Լրահոս
Օրվա լրահոսը

Թողեք մեր մարզպետին հանգիստ, նա մեզ շատ է պետք

Մայիս 22,1999 00:00
namak

Մեր խոսքը «Առավոտ» թերթի խմբագրին եւ «Փրկեք մեզ մեր մարզպետից» վերտառությամբ հոդվածի հեղինակ Լ. Ավագյանին ուղղելուց առաջ ուզում ենք հարց տալ։ Միթե ձեր մեջ հիվանդագին մաղձը Արարատի մարզպետ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ այնտեղ է հասել, որ խեղդվելու համար պատրաստ եք դուրս թափել ամեն տեսակի հերյուրանք ու հայհոյանք, բամբասանք ու զավեշտի հասնող «իրական փաստեր»։

Եթե այո, ուրեմն հիշեք գոնե, որ լկտիությունն ու զրպարտանքն էլ սահմաններ ունի, որ հանրությանն ինչ որ բան ներկայացնելուց առաջ, նախ անհրաժեշտ է ստուգել փաստերը, հավատալ սեփական գրչի տակից դուրս եկող խոտան արտադրանքի գոնե մոտավոր իսկությանը։

Դեռ լավ է, որ «մարդկայնորեն հասկացել եք» 40 էջանոց «խոսք ու զրույցի» նպատակները, բայց թե հասկանալով հանդերձ ինչու եք Ձեզ թույլ տվել նման զբաղվածությամբ հոգնեցնելու մարդկանց աչքն ու ականջը, այդ հասկանալի չէ։

Մենք՝ մարզի զոհված ազատամարտիկների հարազատներս, աշխատանքի եւ պատերազմի վետերաններս, ուսուցիչներս, բուժ. աշխատողներս, մտավորականության ներկայացուցիչներս, չենք կարող ձայն բարբառո հանապատի թողնել Ձեր թերթի մայիսի 11-ի համարում տպագրված անհիմն ու ստահոդ հոդվածը, որի անճշտության մեջ անզեն աչքով էլ կարելի է համոզվել։

Հետաքրքիր է, եթե Դուք նման անպարկեշտությամբ մարդուն մեղադրում եք կաշառատվության մեջ եւ առանց աչք թարթելու վարկաբեկիչ պիտակներ եք կպցնում անգամ հանրապետության պաշտպանության նախարարին, Ձեզ ինչքան են «վարձատրել» այս խայտառակ հոդվածը տպագրելու համար։

Ինչեւիցե, մեր նպատակը Ձեր թերթի գործունեության վերլուծությունը չէ։ Մենք նպատակ ունենք պաշտպան կանգնելու մի մարդու, պետական ու քաղաքական գործչի, որի մարդասիրական ու հայապահպան գործունեությունը հենց մեր աչքերի առջեւ է ծավալվել։

Ամեն շաբաթ 150-200 մարդ է դիմում նրա օգնությանը, այն էլ ամենատարբեր հարցերով՝ սկսած սոցիալական պրոբլեմներից, վերջացրած բուժման խնդիրներով։ Բոլորին սիրով է ընդունում մարզպետը, լսում նրանց, փորձում օգնել։ Եթե հարկ է լինում, նա քաղաքացիներին ընդունում է նաեւ սովորական օրերին։ Մարդիկ նրա մոտից դուրս են գալիս շնորհակալությամբ եւ օրհնանքով։

Նրա համար չկան մեծ ու փոքր հարցեր եւ տա աստված, որ հանրապետության ամեն մի պաշտոնատար անձ մարդկանց հոգսերի ու կարիքների նկատմամբ լինի այնքան ուշադիր եւ հոգատար, ինչքան մեր մարզպետը։

Մենք երբեք չենք ուզենա կորցնել մեր մարզպետին, քանի որ նա, սկսած հասարակ գյուղացուց մինչեւ մտավորականը, պաշտոնատար անձը, սիրված է, ունի հեղինակություն, աշխատելու եւ շրջապատի մարդկանց էլ իր ոգեւորությամբ վարակելու ձիրք, այնպես որ այդ ստահոդ հոդվածը ամենեւին չի կարող ստվերել այն մեծ հեղինակությունն ու հարգանքը, որն ունի Հովիկ Աբրահամյանը։

Չենք թաքցնում, որ հոդվածը մեծ զայրույթ առաջացրեց մարզում։ Մարդիկ չարացել էին այն բանի համար, որ Հովիկ Աբրահամյանին փորձում է անվանարկել «Առավոտ»-ի նման լայն մասսայականություն վայելող թերթը։

Այդ նամակը ընդամենը հարգված մարդուն վարկաբեկելու նպատակով կեղծ զազրախոսությամբ է լցված։

Երեւում է, որ նամակի հեղինակները լցված են չարությամբ եւ դեպքերն ու իրադարձությունները նենգափոխելու անզուսպ ցանկությամբ։

Ինչ վերաբերվում է նամակի տակ դրված ազգանուններին, ապա նախ պետք էր պարզել դրանց իսկությունը։ Ամենայն լրջությամբ ուզում ենք հաղորդել ձեզ՝ հանգիստ թողեք մեր մարզպետին, նա մեզ շատ է պետք։

ՀԱՅԿ ԿՏՐԱԿՅԱՆ

Հ. Գ. Մազաչափ անգամ չկասկածելով «Առավոտ»-ի համարձակությանը, համոզված ենք, որ բազմաթիվ իրական ստորագրություններով ձեզ ուղղված մեր նամակը անպայման տեղ կգտնի Ձեր առաջիկա համարներից մեկում առանց կրճատման եւ առանց փոփոխության։ Մեր դրած ազգանունների եւ ստորագրությունների իսկությանը խնդրում ենք չկասկածել։ Նամակի տակ կա 1700 ստորագրություն, որոնց իսկությունը չենք կարող, չենք ուզում եւ չենք պատրաստվում ստուգել։ Այնուամենայնիվ, արձանագրենք, որ պրն Աբրահամյանը վատ մարզպետ չէ, եթե կարողացել է կազմակերպել եւ մոբիլիզացնել մարզի բյուրոկրատիան, հիմնարկների ղեկավարներին, որոնք հաջողացրել են պարտադրել իրենց աշխատողներին՝ ստորագրել մարզպետին գովերգող նամակի տակ։ Ներբողը տպագրում ենք առանց խմբագրական միջամտության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել