Ազգային հեռուստատեսությամբ հաղորդվել է, որ մայիսի 25-ին Ստրասբուրգում տեղի են ունենալու լսումներ՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հարցին, որին մասնակցելու են Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարությունը եւ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները։
Եւրոպայի խորհրդում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Շմավոն Շահբազյանի պարզաբանումները խնդրո առարկայի վերաբերյալ «Առավոտը» տպագրել է մայիսի 20-ի համարում, իսկ այսօր ներկայացնում ենք այդ կառույցում Ադրբեջանի ներկայացուցիչ Էլման Աղաեւի խոսքը։
– Ինչպես հայտնի է, դեռեւս անցյալ տարվա կեսերին Հայաստանի եւ Ադրբեջանի հարցերով զեկուցողները հանդես եկան նախաձեռնությամբ՝ կազմակերպել լսումներ հակամարտության կարգավորման համար՝ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։ Արձանագրված էր, որ դա պետք է տեղի ունենա Հայաստանի եւ Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհուրդ ընդունվելու դիմումները քննարկելու շրջանակում։ Նախաձեռնության մասին հիշատակումը նախեւառաջ տեղ գտավ Հայաստանի եւ Ադրբեջանի զեկուցողների պատրաստած փաստաթղթերում, որոնք հանձնվեցին քաղաքական հանձնաժողովին։ Ավելի ուշ փաստաթուղթը հրապարակվեց ԵԽ ԽՎ Լյուբլյանայում գումարված քաղաքական հանձնաժողովի նիստում։ Դա անցյալ տարվա ամռանն էր։ Ադրբեջանական կողմն այդ լսումները կազմակերպելու հարցում որոշակի առարկություններ ուներ, քանի որ այնտեղ նշված չէր, որ լսումներին պետք է հրավիրվի իբրեւ շահագրգիռ կողմ հանդես եկող Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը եւս։
Նախատեսվում էր, որ հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունները, եւ, ինչպես փաստաթղթում էր արձանագրված՝ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ներկայացուցիչը։ Ադրբեջանը սեպտեմբեր ամսին արդեն՝ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, քաղաքական հանձնաժողովի նիստում, ներկայացրեց սեփական առաջարկությունները։ Մենք ենթադրում էինք, որ որոշումը պետք է վերանայվեր։
Կարդացեք նաև
Ցավոք, քաղաքական հանձնաժողովը պահպանեց հանդիպման նույն ֆորմատը, փոքր-ինչ փոփոխության ենթարկելով միայն լսումների բանաձեւը։ Այդպիսով, լսումները նշանակվեցին նոյեմբերին։ Այդ վճռից հետո ադրբեջանական կողմը վերստին ներկայացրեց իր առարկությունները՝ մատուցելով համապատասխան փաստարկները եւ մասնավորապես մատնանշելով բանակցային գործընթացի մանդատի գոյության հանգամանքը, որը որոշվել է դեռեւս 1992 թվականի մարտին՝ ԵԱՀԿ-ի Նախարարների խորհրդի նիստում։ Արձանագրվել է, որ բանակցությունները պիտի վարեն Հայաստանը եւ Ադրբեջանը, իսկ որպես շահագրգիռ կողմեր պետք է ներկայացվեն Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական եւ հայկական համայնքները։ Մենք կարծում ենք, որ ԵԱՀԿ դրսեւորած մոտեցումները խախտվել են Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի որոշման մեջ։
Քաղաքական հանձնաժողովը փոխզիջումներ գտնելու երրորդ փորձը եւս արեց։ Նոյեմբերի 3-ին տեղի ունեցավ եւս մեկ նիստ, որի ժամանակ, սակայն, չփոփոխվեց հանդիպման ֆորմատը։ Այսինքն՝ հրավիրվում էր Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը՝ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ներառյալ։ Նրանց նկատի չէին առել իբրեւ առանձին պատվիրակություն՝ ներառելով ադրբեջանական պատվիրակության մեջ։ Սակայն, մյուս կողմից, արձանագրվում էր, որ պետք է ներկայանան Հայաստանի խորհրդարանական պատվիրակությանն ու այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի իշխանությունները։
Ադրբեջանի խորհրդարանի նախագահի ստորագրած հերթական նամակով մենք նորից ներկայացրեցինք մեր առարկությունները՝ սակայն այդ անգամ իբրեւ վերջական որոշում։ Դրանից հետո վճռվեց լսումներն անցկացնել դեկտեմբերի 16-ին Փարիզում։ Բայց նամակով մենք արդեն որոշակիացրել էինք մեր նկատառումները, թե ինչու էինք հրաժարվում մասնակցել լսումներին։
Լսումները տեղի են ունեցել Փարիզում։ Մեր ձայնը չի լսվել։ Հնչեցվել են միայն Հայաստանի եւ Ղարաբաղի մոտեցումները։ Բոլոր դեպքերում՝ քաղաքական հանձնաժողովը մեզ իրավունք է վերապահել արտահայտել սեփական տեսակետը։
Ես պետք է ասեմ, որ մայիսի 25-ին տեղի ունենալիք ունկնդրումները զուտ Ադրբեջանի համար կազմակերպված լսումներ չեն։ Դա, կարծես, Փարիզում սկսված լսումների՝ Ադրբեջանի համար ռեզերվացված մասն է, սա լսումների ընդամենը հետաձգված մասն է։ Ցավոք՝ մեզ չհաջողվեց քաղաքական հանձնաժողովին համոզել, որ Ղարաբաղի ադրբեջանական համայնքը ներկայացված լինի առանձին։ Պաշտոնական հրավերն ուղղված է Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են Ղարաբաղի ներկայացուցիչները՝ 2 առանձին հրավեր ուղարկվել է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին։
Հիմա Ադրբեջանը հնարավորություն կունենա ասել այն, ինչը չի ասել Փարիզում։
Կարծում եմ, դրանից հայկական կողմը չպիտի անհանգստանա։
ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ