Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու եւ սոխի գլուխների միջեւ տարբերություն կա

Մայիս 21,1999 00:00

Մարդու եւ սոխի գլուխների միջեւ տարբերություն կա Ձեզ է դիմում Հայաստանի սուրհանդակային ծառայության 26 տարվա աշխատակից, ծառայության փոխգնդապետ, ՀՀ վաստակավոր սուրհանդակային ծառայության աշխատակից Ալեքսան Համբարձումյանը։ Վստահելով Ձեր օրաթերթի անկողմնակալությանը եւ անաչառությանը, ինչպես նաեւ հավատալով Ձեր թերթի խիզախությանը՝ ինձ հույս եմ ներշնչում եւ միայն Ձեզնով եմ տեսնում իմ եւ իմ ընտանիքի հետ կատարվածի հարցի լուծումը։ Ես ապրում եմ Երեւանի Թումանյան փողոցում գտնվող «պրեստիժ» շենքերից մեկում, որը ստացել եմ դեռեւս 1961 թվականին։ Մենք ունեինք հրաշալի մտավորական եւ գիտնական հարեւաններ, որոնք վերջին տարիների դժվարություններից ելնելով, վաճառեցին իրենց բնակարանները եւ տեղափոխվեցին։ Մեր բնակարանի կողքին բնակվում են մի խումբ երիտասարդ, «հնագույն մասնագիտության» տեր կանայք, որոնք ունեն բավականին բարձրաստիճան հովանավորներ։ Ես երբեք չէի դիմի Ձեզ, եթե չլիներ ստորեւ ներկայացված պատմությունը։ Մի քանի օր առաջ, կեսգիշերին հարթակի վրա լսվեցին հայհոյանքներ եւ աղմուկ։ Ես բացեցի դուռը, փորձեցի կարգի հրավիրել աղմկողներին եւ մի երիտասարդ, որն այդ «ընտանիքի» հաճախակի այցելուն է, ասաց. – Ես վարչապետի օգնականն եմ։ Ինչ կուզեմ՝ կանեմ։ Աղջիկ ա պետք շեֆի համար։ Մտի ներս, թե չէ վերջդ վատ կլինի։ Մի օր պատահական կընգնես «նիվայիս» տակ, ու հիշի՝ մեր համար մարդու գլուխը եւ սոխի գլուխը նույն հաշիվն է։ Նա ամենեւին էլ հարբած չէր։ Անկեղծ ասած, ես չեմ հավատում, որ մեր վարչապետը նման «պատվեր» տված լինի։ Եթե անգամ տվել է, ապա շատ ապաշնորհ, բերանբաց մի մարդասպանի, որին միայն պետք էր տեսնել, թե ինչպես են քծնում իմ հարեւանները, ինչպես են տեղ տալիս բակ մուտք գործելիս, այդ ամբարտավանին՝ մուգ կապույտ, մգացրած ապակիներով մեքենայով վարչապետի «օգնականին»։ Երկու օր առաջ անցնում էի Հանրապետության հրապարակով, տեսա այդ լկտիի կապույտ «հզոր» մեքենան եւ որոշեցի դիմել Կառավարության աշխատակազմին, բայց այդ երիտասարդը նկատելով ինձ, մոտեցավ եւ սպառնաց, որ եթե ես չլռեմ, ապա նա կանի այնպիսի մի բան, որը ես ամենավախենալու երազում չեմ տեսել։ Ես վախեցող մարդ չեմ, բայց մտահոգ եմ այրի դարձած իմ հարսի եւ երկու թոռնուհիներիս ապահովությամբ։ Ես չեմ նշում անվտանգություն բառը, որովհետեւ վտանգ այդ «կառավարական» րցՑՌվԴՐ-ից չեմ սպասում։ Խնդրում եմ տպագրել իմ նամակը, թող վարչապետը կարդա եւ ճանաչի իր կողքին կանգնած եւ իրեն օգնող աշխատակիցներին, եւ թող իմ հարեւաններն իմանան՝ ում են քծնում եւ շողոքորթում։ Ա. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31