Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կեղծվելիք ընտրություններ

Մայիս 22,1999 00:00
boykot yntrutyun

Ինչպես խոստացել էինք, թերթի շաբաթօրյա համարում «Առավոտը» զրույցի է հրավիրել ԱԺ պատգամավոր, թիվ 40 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Դավիթ Մելիքյանին։

-Ինչպե՞ս է ընթանում Արմավիրում տեղամասային ընտրական հանձնաժողովների ձեւավորման գործընթացը։

– Արմավիրի մարզային ընտրական հանձնաժողովի աշխատակիցներին, ըստ էության, ղեկավարում է փոխմարզպետ Մեխակ Մխիթարյանը, որը տարածաշրջանում ճանաչված է որպես ինտրիգների մեծագույն վարպետ։ Հանձնաժողովի նախագահները հիմնականում նշանակվում են նրա կողմից։ Եղել են դեպքեր, երբ այս կամ այն հիմնարկի տնօրենը հրաժարվել է հանձնաժողովի նախագահ լինելուց, որին հետեւել է պարոն Մխիթարյանի շատ նրբանկատ զգուշացումը. «Կամքը քոնն է, բայց հետեւանքների մասին մտածիր»։

– Իսկ մարզպետ Հերոյանը տեղյա՞կ է իր տեղակալի գործելակերպին։

– Չնայած մարզային խորհրդակցություններում Ալբերտ Հերոյանը գյուղապետերին բազմիցս զգուշացրել է չխառնվել ընտրություններին եւ չպաշտպանել որեւէ թեկնածուի, սակայն փոխմարզպետը առանձին գյուղապետերի եւ անձանց վրա ճնշումներ է գործադրում՝ ստիպելով պաշտպանել իր թեկնածուին, որը կոնկրետ մեր ընտրատարածքում Նահապետ Գեւորգյանն է։ Մարզպետը հայտարարում է, որ այս ընտրությունները պետք է անցնեն ազատ եւ արդար, սակայն մարզային հանձնաժողովներում սկսվել է խախտումների գործընթացը։ Մարզպետը հայտարարում է, որ ամբողջ խստությամբ կպայքարի ընտրակաշառքների դեմ, սակայն թիվ 40 ընտրատարածքի իրենց թեկնածուի կողմից արդեն սկսվել է ընտրակաշառքներ բաժանելու գործընթացը։ Եթե մի գյուղապետ հրաժարվում է իր գյուղում խորքային պոմպ տեղադրել, նրան հրավիրում են «գողական ռազբորկի»։ Իմ եւ նշված թեկնածուի միջեւ կար նախնական համաձայնությունը, որ ընտրապայքարը պետք է լինի ազնիվ ճանապարհով։ Այդ համաձայնությունը Նահապետ Գեւորգյանի կողմից վաղուց խախտված է։

– Իսկ ի՞նչ ձեւով է կատարվում ընտրակաշառքը։

– Արաքսի գյուղապետ Թովմաս Սարգսյանը տասը օրով անջատում է գյուղի ջրամատակարարումը, պատճառաբանելով, թե վառվել են խորքային պոմպերը։ Տասը օր հետո ջրամատակարարումը վերականգնվում է, եւ նույն գյուղապետը հայտարարում է, որ վառված պոմպերը Նահապետ Գեւորգյանի կողմից փոխարինվել են նորերով։ Շենավան գյուղում կատարվում է գյուղամիջյան ճանապարհի ավազապատում։ Բերքաշատ գյուղի հինգ բնակիչ դիմել է ինձ՝ իբրեւ ԱԺ պատգամավորի, բողոքելով, որ իրենց ձեռքից վերցվել են սահմանային անցագրերը, վերադարձնելու այն պայմանով, եթե քվեարկեն իրենց ասած մարդու օգտին։ Նահապետ Գեւորգյանն իր գյուղում բաժանում է շաքարավազ, իսկ Գետաշենում՝ սուրճ։

– Հոկտեմբեր գյուղը բոլոր ընտրություններում աչքի է ընկել մեծ չափերի հասնող ընտրակեղծիքներով։ Ձեր նշած թեկնածուն հենց այդ գյուղից է։ Ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել ընտրակեղծիքների դեմ։

– Ես այսօր վստահորեն կարող եմ հայտարարել, որ Հոկտեմբեր գյուղի ընտրատեղամասերում պատրաստվում են ընտրություններն անցկացնել կեղծիքներով ու խախտումներով։ Եվ պատահական չէ, որ այս գյուղից գրանցված թեկնածուի շտաբից լուրեր են տարածվում, որ գյուղի 3800 ընտրողների 95 տոկոսը մասնակցելու է ընտրություններին։ Այդ գյուղում ընտրությունները մշտապես անցել են կեղծիքներով եւ կոպիտ խախտումներով, այսօր նույն մարդիկ փորձում են չխախտել ձեւավորված ավանդույթը։ Ընտրակեղծիքների դեմ պայքարելու համար մտադիր են հրավիրել միջազգային դիտորդների, որպեսզի ամբողջ օրը հսկողություն սահմանեն Հոկտեմբերի ընտրական տեղամասերում։ Գրավոր դիմելու եմ իրավապահ մարմիններին՝ ուժեղացնելու հսկողությունը նշված տեղամասերում։

– Ի՞նչ կարծիքի եք մարզում «Միասնություն» դաշինքի ընտրարշավի մասին։

– «Միասնություն» դաշինքի մարզային շտաբի պետ է նշանակվել փոխմարզպետ Մեխակ Մխիթարյանը, որը, իմ կարծիքով, արդեն տապալել է «Միասնություն» դաշինքի նախընտրական քարոզարշավը։ Իր թեկնածու Նահապետ Գեւորգյանին ամեն կերպ անցկացնելու համար նա համագործակցում է բոլոր կուսակցությունների, այդ թվում՝ նույնիսկ Դաշնակցության հետ։ Տեղի է ունենում ձայների առեւտրի պարզ թվաբանություն։ Մենք՝ ձեր մեծամասնական թեկնածուին, դուք՝ մեր համամասանական ցուցակին։ Դաշինքի համար աշխատող «Երկրապահ» կամավորականների միությունը մեկուսացվել է ընտրարշավից, եւ նրա կատարած աշխատանքների հաջողության դափնիները բաժին կհասնեն բոլորովին ուրիշ մարդկանց։

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31