Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐԱՐՇԱՎԻՆ՝ ԱՆՏԵՂՅԱԿ

Մայիս 22,1999 00:00
Shavarsh Qocharyan

Ընտրություններին՝ անտարբեր

Քարոզարշավի շրջանակներում ԱԺՄ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը մայիսի 20-ին այցելեց Ստեփանավան։ Եղանակը բոլորովին էլ բարենպաստ չէր։ Հայաստան ներխուժած ինչ-որ սառը ցիկլոն հյուսիսային շրջաններում սեփական արշավն էր սկսել։ Տեղ-տեղ կարգին էլ ձյուն էր եկել։ ԱԺՄ-ի միտինգ անցկացնելու համար տեղի ՀՅԴ-ի գրասենյակը եղբայրաբար իր բարձրախոսն էր տրամադրել։ Սարքավորումը, թարսի պես, միտինգից առաջ փչացել էր։ Հետո, միտինգի ժամանակ, եղանակը փչացավ՝ սկսեց կարկուտ գալ։ ԱԺՄ լիդերը միտինգավորների հետ պատսպարվեց Ստեփան Շահումյանի տուն-թանգարանի ծածկի տակ։ Մինչ Շավարշ Քոչարյանը քարոզում էր իր կուսակցության ծրագիրն ու թեկնածուին, միտինգավորներից մեկը նախանձով բացատրում էր, որ «Օրինաց երկրի» անդամ դառնալը լավ բան է։ Այդ կուսակցությունն իր հաշվին անդամներին Երեւան էր բերել։ Ստեփանավանի այդ բնակիչը նրանց նախանձում էր ճիշտ այնպես, ինչպես դուք կնախանձեք եվրոպական կրուիզ մեկնողներին։

Այս ամենի ֆոնի վրա հաճելի էր իմանալ նաեւ, որ Ստեփանավանի շրջանի թիվ 53 ընտրատարածքում 13 պատգամավորության թեկնածու (առը, հա՛- Ա. Գ.) է գրանցված։ Եվս մեկն ընտրապայքարից հրաժարվել էր։ Ստեփանավանցիները նեղացել էին, որ Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը միտինգի ժամանակ չէին հիշել այդ տեղամասում իրենց թեկնածուի անունը։ Թեկնածուն քաղաքի հարեւանությամբ գտնվող Վարդաբլուր գյուղի գյուղապետն է։ Այդ գյուղում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նկատելի էր, որ գյուղացիները հակված չէին միմյանց ներկայությամբ անկեղծ զրույցի։ Իսկ Ստեփանավանում բնակիչներն ասում էին, որ Դեմիրճյանը կոչ էր արել՝ ձայն չտալ ընտրասֆալտ փռողներին։ Նրանց վկայությամբ ընտրասֆալտի գործում ամենաակտիվը «Միասնության» թեկնածուն է։ Այս տողերը հակագովազդ ընկալել չի կարելի, որովհետեւ այս տարածքում մամուլ կարդացողները հասկանալի պատճառով շատ քիչ են։

Մեկ ուրիշ բնակիչ հուզվել էր իր ու մեր երկրում կուսակցությունների քանակից։ Մյուսը համոզում էր, որ ինքն ընդամենը երեք կուսակցություն գիտի։ Ճանաչում էր կոմկուսին, դաշնակներին ու Արշակ Սադոյանին։ Վերջինիս մասին կարելի է ավելացնել նաեւ բազում տեղերում հնչած բնութագիրը «Ժողովրդի սրտից խոսող ու մաքուր ձեռքեր ունեցող»։ Այնպես որ, մաքուր ձեռքերը գոնե Ստեփանավանի տարածքում ՍԻՄ-ի մենաշնորհը չէ։

Ռուսաստանը հնուց հայտնի երկու պրոբլեմ ունի «дороги и дураки»։ Այն, որ դուռակների գծով մենաշնորհը Ռուսաստանինը չէ. Հայաստանում համարյա բոլորը գիտեն։ Գյուղական ճանապարհներով անցնելիս համոզվեցինք, որ վատ ճանապարհներն էլ ռուսական մենաշնորհը չեն։ Հիշեցինք՝ անձրեւ էր, ցեխ («շլյոպա»- կասեին ավանդապաշտ նաիրցիները)։

«Ժողովուրդը տուկատվել ա, ինձ մի ձեն ա մնացել, էդ մի ապրուստն ունեմ, էդ էլ ընտրություններին տամ, ինձ բան չի մնա»,- բողոքում էր մի գյուլագարակցի։ Գյուղերից մեկում մի ծերուկ բաց տեքստով ընտրակաշառք էր ուզում։ Ընտրակաշառք բառը չգիտեր, ասում էր. «Մի կիլո լոբի տվեք, մի շաբաթ կուտենք»։ Ստեփանավանում ԱԺՄ-ի պատգամավորության թեկնածու Սամվել Մելիքսեթյանի մասին մեկ-երկուսն ասացին՝ «լավ տղա ա, ամա ձեռքը սառն ա»։ Պարզեցինք՝ նշանակում է՝ ոչ փող ունի, ոչ էլ պաշտոն։ 1996 թ. նախագահական ընտրություններից առաջ երաժշտական դպրոցի տնօրեն էր աշխատել, հետո հեռացրել էին։ Չէր ներվել մասնակցությունն ընտրություններին։

Ասենք նաեւ, որ քարոզարշավի ընթացքում Շավարշ Քոչարյանը լուսավորչական աշխատանք էլ էր տանում։ Ժողովրդին բացատրում էր, թե ինչպես պետք է մասնակցել քվեարկություններին, համամասնական ու մեծամասնական ասածն ինչ է։ Հետո ասաց, որ իր կուսակցության ծրագիրը 96 թվականից չի փոխվել, «որովհետեւ, ցավոք, երկրում դրական տեղաշարժեր չկան»։

Հնարավորություն ունեցանք դիտելու տեղական քարոզարշավը տեղական հեռուստատեսությամբ։ 53 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու է հայտնի բժիշկ, պրոֆեսոր Անանիկյանը։ Նա այստեղի փեսա է։ Հեռուստատեսությամբ հայտարարեց, որ որոշել է բուժել ոչ միայն հիվանդներին, այլեւ առողջներին։ Հենց այդ նպատակով էլ առաջադրվել է։ Նա հեռուստատեսությամբ էր ընտրակաշառք բաժանում՝ նշելով, որ իր ընտանիքը (կինը, զավակները) բժիշկ են եւ ձրի կբուժեն ընտրատարածքի բնակիչներին։ Կարելի է եզրակացնել, որ շատ ցածր է «Ընտրական օրենսգրքի» կատարման (կիրառման) մակարդակը մարզերում։

Իսկ ամենացավալին այն է, որ բառի ամենաուղիղ՝ ստոմատոլոգիական իմաստով, անատամ ազգ ենք դարձել։ Գյուղացիների մեծ մասի ատամները թափված են։ Առողջապահական նոր համակարգի ներդրումն արդեն պարզ ու տեսանելի է։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Հ. Գ. Մարզերում ընտրողների աչքը մեր Արշակի ճամփին էր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31