն են ավելի շատ։ Եվ դրանցից ելնելով մեկը կարողանում է իրեն զսպել, մյուսը՝ չի կարողանում։ Շատ սովորական ու նորմալ երեւույթներ են։ Ինչի՞ ենք սկսում դրանից միանգամից մտահոգվել, թե բա էսպես ասաց… Հետո՞, ասաց՝ ի՞նչ է պատահել։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31