ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՐՑՈՒՊԱՏԱՍԽԱՆ Երեկ Ակադեմիայի շենքում հրավիրված գիտաժողովը կարելի է դասել այն միջոցառումների շարքին, որոնք կոչվում են հույժ ձանձրալի։ Թեման հետաքրքիր էր՝ «Միասնություն» դաշինքի ծրագրի սոցիալ-տնտեսական դրույթների քննարկում։ Բացելով սեմինարը, Տիգրան Թորոսյանը ցանկություն հայտնեց, որ ծրագիրը պետք է լայնորեն քննարկվի, թարմացվի, եւ դա լինի շարունակական գործընթաց։ Այնուհետեւ խոսքը տրվեց ակադեմիկոս Քոթանյանին եւ դոկտոր Ադոնցին։ Քոթանյանը ավելի շատ հարցեր տվեց։ Օրինակ՝ «ինչպե՞ս ստեղծենք այնպիսի իրավիճակ, որ կայունանա տնտեսական համակարգը», «արդյո՞ք հնարավորություններ կան…» եւ այսպես շարունակ։ Հետո նա ներկայացրեց հանրապետության ներկա տնտեսական իրավիճակը բավական հստակ շեշտ դնելով այն փաստի վրա, որ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատությամբ, այս տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է լուրջ անկում։ Թվերով այս ամենը համեմելուց հետո նա խոսքը տվեց Ադոնցին, որը ուշադրություն հրավիրեց, որ պետք է ակտիվացվի ներդրումային դաշտը, արագացվի տնտեսական աճը, լուծվի զբաղվածության եւ եկամուտների հարցը եւ այլն։ Ցավոք, սեմինարում չէին հնչում կոնկրետ պատասխաններ։ Օրինակ, երբ զեկուցողներից մեկն ասում էր, որ 20%-անոց ավելացված արժեքի հարկը շատ բարձր է Հայաստանի համար, նա այդպես էլ չնշեց, թե որքանն է ոչ բարձրը։ Մի խոսքով, որպեսզի նյութը նույնքան տաղտկալի չլինի, որքան սեմինարը, կարճ ասեմ, որ սեմինարում այդպես էլ «պետք է»-ների հետ չհամադրվեց «պիտի» բառը։ Այսինքն ոչ մի հարց չստացավ իր պատասխանը։ Սովորական, ակադեմիական նիստուկաց էր։ Գ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ