Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ Առանց մեկնաբանության

Մայիս 22,1999 00:00

ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ Առանց մեկնաբանության Երեկ Ամերիկյան համալսարանի շենքում Եվրահանձնաժողովն ու Եվրահամայնքը Հայաստանի պարենային ապահովության ծրագրի շրջանակներում սեմինար անցկացրին։ Սեմինարին, բնականաբար, մասնակցում էր հայկական կողմը։ Իրենց ողջույնի խոսքը բերեցին վարչապետը. ֆինանսների եւ էկոնոմիկայի, գյուղատնտեսության նախարարները։ Բոլորը նշեցին, որ «Պարենային ապահովման ծրագրի շրջանակներում առաջնային դեր է հատկացված գյուղատնտեսական հողերի շուկայի ստեղծմանը»։ Կարեւոր ինֆորմացիա էր, որ այս տարի գյուղվարկերի տեսքով նախատեսվում է 14 մլն դոլարի ներդրում ապահովել։ Վարչապետը ցավով նշեց, որ «բավական դանդաղ են շարժվում» հացի ոլորտի շրջանառության հարկման գործում։ «Մեր գնահատականներով, եթե նախորդ կառավարություններին հաջողվել էր մինչեւ 35 տոկոս հասցնել, 35 ընդամենը տոկոս հասցնել հացի ոլորտի շրջանառության հարկումը եւ բացահայտումը, մեզ հաջողվել է հասնել ընդամենը 50 տոկոսի»,- կարծում է վարչապետը։ Ներկայացնենք հատվածներ «Ազգային պարենային ապահովության քաղաքականության ծրագրից». – Գյուղատնտեսությունը հանդիսանում է Հայաստանի տնտեսության հիմնական բնագավառը։ Ներքին արտադրանքը բավարարում է գյուղատնտեսական արտադրանքի ներքին պահանջի 65 տոկոսը։ – Ներկայումս (1999 թ.) ցանքատարածությունների 30 տոկոսը եւ արոտավայրերի 54 տոկոսը որակազրկված են եւ բարելավման կարիք ունեն։ – Հայաստանի վարելի հողերի 80 տոկոսը ոռոգվում է։ 2,5 մլրդ ոռոգելի ջրի տարեկան պահանջը լուրջ վնաս է հասցնում երկրի բնական ջրի պաշարներին։ – Առողջապահության նախարարությունը հաշվարկել է. մեկ անձի օրաբաժնում մթերքների տեսակարար կշիռը հետեւյալն է. միս՝ 22 գրամ, կաթ՝ 27 գրամ, ձու՝ 7 գրամ եւ այլն, որի կալորիականությունը կազմում է 2100 կկալ։ Այս իրավիճակը բնորոշ է նվազ զարգացած երկրներին։ – 1995 թ. Երեւանում կատարված ուսումնասիրությունները գրանցեցին 11 տոկոս թերսնուցման եւ 37,5 տոկոս սակավարյունության դեպքեր։ – 1998 թ. ազգային ուսումնասիրությամբ երեխաների 13 տոկոսի մոտ բացահայտվեց աճի դանդաղում, ինչպես նաեւ փաստվեց, որ էապես աճել է նորմայից ցածր քաշով ծնված երեխաների թիվը։ – Սակավարյունության դեպքեր են գրանցվել երեխաների 30 տոկոսի եւ կանանց 16 տոկոսի մոտ։ – 1998 թ. վերջին եռամսյակի միջին գների հիման վրա կատարված հաշվարկներով, ՀՀ առողջապահության նախարարության հաշվարկած նվազագույն ռացիոնալ սպառման (նվազագույն պարենային զամբյուղ) էներգետիկ նորման ապահովելու արժեքը կազմում է մոտավորապես 17,8 հազար դրամ մեկ շնչի հաշվով՝ լինելով 4,8 անգամ մեծ միջին աշխատանքային կենսաթոշակից, 6,6 անգամ մեծ՝ միջին սոցիալական կենսաթոշակից։ ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել