Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է

Մայիս 21,1999 00:00
adrbejan

Այժմ Հռոմի պապից մինչեւ Ռուսաստանի պետդումայի անգրագետ պատգամավորները, ցենտրիստական ընկերությունները հայտարարում են համաշխարհային Քաոսի մասին, ինչը պատկերավոր ճշգրտությամբ կանխագուշակված է նաեւ իշխանությունը պահպանողների հոգեւոր ուսուցիչ Ալիստոր Քրոուլի այլապատումներում։

Սակայն կանխագուշակվող Քաոսի հարձակումը համընկնում է «համաշխարհային նոր աշխարհակարգի» ենթադրվող ուղղահայաց եւ հորիզոնական հարձակմանը։ Նախեւառաջ, ենթադրվող կարգուկանոնը ընդգրկում է պետական սահմանների անքակտելիությունը, ֆինանսական մուլտիպլիկատորների որոշակի մակարդակը, համաշխարհային շրջանառության մեջ ապրանքների եւ փողի, ինչպես նաեւ ուղեղների որոշակի կարգուկանոնը, պահանջարկ-պաշարի ռեգլամենտացումը եւ քվորումը, լիբերալ տոտալիտարիզմի հաստատումը, այսինքն՝ որոշակի արժեքների լճացման ձգտումը։ Ի՞նչ Քաոսի մասին է խոսքը։ Բանն այն է, որ ռեալ ընթացքն ինքնին բոլորովին էլ մետաֆիզիկական չէ, այլ համընկնում է անկախ քվազի-ստատիկ իրավիճակներին, ինչը բացահայտորեն նշանակում է օլիգարխիական ինչ-որ կայունություն։

Հարկ է հասկանալ, որ «համաշխարհային նոր աշխարհակարգի» դոկտրինան համապատասխանում է ահագնացող Քաոսի կառավարման միանգամայն սովորական պրագմատիկ գաղափարին, քաոսագոյացության սուբյեկտներին։ Այս հարցում հետաքրքրություն են ներկայացնում քաղաքակրթությունների հակամարտության հայտնի տեսակետների փոքր-ինչ նորովի մեկնաբանությունները՝ նկատի առնելով ոչ միայն աշխարհի քաղաքակրթված, եւ ոչ պակաս քաղաքակրթությունների ռեալ «պատառոտվածության» կառույցները (կամ պատմամշակութային տեսակի)։ Եվ ահա այստեղ հանդես են գալիս «պատառոտվածության» առավել սկզբունքային գործոնները, որպես սոցիալապես կայուն ազգային եւ պետական կառույցներ։ Հենց այս գործոններն էլ այդ կառույցներում եւ Արեւմտյան ու Արեւելյան հասարակությունների ներսում ծնեցին ամենաանսպասելի «ջրբաժանների գծերը»։ Ըստ հասարակությունների եւ ազգերի՝ դժբախտությունը էթնիկական կամ ազգային նույնականացման, համածինության եւ համերաշխության բացակայությունն է կամ դրանց թուլությունը։ Դրանով են տառապում ոչ միայն բազմաէթնիկ այնպիսի հասարակություններ, ինչպես Հնդկաստանը կամ ԱՄՆ-ը, այլ նաեւ, որքան էլ տարօրինակ է՝ Չինաստանը, Արաբական աշխարհը եւ Թուրքիան։ Այդ արատների կրող է նաեւ Ադրբեջանը, այն երկրներից մեկը, որ ներառում է հայոց հայրենիքի մի հատվածը։

Այդ, ինչպես ասում են՝ «բազային» գործոնները համալրվում են նաեւ «կցակառույցների» գործոններով, որոնք, անշուշտ, խթանիչների նշանակություն ունեն բոլոր այդ քաոսաձգտումնային գործընթացների համար։ Այդ գործոնների թվին է պատկանում «նոր աշխարհակարգի» գլոբալ լիբերալ կամ ավելի ստույգ՝ արմատական լիբերալ գաղափարախոսությունը։ Այդ գաղափարախոսությունը ենթադրում է ոչ միայն ազատության «խրախուսում», այլ նաեւ ազատության ակտիվ պաշտպանությունը, այսինքն, յուրօրինակ ընկալվող օլիգարխիական կառավարման կատեգորիաներ։ Այն պայմաններում, երբ լիբերալիզմն իր ճանապարհից սրբեց-տարավ բոլոր ավանդապաշտական եւ գերավանդապաշտական գաղափարախոսությունները եւ լի է վճռականությամբ սրբել-տանելու «ապստամբող ժողովրդի» վերջին ամրոցը՝ ժողովրդավարությունը, քաոսը միաժամանակ դառնում է էկզիստենցիալ հակառակորդն ու «նոր աշխարհակարգի» հավատարմագույն դաշնակիցը։ «Նոր աշխարհակարգի» արժեքների գլոբալ պաշտպանությունը՝ որպես «համակարգայնության» կարեւորագույն արտահայտություն, այն հասարակությունների գլխավոր թշնամին է, ուր բացակայում կամ թույլ է էթնիկական, ազգային նույնականությունը։ Այդ հատկանիշը, որն այնքան արդյունավետորեն թերագնահատվում է դասակարգային-ինտերնացիոնալ հասարակության մեջ, քաղաքական դինամիկայի կարեւորագույն գործոն է դառնում բուրժուական ինտերնացիոնալիզմի հասարակարգում։

Ադրբեջանում տեղի ունեցող սոցիալ-քաղաքական եւ տնտեսական գործընթացները, չնայած հակասություններին եւ տեղայնությանը, միանգամայն էական մի նախանշան ունեն՝ Ադրբեջանում բացակայում է պետականորեն կազմավորվող ազգը։ Դա դրսեւորվում է հետեւյալ կերպ.

– Պետական ապարատում որոշումներ ընդունելիս, կադրեր ընտրելիս եւ քաղաքական առաջնությունում գերակայում են կլանային եւ կլանա-տարածաշրջանային շահագրգռությունները, ինչը ներդրման եւ սկզբունքայնության մակարդակով մոտենում է դասական «կլանային» հասարակություններին (օրինակ՝ Ուզբեկստանը),

– Համազգային եւ պետական շահերը համընկնում են կլանների շահերին, որոնք նույնիսկ արտաքին քաղաքականությունն են իրականացնում, ելնելով առանձին տարածքների եւ կենտրոնական ապարատում նրանց ներկայացուցիչների շահերից,

– Հարեւան պետությունների հետ փոքր-ինչ հակամարտությունը ոչ թե ազգային համերաշխությանն է հանգեցնում, այլ ադրբեջանական պետությանը հասցնում է փլուզման եզրին (դա ակնհայտորեն երեւաց Ղարաբաղյան պատերազմում, երբ հերթականությամբ ստեղծվեցին Լենքորան-Մուղանի, Լեզգիական, Գյանջայի, Նախիջեւանի հանրապետությունները, որոնք իրենց «սպառեցին» Մոսկվայի կողմից Ադրբեջանի հանդեպ բարեհաճ վերաբերմունքի շնորհիվ)։

– Նույնիսկ հարաբերական բարերար պատմական իրադրությունը տարածաշրջանում փոքր պետությունների կայացման ուղղությամբ չհանգեցրեց Թուրքիայի հետ ինտեգրացման հնամենի ճակատագրական գաղափարից հրաժարվելուն (ինչպես հայտնի է՝ թուրք-ադրբեջանական կոնֆեդերացիայի ստեղծման հարցն արդեն երկու նախագահների մակարդակով է դրված), ինչը հանդիսանում է Ադրբեջանի, որպես անկախ պետության քաղաքական անլիարժեքության իրավասության հասկացողության արդյունք։

– Ադրբեջանական «ազգի» կոնգլոմերատությունը, որի գաղափարախոսներն ահա 80 տարի ձգտում են իրենց կազմում ընդգրկել լեզգիական, քրդական, իրանական եւ էթնիկական մյուս բնակչությանը, ինչը քաղաքական բոլոր փուլերում անհաջողություն կրեց (երբ կարեւորագույն գործոն հանդիսացավ «պետություն-ազգի»՝ ո՛չ դասական ֆրանսիական, ո՛չ թուրքական խոտոր ձեւերի ստեղծման անհնարինության համար)։

– «Ազգային գաղափարախոսության» պատճառով բնական օտարումը (ավելի ճիշտ՝ գաղափարախոսների) Ադրբեջանի մշակույթի ամենաարժեքավորից՝ իրանական մշակույթի տարրերից, ինչպես նաեւ անատոլիական մշակութային մենթալիտետի ձեռքբերումը, ինչը «պատառոտում» է ադրբեջանական էթնոսի, ինչպես նաեւ այդ ժողովրդի հոգեբանությունը։

– Ադրբեջանական բնակչության աննախադեպ տնտեսական արտագաղթը, որն իր ծավալներով, բնույթով եւ միտումներով բացահայտորեն չի ամփոփվում «տնտեսական արտագաղթի» կատեգորիայի մեջ, այլ ավելի շուտ՝ հանդես է գալիս իբրեւ ժողովրդի նշանակալից մասի իր հայրենիքից եւ ազգից օտարում՝ 45-55 տոկոսով։

– Եվ ակներեւաբար այն, որ ադրբեջանցի ժողովուրդը նույնիսկ ազգային գաղափարախոսության հույս ու հասկացողություն չունի որպես այդպիսին, եւ չի ցանկանում հանուն հայրենիքի զոհել իրեն։

Այդ ամենը անըմբռնելի է ադրբեջանցի ինտելեկտուալների, երկրի ժամանակակից քաղաքական ղեկավարության համար։ Հենց այդ գործոններով է իր ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում Հեյդար Ալիեւը։ Եթե մի կողմ թողնենք Հ. Ալիեւի եւ նրա կառավարության բոլոր խոտոր գաղափարներն ու ճիգերը, ապա պետական գոյատեւման հիմնական գաղափարը շուտափույթ ինտեգրացիան է ոմն «ուժի» հետ, քանզի միայն ուժով է, ըստ որում՝ արտաքին, հնարավոր կործանումից փրկել Ադրբեջանը։ Հենց դրանով է Ալիեւի շրջափակման գաղափարը տարբերվում Հայաստանի համապատասխան քաղաքագետների գաղափարից, ում համար շրջափակումը անվտանգության եւ ոչ թե պետության պահպանման ուղի է հանդիսանում։

Ադրբեջանին չի կարելի վերաբերել որպես թշնամական երկրի։ Ադրբեջանը մեր հայկական հայրենիքի մի հատվածն է։ Պետք է ուսումնասիրել ու ճանաչել այդ երկիրն այնպես, ինչպես սեփական հայրենիքն ենք ճանաչում։ Այնտեղ՝ Քուռի եւ Արաքսի ոսկե դաշտերում, Կասպիականի ափերին կստեղծվի 21-րդ դարի հայկական նոր քաղաքակրթությունը։ Այդ պատճառով էլ չպետք է սահմանափակվել տեղային երեւանյան «մկնային գզվռտոցով», այլ պետք է ուշադրությամբ դիտել շրջապատող աշխարհը։

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31