«Իրավունք եւ միաբանություն» նախընտրական դաշինքը երեկ իր քարոզարշավը շարունակեց բակային հանդիպումներով։ Թե ինչո՞ւ են նախընտրում բակային հանդիպումները, շտաբի մամուլի պատասխանատու Վիգեն Հակոբյանը նկատեց. «Դրանք սարքովի չեն, չեն ուղեկցվում ոչխարներով կամ մատաղներով»։ Այդ կարգի հանդիպումներ կազմակերպվում են այն տարածքներում, որտեղ դաշինքը աջակցում է մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին։ Երեկ ժամը 20.00-ին բակային քարոզչություն էր նախատեսվել Քոչարի թիվ 9 շենքի բակում…
Երեկ առավոտյան «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի շտաբից մեզ հայտնել էին, թե Մասիսի շրջանի Գեղանիստ գյուղում հրդեհվել է իրենց տեղի շտաբը։ Նախնական վարկածներ նույնիսկ առաջ քաշվեցին. «Տեղական իշխանիկներին զայրացնում է այն, որ դաշինքի ռեյտինգը բարձրանում է», կամ՝ շտաբները հրդեհվում են գլխավորապես իշխանությունների կողմից։ Վերջապես, ժամը 18.00-ին փորձեցի լրացուցիչ ճշտել հրդեհի դիմադիր կամ ընդդիմադիր լինելու հարցը։ Պարզվեց, որ հրդեհը կապ չունի «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի շտաբի հետ. այրվել էր մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրված Վաչիկ Ադիլխանյանի շտաբը, մեկի, որը տվյալ գյուղի գյուղապետն է։ «Իրավունք եւ միաբանություն» նախընտրական դաշինքը կիրակի օրը կլինի Գյումրիում։
Ռ. Մ.