Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍԿԵ ՀՈՐԴԱՆ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ

Մայիս 25,1999 00:00
Robert Qocharyan

Դիլիջան հասնելուն պես, ուր Ռոբերտ Քոչարյանը մեկնել էր մասնակցելու «Իմպուլս» գործարանում Երեւանի ոսկերչական գործարանի մասնաճյուղի բացման արարողությանը՝ գործարանի մուտքի մոտ հասցրին ասել, թե կատարում են իր նախընտրական խոստումները եւ մինչեւ տարեվերջ այս արտադրամասում կաշխատեն 1000 բանվորներ, իսկ հաջորդ տարի՝ 1500-ը։

Նախագահը խոստացավ, թե տարեվերջին գալու է ստուգելու այդ պնդումների իսկությունը եւ դրանք ազդարարողին արդյունաբերության եւ առեւտրի նախարար Հայկ Գեւորգյանը հետո դիտողություն արեց. «Մի քիչ չափավոր, «զապասով» ասեիր էլի թվերդ»։

Ի դեպ, այս արտադրամասն արդեն իսկ 300 նոր աշխատատեղ է դիլիջանցիների համար։ Երեւանի ոսկերչական գործարանի, «Արմենգոլդ» համատեղ ձեռնարկության տնօրեն Էմիլ Գրիգորյանը հստակեցրեց իրենց այս 5-րդ մասնաճյուղում աշխատելու սկզբունքները. «Մենք խիստ ենք վերաբերվելու աշխատանքային կարգապահությանը՝ չծխել, կոֆե չխմել, կարգապահ լինել, ժամանակին գալ, ժամանակին գնալ»։ «Ո՞ւմ է պետք այդպիսի աշխատանքը»,- ծիծաղեց Ռոբերտ Քոչարյանը։

Սա նրա երկրորդ կամ երրորդ այցն էր. «Ես հիշում եմ, անցած այցերի ժամանակ մեր քննարկումները։ Հիշում եմ ու նաեւ բավական լավ գիտեմ, ինչ վիճակում է քաղաքը եւ համարում եմ, որ այս վիճակից դուրս գալու տարբերակը միայն այսպիսի աշխատատեղերի ստեղծումն է։ Կարող եմ միանշանակ ասել, որ սա առաջինն է, բայց վերջինը չի»։

Նախագահը ելույթում ինքն իրեն անվանեց «քավորն այս գործընթացի», քանի որ ԱՄՆ այցի ժամանակ սփյուռքահայ գործարարների հետ որոշ պայմանավորվածություններ էին եղել ոսկերչության ճյուղի զարգացման վերաբերյալ։ Ռոբերտ Քոչարյանը վստահ էր, թե ի վիճակի են նման ձեւով այսպիսի 1000-ավոր աշխատատեղեր ստեղծել. «Եվ այդ առումով նաեւ, ինձ համար այս արարողությունը շատ ավելի մեծ կարեւորություն ունի, քան միայն մեկ գործարանի արտադրամասի բացումն է։ Սա մեր ընտրած քաղաքականության հաջողված քայլերից մեկն է»։

Հավաքված շուրջ 100 մարդիկ կարծես թե այնքան էլ հակված չէին կիսելու այդ ոգեւորությունը։ Նրանք համբերատար սպասեցին, մինչեւ շնորհավորանքի, երախտիքի եւ օրվան պատշաճող ելույթները սպառվեցին։ Եվ երբ հանդիսավոր արարողությունն իր գագաթնակետին էր հասնում՝ թղթե ժապավենի «մասնատմանը»՝ լսվեցին բացականչություններ. «Գնո՞ւմ են արդեն։ Էդ ձեւի չի կարգը։ Թույլ տվեք, մենք էլ խոսենք։ Մենք էնքա՜ն բողոքներ ունենք։ Գյուղից էլ գյուղ է դարձել Դիլիջանը։ Սաղ թալանել՝ Իջեւան են տարել։ Գները բարձրացել են։ Կարի ֆաբրիկան թալանեցին, «Իմպուլսը» թալանեցին։ Աշխատանքի տեղ չկա՝ 300-ը շատ քիչ է 29 հազար բնակչի համար»։ Դժգոհողներին փորձում էին լռեցնել, սաստել։ Հետո հաղթանդամ տղամարդիկ զգույշ, բայց հաստատուն հետ հրեցին ու մի կողմ տարան առավել ակտիվներին։ Այդ ամենը պրն Քոչարյանը կարծես չէր էլ նկատում՝ թվում էր, թե խի՜ստ կլանված է մի ծեր կնոջ հետ զրույցով։ Երբ ձեռնարկված միջոցների շնորհիվ աղմուկը բավական դադարեց՝ մնացածներին նոր նախագահը խոստացավ, թե վերջում կլսի նրանց։ Եվ իրոք խոստման տերը եղավ, բայց նախ արտադրամասում շրջեց, որտեղ «Արմենգոլդի» տարբերանշանով ճերմակ խալաթներ հագած երիտասարդները մետաղալարերի վրա վարժվում էին «Կարդինալ» կոչվող շղթաներ հավաքել (նման է ոլորված պարանի)։

Ռոբերտ Քոչարյանը խոստովանեց, թե կյանքում ոսկե իր չի կրել, բայց նախագահի պաշտոնը թողնելուց հետո գուցե կրի իրենց շղթաներից մեկը։ Ի դեպ, խորհուրդ չէինք տա, քանզի այդ «Կարդինալը» բավական հնաոճ է, եւ, մեղմ ասած, ճաշակ ունեցող մարդիկ նման շղթաներ հազիվ թե կրեն։ Եվ թերեւս իզուր չէր, որ նախապես, իր ողջույնի խոսքում, Տավուշի մարզպետ Աշոտ Ղուլարյանը խոսքի կեսից դադար տվեց, երբ ոգեւորված հայտարարեց. «Մենք մեզ կարդարացնենք եւ մեր արտադրանքն ամբողջ աշխարհում…», բայց գուցե արագ ըմբռնեց, որ կարող էր միայն արաբական աշխարհի ու Աֆրիկայի մասին խոսել եւ միտքն այսպես ավարտեց. «Մերն ուրիշ ա, շնորհակալություն»։

Ինչեւէ, այս դեպքում, այնուամենայնիվ, կարեւորն աշխատատեղերն են եւ դրանում եւս մեկ անգամ համոզվեցինք արտադրամասից դուրս հայտնվելով։ «Երեք տարի է, աշխատավարձ չենք ստացել, երեխեքը սովից կոտորվում են»,- աղաչում էր մի կին։ «Ես կհետաքրքրվեմ, բյուջեի պարտավորությունների մեջ կնախատեսենք»,- խոստանում էր Քոչարյանը։

«Ջանիդ մեռնեմ, էն որ դու առաջ եկար ես պչպչորեցի՝ էն կնիկն եմ։ Մինչեւ հիմա էլ ասում են, որ Ալվարդն ընկեր Քոչարյանին պչպչորել է»,- այս նախադասությունն այդ ծեր կինը մի 10 անգամ կրկնեց, այն հաստատ համոզվածությամբ, որ եթե ինքը Քոչարյանին «չպչպչորեր»՝ նա նախագահ դարձողը չէ՜ր։ Տիկին Ալվարդն էլ երկրաշարժից հետո անտուն էր մնացել. «Դռներն եմ, սրա վերջն ի՞նչ պիտի լինի»: Այս եւ նման այլեւայլ խնդիրները նախագահի օգնականը գրանցում էր, որ հետեւեր դրանց լուծմանը։ Տեղացիները թերահավատ էին. «Խոսում, սրտներս հանգստացնում ենք, էլի»։

Ի դեպ, ընդամենը 1-2 հոգի նախագահին շնորհակալություն հայտնեցին արտադրամասի բացման համար։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31