Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՆ ԱՄԵՆԱՔԱՂՑՐ ԱՆԿՅՈՒՆԸ

Մայիս 22,1999 00:00
harcum

Սոցհարցումներին հավատալու մրցավազքում կուսակցություններից հետո երկրորդ տեղում հեռուստաընկերություններն են։ Շատ դյուրահավատ են։ Եթե իրենց՝ հեռուստաընկերություններին վերաբերող սոցհարցումներում տվյալ հեռուստաընկերությունը ռեյտինգով վերջին կամ նախավերջին տեղում է հայտնվում՝ կասկածանք են հայտնում ու թերահավատություն եւ սկսում են իրենք իրենց հարցումն անել։

Ապա անվստահություն են հայտնում հարցում կազմակերպող սոցիոլոգների նկատմամբ (որոնք գոնե հարցման մեխանիզմն ու համապատասխան պայմաններն ավելի ճշգրիտ են պատկերացնում կամ գործի դնում)։ Այդպես, օրինակ, «ԱԻՄ+» դաշինքը չհավատաց հայ սոցիոլոգներին, թե «ԱԻՄ+»-ը 5% կողմ ձայներ չի կարող հավաքել ու որոշեց ինքն իր սոցհարցումն անել (լավ է դրսից՝ արտասահմանյան սոցիոլոգների չհրավիրեց)։ Արդյունքում պարզվեց, որ հայ սոցիոլոգները համարյա չեն սխալվել։

«Ար» հեռուստաընկերության նախագահ Մերուժան Տեր-Գուլանյանը օրերս պատմում էր մի սոցհարցման մասին։ Չէի ուզում հավատալ, որ պրն Տեր-Գուլանյանը հավատում է նման հարցումներին։ Բայց հավատում էր, որովհետեւ ըստ իրեն հասած տվյալների, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պահանջով է կատարվել հարցումը։

Շատ երկար փնտրելուց հետո գտանք հարցումը եւ ստացված արդյունքները։ Շատ հեշտ հարցաթերթիկ է եղել՝ ընդամենը երկու հարցից բաղկացած։

1. Ո՞ր հեռուստաընկերության ծրագրերն ու հաղորդումներն եք գերադասում դիտել։

«Հայաստանի Ազգային հեռուստատեսություն- 16%։ Ամենամեծ դժգոհությունները կապված են վիճակախաղերի, լոտոների եւ նմանօրինակ խաղերին տրամադրվող եթերաժամանակի չափազանց մեծ լինելու հետ. այդ հաղորդումները երբեմն չեն դիտում նույնիսկ վիճակախաղի տոմս գնած հեռուստադիտողները։ Էկրանին հաճախ են հայտնվում միջին օղակի պաշտոնյաներ, որոնց տեսքն ու խոսքը անհամոզիչ են եւ ձանձրալի։ Զայրացնում է ռուսական հաղորդումների պատճենումը. օրինակ՝ «Բարի լույս, Ռուսաստան»-«Բարի լույս, Հայաստան» եւ այլն։

OPT- 21 %, PTP- 18%

(Դիտողություններ ու մեկնաբանություններ չկան մեզ հասած հարցման արդյունքների ամփոփաթերթիկում – Ս. Ս.)։

«Ար» հեռուստաընկերություն

– 23%։ Արժանիք են համարվում ինքնատիպությունը, անսպասելիությունը (սա լուրջ նվաճում է, քանի որ աշխարհի բոլոր հեռուստատեսություններն անխուսափելիորեն նման են իրար), սրամտությունը, որեւէ մեկին չկապկելը։

«Ա1+» հեռուստաընկերություն- 13%։

Թերություն է համարվում օտար հեռուստաընկերությունների ցուցադրումն ընդհանրապես, դրանց մեծ ծավալը հատկապես։ Անգլերենի «վրայից» հնչող ռուսերենը հայ հեռուստադիտողի համար ավելորդ լարվածություն է ստեղծում, եթե թեման հետաքրքիր է։ Ստեղծվում է պարադոքսալ վիճակ, հոգնում է հենց «շահագրգիռ» հեռուստադիտողը։ Դրական է գնահատվում «Ա1+»-ի ֆիլմային քաղաքականությունը։

«Արմենիա» հեռուստաընկերություն- 9%։

Տոկոսն աճելու միտում ունի Երեւանից դուրս։ Որոշակիություն չկա հեռուստադիտողների վերաբերմունքի մեջ։ Նորաբաց հեռուստաընկերության մասին քիչ թե շատ որոշակի վերաբերմունք կձեւավորվի ամենաշուտը 4-6 ամիս հետո։ Եթե «Արմենիան» դիմի համարձակ փորձարարության, ապա այս ժամկետը կձգվի մինչեւ մեկ տարի»։

2. Հայկական ո՞ր լրատվական հաղորդումն եք գերադասում։

«Հայլուր»- 65%, «Այբ-ֆե»- 21%, «Սուրհանդակ»- 14%։

Հարցման արդյունքների մասին միանշանակ չի կարելի խոսել։ ՀՀ նախագահի պահանջած հարցման արդյունքների ճշգրտությանն ու իրականության հետ համահունչ լինելու մեջ համոզվելու համար հերիք է աչքերը փակել ու հիշել «Արմենիայի» հեռուստաեթերը, որի 9% ձայներ հավաքելու շնորհքը չի կապվում ընդամենը հեռարձակման եթերի տեսողական որակի հետ։ Պարզ է, որ «Արմենիան» 9% ձայն հավաքել է շնորհիվ նախկին կյանքում մարզական հաղորդումներ վարող (Ի՞նչ արած՝ ուրիշ կերպ նա չի հիշվում) Համլետ Ղուշչյանի եւ նրա՝ «Օրը» հաղորդաշարի, որը հումորեսկային հաղորդաշարի լավագույն նմուշ է։ Կամ՝ «Թափանցիկ վարագույրի» սպանիչ թեմաներով, մարդկանց անկեղծության եւ խոստովանանքի դուռը բերելու հնարքներով ու հաղորդավարի պրոզայիկ եզրահանգում-խրատներով։

«Ար»-ը շրիշակ չլինելով՝ շրիշակ է դարձել

Այն, որ «Ար»-ը 23% «ձայն» է հավաքել, այն էլ՝ «OPT»-ից էլ շատ, ե՛ւ զարմացնում է, ե՛ւ ոչ։ Զարմացնելը բնական է, չզարմացնելն է վտանգավորը, եւ երբ «Ար»-ը բոլոր լավ եւ վատ իմաստներով՝ չափանիշ կամ ժողովրդական լեզվով ասած՝ «պլանկա» է դառնում։ Մանավանդ ՀՀ նախագահի համար անցկացված այս հարցման արդյունքների հրապարակումից հետո, որը կընկալվի իբրեւ հավաստի ու ճշգրիտ փաստի ամրագրում։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31