Նաիրիի շրջանի ՆԳ բաժնում կա մի հետաքրքիր բողոք-ցուցմունք Քասախ գյուղի բնակիչ Նազիրովից։ Նա հայտնել է, որ գյուղապետ Արայիկ Մկրտչյանն իրեն տվել է ընտրակաշառք՝ մանգաղ, 2 զույգ տղամարդու գուլպա, 5 զույգ կանացի զուգագուլպա։ Իսկ գյուղապետը ո՞ւմ է բաժին հանել (կամ տվե՞լ է) մուրճը։ Այ, եթե մուրճը մանգաղի հետ լիներ, հաստատ դժվար կլիներ որոշել. տվածը ընտրակաշա՞ռք է եղել, թե՞ որոշակի ուղղվածություն ունեցող կուսակցությունների համամասնական խորհրդանիշ։
ԿԲԱՐՁՐԱՑՆԵ՞Ն, ԹԵ՞ ՉԵՆ ԲԱՐՁՐԱՑՆԻ։ ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ
Էներգետիկ հանձնաժողովի նախագահ Վարդան Մովսիսյանի այն վստահեցումների առիթով, թե մինչեւ տարեվերջ էլեկտրաէներգիայի սակագները չեն բարձրանա, հակառակ պնդումների հեղինակ ԱԺ պատգամավոր Արմեն Կիրակոսյանն ասաց. «Վարդան Մովսիսյանը հետեւողական չէ։ Էներգետիկայի հանձնաժողովի տարեկան ծրագիրը ներկայացնելիս, փակ դռների հետեւում մի թվերի մասին է խոսում, իսկ ընտրություններից առաջ՝ այլ թվերի»։
Կարդացեք նաև
ՇՈՒՇԱՆԻ ԲԱԼԻԿԸ
Տարբեր շրջանակներում քննարկման հարց էր դարձել, թե ում երեխան է նկարահանվել «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի նախընտրական գովազդային տեսահոլովակներում։ Երկու կարծիք կար, մեկ, որ Արտաշես Գեղամյանի թոռն է, երկրորդ՝ Հայկ Բաբուխանյանի որդին է։ Կարծիքը ստեղծվել էր՝ վերոհիշյալ անձանց նմանեցնելու հողի վրա։ Պարզվեց, որ այդ գեղեցիկ ու համով բալիկը երգչուհի Շուշան Պետրոսյանի որդին է։
«ԱՐ»-Ի ԳՈՎԱԶԴ, ՎԱՐԻ ԳՈՎԱԶԴ
«Առավոտի» այն հարցին, թե որքանո՞վ են ճիշտ այն լուրերը, թե իբր նախագահի պատվերով անց է կացվել սոցիոլոգիական հարցում, համաձայն որի «Ար»-ը իր վարկանիշով շրջանցում է նույնիսկ ռուսաստանյան հեռուստաընկերությունները, նախագահի մամուլի գրասենյակից պատասխանեցին, թե այդ լուրերը կատարյալ անհեթեթություն են եւ խորհուրդ տվեցին «Ար»-ին՝ իրեն գովազդելու համար այլ ձեւեր գտնել։