Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱՓՐՎԵՔ ԵՎ ՀԵՏԵՎԵՔ ՁԵՐ ՀԻԳԻԵՆԱՅԻՆ»

Մայիս 25,1999 00:00
higieena

ԱԺՄ-ի նախընտրական ծրագրի դրույթները լսելու եկածներիս բաժանված բուկլետների վրա եթե «ԱԺՄ» մակնիշի վայրկյանաչափը չլիներ, դրանք հանգիստ կարելի էր որպես «Պիոներ» ամսագիր ընկալել։

Որակյալ թուղթ, գունավոր եզրագծված լուսանկարներ, «Դուք գիտե՞ք, որ…» հետաքրքրասերների եւ «Դուք հիշո՞ւմ եք, երբ…» հիշողության կորուստ ունեցողների անկյուններ։ Ի դեպ, դրանց օրինակները բերված են կուսակցության լիդերի վարչապետական անցյալից եւ հետագա վարչապետների անփառունակ ներկայից։ Հաշվի առնելով այն փաստը, որ բուկլետում սեւով մոխրագույնին գրված են նաեւ կոնյակի գործարանի վաճառքի որոշ հաշվարկներ, կարելի է ենթադրել, որ բուկլետի կազմման աշխատանքներին մասնակցել է նաեւ Արշակ Սադոյանը։ Ծրագրի ամենաանկյունաքարային կետն ԱԺՄ-ի այն պարտավորությունն է, որ աստիճանաբար պիտի վերադարձնեն խնայբանկի ավանդները, ընդ որում՝ 10 ռուբլին հավասար է 1 դոլարին հաշվարկով։

Մինչ հավաքվածներս ծանոթանում էինք ԱԺՄ-ի հերոսական անցյալի մասին գրավոր հիշատակություններին, ամբիոնից (արդեն բանավոր) նույն բանն անում էին հռետորները։ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը մեզ (ժողովրդիս- Լ. Ա.) հանգիստ կյանք չխոստացավ, քանի որ առջեւում պայքար է։ «Բայց առջեւում շողշողում է մեր գաղափարների, մեր ժողովրդի հաղթանակի լույսը»։ Պրն Մանուկյանը նաեւ համոզված է, որ ժողովրդի գիտակցության մեջ ապագայի հույսը կապվում է ոչ թե այլ կուսակցությունների, այլ հենց ԱԺՄ-ի հետ։ Հայ մտավորականության ներկայացուցիչ Հենրիկ Հովհաննիսյանը բորբոքված էր, որ փողոցներում, շենքերի պատերից իրեն են նայում «նեղճակատ ժպտացող երեսները, այդ մեծացված սրբապատկերները»։ Բայց, միեւնույն է, դա նրա վրա չի ազդում, որովհետեւ իր համակրած քաղաքական գործիչները ԱԺՄ-ականներն են, որոնք իրենց նկարները նպատակահարմար չեն գտել փակցնել՝ ուր պատահի։ «Եվ ճիշտ էլ արել են»։

Պրն Հովհաննիսյանը հիշեց եւ մեզ էլ հիշեցրեց Թումանյանի խոսքերը, թե՝ «Մի ժողովուրդ, որի մեջ այսքան խարդախներ կան, այսքան խաբեբաներ ու խաչագողեր, չի կարող սիրվել, որքան էլ ուզում է գոռալ, թե ես տաղանդավոր եմ»։ Դահլիճը հիացած էր այս խոսքերից, ու ի նշան իր խանդավառության՝ ծափ տվեց։ Պրն Հովհաննիսյանն ավելի ոգեւորված հաստատեց մեծ բանաստեղծի հաջորդ մտքերից մեկը (որոնք, ի դեպ, Թումանյանի ասածի հիմնական կոնտեքստից կտրված ներկայացնելով՝ պրն Հովհաննիսյանը ստացավ իր ցանկացած արդյունքը- Լ. Ա.). «Մենք ժողովուրդ չենք, մենք խալխ ենք»։ Այս միտքը եւս արժանացավ նախորդի բախտին եւ ծափահարվեց։ Նախընտրական շրջանում քաղաքական ասպարեզ նետված կասկածելի ու հանցավոր անցյալով գործիչների մասին էլ պատեհություն ունեցավ խոսել Հենրիկ Հովհաննիսյանը. «Այսօր ժողովրդի ատելությունը վաստակած մի մարդասպան ունի համակիրների մի մեծ շրջան։ Ե՜վ մտավորականության մեջ։ Գուրգուրո՜ւմ են մարդասպանին մարդիկ։ Եվ սա շատ տխուր բան է»։ Իսկ Դեմիրճյան-Սարգսյան միասնությունից նա վախենում է եւ զարմացած է, թե ինչպես են իրար ձեռք սեղմում, իրար ժպտում ու ցուցադրաբար նկարվում թշնամիները։ «Ժողովրդի գլխավերեւում դարձյալ կանգնած է 96-ի խմբապետը, որը կուսակցության ֆունկցիոների խրտվիլակը բռնած՝ ման է գալիս, ու (այստեղ պրն Հովհաննիսյանի ձայնը որոտաց- Լ. Ա.) այդ խրտվիլակի թիկունքում ուզում է ապաստան գտնել սովետահայ քաղքենիությունը՝ մտավորականություն անունով»։ (Ծափերը երկար ժամանակ չէին լռում)։ 21 կուսակցությունների մի մասը «լավագույն դեպքում» քաղաքական ակումբ համարվեց, մյուս մասը՝ թայֆա։

ԱԺՄ «դեմք» Արշակ Սադոյանն անհանգստացած է նաեւ մեր քաղաքական որոշ գործիչների անձնական հիգիենայով՝ գտնելով, որ նրանք ոչ մաքրասեր են եւ, ավելի վատ, ցածր խավից։ «Նրանցից պետք է հնարավորինս շուտ ազատվել»։ Խոսելով դաշինքներից՝ պրն Սադոյանն իր լեքսիկոնից ընտրեց «թալանչի ու փրչոտ» ածականները։ Նախկին «գանգրահեր վարչապետը»՝ ոգեւորվելով իր ֆինանսական հնարավորությունից, ստեղծեց կուսակցություն։ Նրա օրինակին հետեւեց նաեւ նոր վարչապետը, որից հետ չմնացին ՆԳ եւ ԱԱ ու պաշտպանության նախարարները (ի դեպ, վերջինս «կուսակցությունների» հեղինակ է)։ «Բնական է, որ պատվեր կա»,- եզրակացրեց Սադոյանը։ Բայց, ով ինչ ուզում է, թող մտածի, Արշակ Սադոյանն իրեն բախտավոր մարդ է համարում։ Հենց միայն այն, որ ի տարբերություն Վանո Սիրադեղյանի, ինքը հանգիստ քայլում է փողոցով, չի վախենում զրուցել մարդկանց հետ, արդեն երջանկություն է։ Իսկ թե երջանի՞կ են այն մարդիկ, ովքեր այս եւ նման մտքերն ընդունում են բուռն ու որոտընդոստ ծափահարություններով, արդեն հոգեբանական ու բարդ խնդիր է։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31