Լրահոս
Օրվա լրահոսը

Зри в корень

Մայիս 22,1999 00:00
babken ararkcyan

«Մենք մեր կազմակերպության անունը «Արմատ» ենք դրել եւ չենք վախենում ասել, որ արմատական ենք լինելու։ «Արմատ»՝ լավ իմաստով»,- հայտարարեց երեկ «Հանրապետություն» խմբակցության նախագահ Բաբկեն Արարքցյանը։

Նա արդեն նաեւ «Արմատ» ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի նախագահն է։ Այն, որ ստեղծվել է այսպիսի կազմակերպություն, «տեղյակ է Լեւոն Տեր-Պետրոսյանը, տեղյակ են շատերը»։ Քանի որ առայժմ պրն Տեր-Պետրոսյանը քաղաքական ակտիվ կյանք վերադառնալու բացահայտ նկրտումներ չունի, դժվար է գուշակել՝ այս կազմակերպությո՞ւնը հետագայում կլինի նրա քաղաքական հենարանը, թե՞ ոչ։ Ամեն դեպքում Բաբկեն Արարքցյանը նախկին ՀՀ նախագահի հետ որեւէ տարաձայնություն չունի։

«Արմատի» խորացման համար պարարտ հող են ստեղծել 24 հիմնադիր անդամները (որոնց մեծ մասն ԱԺ պատգամավոր են)։ «Արմատի» հիմքում այն մարդիկ են, որոնք բոյկոտել են խորհրդարանական ընտրությունները։ Այն, որ լիբերալ-դեմոկրատական ուժերին չի միացել, ասենք, ԱԺՄ-ն, պրն Արարքցյանը բացատրում է այսպես. «Չմեղադրելով որեւէ մեկին՝ ընտրություններին մասնակցելու համար, նրանց հետ մենք սկզբունքային տարաձայնություն ունենք։ Բայց մենք բաց կազմակերպություն ենք…»։ Իրոք, կազմակերպությունն այնքան «բաց» է, որ պատրաստ է համագործակցել նաեւ ՀՀՇ-ի հետ։ Բաբկեն Արարքցյանը չթաքցրեց, որ թեեւ «Արմատը» հասարակական կազմակերպություն է, սակայն ունի նաեւ քաղաքական շեշտադրումներ։ Կազմակերպության անդամները մի քանի կուսակցությունների անդամներ են։ Այնպես որ, կուսակցական կաղապարներից դուրս գալու եւ ավելի ակտիվ գործելու նպատակով գրանցվել են ոչ թե որպես մեկ ամբողջական կուսակցություն, այլ որպես հասարակական կազմակերպություն։

«Շատ բաներ, որ 6 ամիս առաջ չէինք պատկերացնում, այսօր արդեն ուրիշ ձեւով ենք պատկերացնում։ Կապրենք կտեսնենք»,- կազմակերպության՝ հետագայում կուսակցություն դառնալու հեռանկարն այսպես ներկայացրեց պրն Արարքցյանը։ Ի դեպ, «մենք ուզում էինք, որ մինչեւ ընտրությունները հռչակվի այս կազմակերպությունը եւ ընդգծենք, որ այս կազմակերպության հիմնադիրները չեն մասնակցում այս ընտրական ֆարսին։ Որովհետեւ ընտրություններից հետո դա այլ երանգ կունենար»։ Պրն Արարքցյանը եւ «Արմատի» այլ հիմնադիրներ իրենց «ստավկան» դնում են այն հանգամանքի վրա, որ ընտրություններից հետո շատ-շատերը հիասթափվելու են եւ ափսոսելու ընտրություններին իրենց մասնակցության համար։

Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31