Վերջերս «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի առաջնորդ Արտաշես Գեղամյանը հայտարարել է, թե ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանն իր աջակցությունը դաշինքին խոստացել է ԱԺ-ում իր հայտնի բոցաշունչ ելույթից հետո։ Այդ ելույթին զուգահեռ պրն Գեղամյանն ամբիոնից «հիշատակեց» նաեւ Վաչագան Հարոյանին. վերջինս էլ՝ ոչ սիրալիր արտահայտություններ էր իրեն թույլ տվել պրն Գեղամյանի հասցեին։ Ու պրն Գեղամյանի խիզախությունից հիացած՝ տեղի էր ունեցել պրն Բաբայանի պատմական հեռախոսազանգը։ «Առավոտը» Վաչագան Հարոյանից փորձեց ճշտել նրա կարծիքն այս առթիվ։ – Ես միայն Գեղամյանի արտահայտությունների վրա քմծիծաղ եմ տվել։ Ինքը դա տեսնելով՝ իրեն թույլ տվեց այդ արտահայտությունը, ես էլ պատասխանեցի։ Եվ եթե Սամվել Բաբայանը դրա համար է մեծ գումարներ բերում Հայաստան, ես կաշխատեմ նորից վիրավորել Գեղամյանին։ Ահա թե ինչպես է պետք ներդրումներ բերել Հայաստան։
ՎԱՏ ԼՈՒՐ
Լոռու մարզի թիվ 52 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Հովիկ Մատինյանը դժգոհ է Շնողի գյուղապետ Հայկազ Քոչինյանից (Լոռու մարզպետի եղբայրն է)։ Հիշեցնեմ, որ Քոչինյանների մյուս եղբայրը՝ Հովհաննես Քոչինյանը պատգամավորության թեկնածու է առաջադրված նույն ընտրատարածքում։ (Մարզպետները, չուզենալով թողնել իրենց պաշտոնը, «կոճակ սեղմելու են» ուղարկում իրենց եղբայրներին։ Նույն ձեւով է վարվել Արարատի մարզպետը)։ Գյուղապետ Քոչինյանը օրենքի խախտում կատարելով ընտրողների ցուցակները հրապարակել է ոչ թե ընտրություններից 40 օր առաջ, այլ՝ վերջերս, այն օրերին, երբ շրջան պետք է այցելեին «Միասնություն» դաշինքի ղեկավարները։ Պատգամավորության թեկնածու Հովիկ Մատինյանը վերոհիշյալ փաստի կապակցությամբ դատի է տվել Շնողի գյուղապետին։ Դատական նիստը կկայանա երեքշաբթի օրը։