Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՑՈՒԺԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ

Մայիս 22,1999 00:00
Hrayr Margaryan

Հարցազրույց «Սոցուժերի եւ մտավորականների» միության ներկայացուցիչ Հրայր Մարգարյանի հետ

-Պրն Մարգարյան, սոցուժերը վերջին շրջանում բավականին ակտիվացել են, նույնիսկ համապատասխան դաշինքով մասնակցում են խորհրդարանական ընտրություններին։

-Սոցիալիստական ուժերի միությունը կազմավորվել է 1997-ի սեպտեմբերին։ Ստեղծված պահից եղել է բավականին ակտիվ, չնայած, միգուցե, միության գործունեությունը քիչ է լուսաբանվել մամուլում։ Միությունը կազմակերպեց մի շարք միջոցառումներ, որոնք զգալիորեն նպաստեցին իշխանափոխության մեղմ եղանակին։ Նշեմ նաեւ, որ մեծ մասամբ միության նախաձեռնությամբ եւ ջանքերով ստեղծվեցին «Միասնություն եւ Արդարություն» միաբանությունը եւ ՀՀ նախագահին կից Քաղաքական խորհուրդը։ Գաղափարը՝ քաղաքական ուժերի համագործակցությունն էր, քաղաքական դաշտի մեղմացումը։ Այլ հարց է, որ չհաջողվեց այն իրականացնել լրիվ ծավալով։ Այժմյան ակտիվությունը պարզ պատճառ ունի՝ ընտրություններն են։ Կատարվում է իշխանության որոշակի վերաբաշխում, եւ եթե ուզում ես ինչ-որ բան ստեղծել կամ փոխել, ապա դա ավելի էֆեկտիվ կլինի անել, տիրապետելով որոշակի իշխանական լծակների։

-Սոցուժերը ի՞նչ հարաբերությունների մեջ են սոցիալիստական ուղղվածություն ունեցող այլ կուսակցությունների հետ։

-Կոմկուսի հետ առանձնապես շփումներ չունենք։ Բավականին սերտ հարաբերություններ են Առաջադեմ միացյալ կոմկուսի (Վազգեն Սաֆարյան), մի շարք ազգայնական կազմակերպությունների (Նժդեհյան Ցեղակրոն, Իգոր Մուրադյան) հետ։

-Իսկ կոմունիստների հետ հարաբերություններ չունենալը սկզբունքայի՞ն է, թե հենց այնպես։

-Չէ, սկզբունքային չէ։ Դա պարզապես կոմկուսի բռնած դիրքով է պայմանավորված։ Բադալյանը համարում է, որ դա իրենց մոնոպոլիան է եւ ինչ-որ կապված է սոցիալիզմի հետ, Ռուսաստանի հետ եւ այլն։

-Առաջիկա խորհրդարանական ընտրություններից սոցուժերն ի՞նչ ակնկալիք ունեն։ Ձեր միությունը կդառնա՞ խորհրդարանական։

-Մենք համամասնական ընտրացուցակով առաջադրել ենք 47 թեկնածու։ Ակնկալիքները 0-ից մինչեւ 47 են։ Մեր ցուցակի առաջին եռյակում ակադեմիկոս Լորիս Քալաշյանն է, Գալինա Չեռնաուսովան եւ Գրիգորի Ասատրյանը։ Ցուցակում էլի շատ հայտնի մարդիկ կան, օրինակ, Ադբաշյան Դմիտրին, Ֆելիքս Սաֆարյանը, Արա Մարտիրոսյանը։

-Փաստորեն դաշինքը մտավորականների դաշինք է։ Կարծում եք եկել է այն ժամանակը, երբ մտավորականությունը պետք է մտնի՞ քաղաքականության մեջ։

-Այդ պահը միշտ էլ կար եւ ցանկալի է դա։ Մյուս կողմից, եթե ցուցակն ուսումնասիրեք, կտեսնեք, որ այդ մարդիկ իրենց չեն արատավորել։

-Ի՞նչ նկատի ունեք։

-Նկատի ունեմ, որ նրանց անցյալը եւ ներկան բացառապես մաքուր է։ Օրինակ, մեր ցուցակում է նախկին շրջկոմի քարտուղար Գրիգոր Ասատրյանը, որը հայտնի էր նրանով, որ փող չէր վերցնում, այսինքն՝ կաշառք, կոմունիստական տոմսեր չէր վաճառում։ Կամ Լորիս Քալաշյանը…

-Դուք մտավախություն չունե՞ք, որ ձեր ասած չարատավորված կենսագրություն ունեցողները կհայտնվեն Հրանտ Խաչատրյանի «մաքուր ձեռքերի» կողքին։

-Հավատում ենք, որ այդպես չի լինի, բոլորին բավականին լավ ճանաչում ենք, շատերն էլ առիթ ունեցել են այսպես ասած «մաքուր ձեռքերը» կեղտոտել, բայց այդ բանը չեն արել։ Օրինակ, Դմիտրի Ադբաշյանը ղեկավարել է Հայկական ավիացիայի վարչությունը։ Շատ հեռանկարային պաշտոն էր՝ ձեր հարցի կոնտեքստում։ Կամ Միքայել Ապրեսյանը, որի թեկնածությունը մենք պաշտպանում ենք Աբովյանի թիվ 59 ընտրատարածքում։ Եղել է ազատամարտիկ, գնդի հրամանատար։ Գիտե՞ք, ինչ կարողության տեր են այժմ շատերը նախկին հրամանատարներից։ Իսկ Միքայելը չունի ոչինչ, ազատամարտին նա զոհել է իր ամբողջ կարողությունը։

-Եթե ընդունենք, որ «Սոցուժերի եւ մտավորականների» միությունը դառնում է խորհրդարանական դաշինք, ո՞ր ուժերի հետ դուք կհամագործակցեք։

-Նախ նշեմ, որ սոցիալիզմ ասելով, մենք չենք հասկանում հասարակական-տնտեսական համակարգ, դա նախեւառաջ բարոյական, հոգեւոր կատեգորիա է մեզ համար։ Ազատություն, հավասարություն, եղբայրություն՝ այս կարգախոսը չի կորցրել իր ակտուալությունը։ Սոցիալիզմը դա հումանիզմ է, դա մի հասարակություն է, ուր մարդը մարդու եղբայրն է, բարոյական չափանիշները առաջին տեղում են։ Նախ պետք է ապրել հոգով եւ ոչ թե ստամոքսով… Քանի դեռ ծնողները տեսնում են իրենց զավակների ապագան ոստիկանությունում, հարկային, մաքսային եւ այլ տեսչություններում, մենք դժվար կարողանանք ինչ-որ բան փոխել մեր երկրում։ Իսկ համագործակցելը՝ կախված է կոնկրետ խնդիրներից։

-Այսինքն սոցուժերը դեմ չե՞ն շուկայական, ազատական հարաբերություններին։

-Տնտեսական ոլորտում եւ ընդհանրապես մենք ազատության կողմնակից ենք եւ իրավահավասարության։ Սեփականության ձեւերը պետական կլինեն, բաժնետիրական կամ մասնավոր ձեռնարկություն, թող լինի։ Որն ավելի էֆեկտիվ է, թող դա էլ լինի։ Էական նշանակություն չունի։ Պարզապես ամեն ինչ պետք է լինի հանուն մարդու, հօգուտ մարդու, ձեւերը կարեւոր չեն։

-Սոցուժերը ինչպե՞ս են գնահատում նախընտրական ընտրարշավը։

-Նախեւառաջ մենք այսպիսի մոտեցում ունենք՝ ժողովուրդը պետք է իմանա ո՞վ է արժանի, եւ հնարավորություն ունենա արժանի մարդկանց ընտրել։ Հիմա ժողովուրդը շատ ապակողմնորոշված է եւ չգիտի թե ում կարելի է ընտրել։ 1995-ի համեմատ ընտրություններն անցնում են անհամեմատ ավելի մեղմ եղանակով։ Բայց այս անգամ տագնապալի եւ շատ վտանգավոր մի երեւույթ է առկա՝ ես նկատի ունեմ հանձնաժողովներում տեղերի համատարած առքուվաճառքը։ Եվ դրան անմասն չեն բոլոր կուսակցությունները, բացի, միգուցե ԱԺՄ-ից։ Այս առումով բնորոշ է թիվ 21 ընտրատարածքը։ Այստեղ, բացի մյուսներից, առաջադրվել էին Ռազմիկ Մարկոսյանը, որը, համենայնդեպս քաղաքական շրջանակներին, հայտնի է իր բացարձակ ազնվությամբ, մարդկայնությամբ, բարոյականությամբ, այն հատկանիշներով, որոնց մասին աղմկում են բոլոր կուսակցությունները ամեն մի անկյունում, եւ Արթուր Բաղդասարյանը, որը, նույնպես հայտնի է, ձեր թերթը բազմիցս գրել է՝ ինչով։ Եվ արի ու տես. հանձնաժողովում տեղերի ճնշող մեծամասնությունը պատկանում է վերջինիս, այդ թվում նաեւ դաշնակցության եւ կոմկուսի տեղերը։

-Արցախի հարցի կապակցությամբ սոցուժերը կարծեմ այլ կարծիք ունեն։

-Ղարաբաղյան հարցի մասին մեր մոտեցումն այն է, որ Ղարաբաղը Հայաստան է, ու վերջ։ Մենք համարում ենք, որ Մինսկի գործընթացի սահմաններում հարցը լուծում չի ստանա, եթե ստանա էլ ինչ-որ լուծում, դա կբխի ոչ թե Հայաստանի, Ադրբեջանի կամ Ղարաբաղի ժողովուրդների շահերից, այլ ուրիշ տիրությունների շահերից։ Այդ հարցի նորմալ լուծումը պետք է փնտրել Կովկասի սահմաններում առանց Արեւմուտքի միջամտության, ռեգիոնալ ինտեգրացման գործընթացում։ Մենք այդ հարցի լուծման ուղիները տեսնում ենք։

-Աշոտ Մանուչարյանի անունը այսպես թե այնպես ակնհայտորեն կապվում է սոցուժերի հետ, սակայն նա ընդհատակ անցած գործչի պես է իրեն պահում։

-Մանուչարյանը շատ մեծ քաղաքական փորձ ունի ու քաղաքական բնազդ։ Կարծում եմ, որ նա ճիշտ է վարվում։

-Սոցուժերի ակտիվ քաղաքականություն մտնելը նշանակո՞ւմ է որ Մանուչարյանը եւս վերադառնում է ակտիվ քաղաքականություն։

-Մանուչարյանը քաղաքականությունից երբեք չի հեռացել։ Քաղաքականությունը, ազգային անվտանգության հարցերը միշտ չէ, որ երեւացող պրոցեսներ են։ Եվ ավելորդ հրապարակայնությունը հաճախ կարող է հանդիսանալ որպես խանգարող հանգամանք։

Զրույցը վարեց

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31