Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՆԱ ԲՆԱԿԱՆ ԷՐ ԲՆՈՒԹՅԱՆ ՆՄԱՆ

Մայիս 22,1999 00:00
henrik khaxatryan

Անցյալ տարվա օգոստոսի 6-ին իր աշխատասենյակում դավադիր կրակոցների արդյունքում սպանվեց հանրապետության գլխավոր դատախազ, արդարադատության պետական խորհրդական, իրավագիտության դոկտոր Հենրիկ Խաչատրյանը։

Այսօր, եթե ապրեր նա, իր ծննդյան օրվա շնորհավորանքները միայն պիտի ընդուներ։ Հենրիկ Խաչատրյանի սպանությունը շարունակում է ցնցել յուրաքանչյուրիս, նրանց, ովքեր մոտիկից ծանոթ են եղել, շփվել եւ ճանաչել են նրան։ Բացառիկ մարդկային խառնվածք, հետաքրքիր զրուցակից եւ իր գործում բանիմաց էր նա։ Իրավական ժուռնալիստիկայով զբաղվող շատ ու շատ լրագրողներ պարտավոր են եւ նրան, սկսած անկախ հանրապետության Գերագույն խորհրդում նրա հետ համագործակցելուց, մինչեւ Սահմանադրական դատարան, մինչեւ հանրապետության գլխավոր դատախազի իր զբաղեցրած պաշտոնը։ Վերջին պաշտոնում հատկապես մամուլի հետ ամենամսյա շփումները հնարավորություն տվեցին հասկանալ ներսը. դատախազության փակ համակարգը, շնորհիվ նրա, դառնում էր խիստ տեսանելի։

Հիշենք, թե բարոյահոգեբանական արգելանքներից զատ, ինչ բեռ իր ուսերին վերցրեց Հ. Խաչատրյանը. «Դրո», «31», Սեպտեմբերի 25+5-ի գործը, 500-ից ավելի քրեական գործերի վերանայում, չինական վարկի բացում եւ 5 մլն ԱՄՆ դոլարի ապրանքային վարկի չարաշահման խնդիրների հետ կապված. «Մեկ տարվա քննությունը հավանաբար այն է, որ թույլ չէին տալիս, որպեսզի այդ գործերին ձեռք տային» (ի պատասխան Հ. Բագրատյանի ՄԱԿ-ի գրասենյակում Ս. Թեյմուրազյանի գործի առնչությամբ արված այն հայտարարության, թե «մի տարուց ավելի է, քննվում է»)։ Եվ, չսպասելով իր նշանակման 100 օրվան էլ, 1997 թ. մայիսի 30-ին, ասուլիսին պիտի լրագրողներին տեղեկացներ, թե. «Եղել եմ կալանավայրերում, ուղղիչ-աշխատանքային հիմնարկներում, մեկուսարաններում։ Զրուցել եմ, արել գրառումներ, որպեսզի օրինականություն հաստատենք դատական համակարգում, մենք պետք է լսենք մարդկանց, տեսնենք նրանց եւ ոչ թե ճանաչենք նրանց թղթերով»։

Իսկ ես հատկապես չեմ մոռանա նրա 1998 թ. փետրվարի 13-ի ասուլիսը, հատկապես նրա մի ահազանգը. «Գրեթե ամեն օր հանրապետությունում որեւէ մեկը կամավոր իրեն զրկել է կյանքից. սա անհանգստացնելու հիմք պիտի տա մեզ»։

Աիդա Իսկոյանի հետ զրույցից

– Դժվար է զրույցի սկիզբ ընտրել, դժվար է հավատալ, որ Հենրիկ Խաչատրյանը չկա…

– Նա առաջինն էր… ճակատագրի հեգնանքով Առաջին դատախազն էր, որին սպանեցին իր աշխատասենյակում… Իրենց՝ Ամասիայի շրջանի առաջին ոսկե մեդալակիրն էր, իրավաբանական ընդունված առաջին ուսանողն իրենց գյուղից։ Առաջինն էր, որ ավարտելուց հետո ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ լսարան մտավ… Առաջինն էր, որ պետական հեռուստատեսությունում բացեց «Մարդը եւ օրենքը» հաղորդաշարը։ Հայաստանից առաջինն էր, որի գիրքը՝ «Միութենական հանրապետության Գերագույն խորհուրդը» «Իրավական գրականություն» հրատարակչության կողմից հրատարակվեց (դա նրա ապագա գիտական թեզն էր – Ռ.Մ.)։ Առաջինն էր, որ առաջին ԳԽ-ի իրավաբանական ծառայության պատասխանատուի պաշտոնը զբաղեցրեց, ապա եւ առաջին ՍԴ-ի անդրանիկ դատավորներից եղավ…

– Ինչպիսի՞ն էր նա։

– Նա բնական էր ինչպես բնությունը։ Տեսնել էր պետք, թե ինչպիսի էմոցիայով էր ներկայացնում որեւէ բան։ Գիտելիքը նրա համար համոզմունք էր։

– Նրա գրասեղանին տեսնում էի Շիրազ, Իսահակյան, անգամ… իրանական պոեզիա։

– Կարդալն իր համար կենսական պահանջ էր։ Դա, հավանաբար, եկել էր ծնողներից։ Մայրը քնելուց առաջ պարտադիր մի քանի էջ պիտի կարդար… Հենրիկը շփվող էր, կենսուրախ։ «Տունը պիտի լիքը լինի»՝ նրա խոսքերից էր։ Այն ծանր ձմեռներին հաճույքով նավթավառը կսրբեր, կնստեր մոմի լույսի տակ, կաշխատեր։ Ամեն կիրակի բարձրաձայն Շիրազ կկարդար, Թումանյան, կատակով դիմելով, թե «Ես լավ գործ եմ անում, վերջը քեզ հայ եմ դարձնելու» (նկատի ունենալով տիկին Աիդայի ռուսական կրթությունը – Ռ.Մ.)։ Երաժշտության հանդեպ սերն անսահման էր։ Մահվան նախորդ օրը… Մանսուրյան լսեց։

– Գնահատելիս ի՞նչ սկզբունքներ ուներ։

– Նրա համար գեղեցիկ էր այն մարդը, որը միաժամանակ եւ խելացի էր։ Նա հանգիստ չէր կարող նստել, կյանքը նրա մեջ եռում էր։ Նրա համար գեղեցիկ էր եւ այն մարդը, որը խոր ակնածանք ուներ դեպի իր ծնողները։ Չեմ հիշում մի օր, որ ծնողների հետ չկապվեր…

– Տիկին Աիդա, գիտեմ, դժվար է, սակայն փորձեք վերհիշել նրա վերջին օրերը…

– Մահվան նախորդ օրը ես անբացատրելի տխրությամբ եմ գնացել աշխատանքի։ Աչքերս լցվում էին։ Ներսումս ինչ-որ բան՝ մրմռում… Եկավ տուն։ Դեմքը ոնց որ լարված լիներ։ Խոստացել էր եւ երկու օր էր չէր ծխում. այդ օրն էլ չծխեց։ «Բա, ժպիտդ ո՞ւր է»՝ իմ անհասկանալի տխրությունը դեմքիս արտահայտվել էր։ Փորձեցի ժպտալ՝ չստացվեց։ Ինչն էր, ինչն էր պատճառը, չէի հասկանում։ Սուրճ խմեց, առավոտյան սուրճի համատեղ րոպեները ամենաերջանիկ պահերն էին։ «Այդ, դե ես գնացի»։ Երբ մեքենան եկավ, արագ, առաջին անգամ համարյա հետ չնայելով՝ հեռացավ։ Հեռանալու ձայնն ականջներումս է։ Սովորույթի համաձայն, միշտ ձեռքս դնում էի ուսին՝ հաջողություն մաղթելով նրան։ Այդ օրը նա շտապում էր։

– Ի՞նչն էր բնորոշ միայն իրեն։

– Սիրում էր մտքերը կամ իրեն դուր եկած արտահայտությունները գրի առնել։ Ահա նրա վերջին գրառումը. «Պետությունը կարող է լինել ստաբիլ, երբ նրա բոլոր քաղաքացիները կլինեն անվտանգ»։ Իսկ ամենաբնորոշը՝ ամեն ինչի վերեւում տեսնում էր Խիղճը։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ. Գ. Երեւանի քաղաքապետի 638 որոշմամբ այսօր, ժամը 11-ին նրա տան պատին կտեղադրվի հուշատախտակ։ Ժամը 12.30-ին ԳԱԱ-ում տեղի կունենա Հենրիկ Խաչատրյանին նվիրված միջոցառում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31