Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՐՇԵՋՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԻ ՆՄԱՆՎԵՔ»

Մայիս 22,1999 00:00
Sergey Badalyan

Գրականությունից մեջբերումներ անելով խորհուրդ է տալիս ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, ԱԺ պատգամավոր, պատգամավորության թեկնածու Սերգեյ Բադալյանը։

«Իհարկե, ժողովրդի մեջ տագնապ կա, որ այս ընտրությունները եւս կանցնեն հին սցենարով, որոշ ուժեր հավակնում են 80%-ի, ես էլ ամեն անգամ հանդիպումների ժամանակ ասում եմ մարդկանց, որ այդ 80%-ը մենք մի անգամ արդեն տեսել ենք 95-ի հունիսի 8-ին. օպերայի թատրոնում Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմելով դահլիճին ասաց, որ այս դահլիճում նստած է ապագա ԱԺ-ի 80%-ը։ Այդ 80%-ն այսօր զավեշտ է դարձել»։ Սա մի կողմից մարդկանց մեջ անվստահություն է ծնում ընտրությունների նկատմամբ, ինչ-որ կասկածներ կան, արդեն «լայն կերպով գործում է ընտրակաշառքը, արդեն գործում են իշխանության համապատասխան օղակները»։

Սերգեյ Բադալյանը հանրապետության. «41 շրջաններից ու քաղաքներից» արդեն եղել է 39-ում եւ զգացել է, որ ժողովուրդն այսօր շոշափելիորեն տարբերվում է 95-ի ժողովրդից։ Այսօրվա հայ ժողովուրդը «քաղաքացիական հասունացման ճանապարհ է անցել եւ կա վճռականություն՝ գնալ եւ քվեարկել, իր ակտիվ մասնակցությունը դրսեւորել ընտրությունների ժամանակ»։

Ոտքերի տակ ոչխար մորթելը կոմունիստները բարբարոսություն են համարում։ Ճիշտ է, կոմունիստների ոտքերի տակ ոչխար չեն մորթում, բայց ամենուրեք նրանց դիմավորում են մարդկային հարգանքով. «Մենք ի վիճակի ենք այսօր ժողովրդի հետ խորհրդի նստել, լսում ենք անպայման իրենց, չենք շտապում, մեր այցելություններն այս կամ այն շրջանում ժամը 8-9-ից տեւում են մինչեւ 23-24-ը»։

Սերգեյ Բադալյանը հուսով է, որ գալիք ընտրություններում ժողովուրդը պետք է, որ մի քայլ առաջ անցնի դեպի ժողովրդավարական ընտրությունները։ Սակայն, եթե հանկարծ կոմունիստական կուսակցությունն առաջին տեղը չգրավի առաջիկա ընտրություններում, ապա կոմկուսը ընտրությունները կհայտարարի անարդար եւ անազնիվ։ Ակտիվությունն ու աշխուժացումը նախընտրական փուլում, ընկեր Բադալյանի կարծիքով, նշանակում է, որ որոշ քաղաքական ուժեր փորձում են կրկնել նախորդ ընտրությունները։ Ի հակադրություն կրկնությունների սիրահարների, կոմկուսը ձգտում է այս ընտրությունները վերջապես անցկացնել ազնիվ եւ արդար, քանի որ «մեր ժողովուրդն արժանի է դրան»։ Այս գիտակցությունը, սակայն, միայն կոմկուսի մենաշնորհը չէ. «Մի շարք լուրջ քաղաքական ուժեր, որոնց հետ մենք գուցե արմատական տարաձայնություններ ունենք գաղափարական եւ քաղաքական հարցերում, այնուամենայնիվ, հաջողվել է գործնական հարցերում որոշակի համագործակցություն իրականացնել, որպեսզի վերահսկման մեխանիզմը գործի։ (…) Խոսքը հիմնականում ԱԺՄ-ի եւ դաշնակցության մասին է, նրանց հետ մենք կարողացել ենք պայմանավորվել, որպեսզի համատեղ ջանքերով, գիտակցելով մեր պատասխանատվությունը ժողովրդի առաջ, նպաստել վերջապես ազատ, արդար եւ ազնիվ ընտրություններ անցկացվելուն մեր հայոց հողում»։

Մամուլից ընկեր Բադալյանն առանձնապես դժգոհ չէ, նրա կարծիքով, ժողովրդի քաղաքական հասունացմանը զուգահեռ հասունացել է նաեւ ժուռնալիստիկան։ Օրեցօր լրագրողները ձգտում են ավելի վերլուծական, ավելի չպատվիրված մոտեցման՝ Սերգեյ Բադալյանի կարծիքով։ Հիմնականում ե՛ւ պետական, ե՛ւ մասնավոր ալիքներով է հնչում կատաղի հակակոմունիզմը։

Նույնիսկ այն դեպքում, երբ լրագրողները փորձում են օբյեկտիվ լուսաբանել կոմկուսի աշխատանքները, «ամենալրջագույն եւ ազդեցիկ կուսակցություններից մեկի», այնուամենայնիվ, մի «կծոց, հեգնանք» են մտցնում։ Սակայն կոմկուսն այնքան «իմունիտետ է ձեռք բերել, որ մեզ այդպիսի բաներով դիպչել արդեն հնարավոր չէ»։ Այդ կծոցներով լրագրողներն իրենք իրենց են վնասում. «Որոշ կանալներ (հեռուստաալիքներ) եւ որոշ լրագրողներ բուլվարային մակարդակից դեռ ոտքի չեն կանգնել եւ կատարում են միայն քաղաքական պատվեր»։

Անկեղծորեն ափսոսում եմ, որ հայկոմկուսի ֆինանսական սուղ միջոցները հնարավորություն չեն տալիս սեփական հեռուստաալիքն ունենալ, որը կկատարեր կոմկուսի պատվերը։ Կոմկուսը միջոցներ չունի նաեւ պատվիրված սոցիոլոգիական հարցումներ անցկացնի եւ «պատվիրված արդյունքներ» ստանա, ինչպես որ անում են այլ կուսակցությունները եւ դաշինքները։

Կոմկուսն իր մասին կարծիքներ ունի ժողովրդի հետ կենդանի շփումներից. «Կոմկուսն անընդհատ ակների վրա է, եւ Հայաստանում չկա մի այլ քաղաքական գործիչ, որը Մեղրիից մինչեւ Ախուրյան գնացած լինի եւ տասնյակ-հազարավոր մարդկանց հետ անմիջական շփման մեջ լինի, ինչպես ես եւ իմ ընկերները»,- հպարտացավ ընկեր Բադալյանը։ Իսկ մենք մեր կողմից ավելացնենք, որ այդ բանն ասելու համար ընկեր Բադալյանը նաեւ տեսանելի ապացույց ուներ՝ սեփական մաշկի կարմրությունը, որը ոչ թե կուսակցական պատկանելության մասին է վկայում, այլ՝ հայրենի արեւի զորության։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Հ. Գ. Սերգեյ Բադալյանը, Գագիկ Թադեւոսյանը (թիվ 31 ընտրատարածքի թեկնածու), Յուրա Մանուկյանը (թիվ 11 ընտրատարածքի թեկնածու) երեկ լրագրողներին հանդիպեցին Լրագրողի տանը։ Հուսով ենք, հետգրությունը կոմունիստների կողմից քաղաքական պատվեր չի դիտվի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել