Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞Վ ԱՎԵԼԻ ՇՈՒՏ ՄՈՍԿՎԱ ԿՀԱՍՆԻ»

Մայիս 25,1999 00:00
Sergey Badalyan

Նախընտրական մարաթոնը որքան մոտենում է եզրագծին, կրքերն այնքան շիկանում են, իրադարձություններն ավելի անկանխատեսելի են դառնում։ Սոցիալիստական կողմնորոշում, ուղղվածություն, գաղափարախոսություն ունեցող, կամ՝ իրենց այդպիսին ներկայացնող ուժերն այնքան են բազմացել, որ նույնիսկ դրանց հարող շարքային անդամները երբեմն չեն կարողանում հասկանալ, թե ով ում բարեկամն է։

Հենց այստեղ է, որ օգնության է գալիս տվյալ կուսակցության (չմոռանանք սոցիալիստական բառը) լիդերի հարցը, եւ ըստ այդմ պարզություն է մտցվում։ Հասկանալի պատճառներով, թեպետ հիմքում սոցիալիստական, բայց ինչ-ինչ կետերով տարբեր կուսակցությունների առաջնորդներն իրար աչքով-աչք չունեն տեսնելու։ Եթե, ասենք, կոմկուսի մոտ խոսք է գնում Վազգեն Սաֆարյանի մասին, միանգամից լրջանում են՝ կուսակցությունից վտարվա՞ծը։ Իսկ երբ հակառակ կողմի հետ է խոսք գնում կոմկուսի մասին, սրանք էլ իրենց հերթին են թթվում։ Վերջերս էլ Սոցիալիստական ուժերի միության կողմից Սերգեյ Բադալյանը «մեղավոր» ճանաչվեց այն բանում, որ ինչքան լավ, կոմունիստական, սոցիալիստական բան կա, իրեն է վերագրում եւ «իրենով է անում»։

«Ընկեր Բադալյան, սոցուժերը վերջերս առավել ակտիվ են մեղադրում ձեզ այն բանում, որ սոցիալիստականի հետ կապված ամեն լավ բան, Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը եւ այլն, դուք ձեզ եք վերագրում եւ միայն կոմկուսի մենաշնորհն եք համարում»,- «Առավոտի» այս հարցին ընկեր Բադալյանը պատասխանեց. «Ղալաթ են անում, այդպես եմ ես պատասխանում, որովհետեւ երբ որ Ռուսաստան բառն արգելված էր, էդ սոցիալիստական ուժերն էլ առաջին քանդողներն էին այդ միության (անունները չեմ ուզում տալ), կամ նախկին կուսակցական գործիչները, որ այստեղ-այնտեղ թաքստոցի մեջ են մտած, Ռուսաստան բառը վախենում էին արտասանել, Հայաստանի կոմկուսը եղել է միակ կուսակցությունը, որ ամենադաժան տարիների փորձությունների ժամանակ աչքի լույսի պես պահել է այս գաղափարը։ 91, 92, 93 թթ. միակ կուսակցությունը, որ դրա մասին խոսում էր, եղել է Հայկոմկուսը։

Ես առիթ եմ ունեցել մի անգամ պետական դումայում, մի օր, ուրեմն, որ արդեն ժամանակները թեժացել էին, տեսա Աշոտ Մանուչարյանին, դուրս եմ գալիս, տեսնեմ Շավարշ Քոչարյանը, արդեն չդիմացա, ասեցի, լավ, բա ամոթ չե՞ք անում, դուք։ Առաջ մեզ էլ ազգադավ էիք ասում, էլ ապազգային էիք ասում, հիմա մրցակցության մեջ եք մտել, ով ավելի շուտ Մոսկվա կհասնի։ Դա լավ է, լավ է: Բայց էդ էն մարդիկ էին, որոնք քանդում էին կապերը։ Հայաստանի կոմկուսը գոյատեւեց եւ նրա հիմնական դրոշը դա էր։ Այսօր դա զգալով, փորձում են, պարզապես տեսնում եք, թե ինչպես կասկածելի անձեր, Թելման Գդլյանի նման մարդիկ, որոնք քանդեցին մեր երկիրը՝ ՍՍՀՄ-ը, էսօր սպեկուլյատիվ միջոցներով փորձում են ինչ-որ միավորներ ձեռք բերելու համար, այստեղ էլ իրենց նման մարդկանց են գտնում, ժամ առաջ եկան, փողերով գնեցին ձայներ։

Մենք 2 ամսվա ընթացքում հսկա կուսակցություն հավաքեցինք՝ մոտ 900 հազար ստորագրություն, նրանք 2 շաբաթվա մեջ արձանագրեցին 1 մլն 200 հազար։ Սա միայն սպեկուլյացիա է։ Սա միայն մի նպատակ ունի, որպեսզի կոմկուսի կարեւորագույն դրոշը բան անեն։ Հետո սոցիալիստական ուժեր ստեղծեցին էն մարդիկ, որոնք սոցիալիզմը տապալողներ էին, դարձան սոցիալիստական ուժերի միություն։ Չեմ զարմանա, եթե վաղը հայտնվի եւս մի կազմակերպություն, որը հայտարարի՝ ամբողջ իշխանությունը սովետներին։ (…) Այս երկիրը ստեղծվել է կոմունիստների շնորհիվ, այսօր Ռուսաստանի հետ կապի հիմնական ստեղծողը եւ ռազմաքաղաքական դաշինքի ամենամեծ աջակցությունն անգամ իր նկատմամբ թշնամաբար տրամադրված իշխանության հետ եւ այդ ուղղությամբ նրա հետ աշխատող միակը Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է։ Թող գնան Ռուսաստաններում դա իմանան։ Գիտե՞ք, ոնց է մեզ մոտ, պրիմիտիվ պրովինցիալիստներ են դրանք, որ կարծում են, որ պետական դումայի կամ այլ գերատեսչությունների «շվեյցարի» դուռը որ բացում են, ուրեմն արդեն հայտնվել են էն բանի մեջ։ Լավ է, ես դեմ չեմ, բոլորովին դեմ չեմ»։

Այնուհետեւ ընկեր Բադալյանը հարկ համարեց հատուկ շեշտել, որ անձամբ Աշոտ Մանուչարյանի նկատմամբ որեւէ երանգ չկա. «Ես ընդհանուր եմ ասում… Խոսքը իմ մասին չէ, խոսքը պատահական թափթփուկների մասին է»։

Զրուցեց

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31