Լրահոս
Օրվա լրահոսը

Սակագինն, այնուամենայնիվ, 30%-ով բարձրանալու է

Մայիս 21,1999 00:00
kirakosyan

Շուրջ մեկ ամիս առաջ «Հայրենիք» խմբի պատգամավոր Արմեն Կիրակոսյանը հայտարարեց, թե ամռանը 1 կվտ էլեկտրաէներգիայի սակագինը դառնալու է 30 դրամ, դեկտեմբերից՝ 35 դրամ։ Իսկ էներգետիկայի նախարարի հերքումներից հետո խոստացավ ներկայացնել իր հայտարարությունների համար հիմք դարձած փաստաթղթերը։

Քանի որ բավական ժամանակ էր անցել, հետաքրքրվեցինք, թե երբ է վերջապես կատարելու խոստումը, գուցե նման փաստաթղթեր չկա՞ն։ Արմեն Կիրակոսյանն ի պատասխան ասաց. «Ես, իհարկե, ունեմ այդ փաստաթղթերը ու պատրաստ եմ դրանք հրապարակել։ Առաջինը կառուցվածքային բարեփոխումների վարկային ծրագրի երրորդ մասն է, որտեղ մեր կառավարությունը պարտավորություն է ստանձնել (մի շարք սահմանափակումների հետ միասին) 1999-ի ընթացքում երկու անգամ վերանայել էլեկտրաէներգիայի սակագները։ Իհարկե, վերանայում ասելով կարելի է հասկանալ նաեւ սակագների իջեցումը, բայց նկատի ունենալով այն կատաղի պայքարը, որ վարում էր կառավարությունը մեր դեմ, երբ մենք սակագների սառեցման խնդիրն էինք արծարծում՝ կարող ենք համոզված լինել, որ այս փոփոխությունը բարձրացումն է լինելու։ Բացի այդ, կա նաեւ մեկ այլ վարկային ծրագիր, որի համաձայն պետք է բարեփոխվեն Երեւանի էլեկտրացանցը եւ Հայէներգոյի համակարգը։ Եվ այդ վարկային ծրագրի համաձայն, էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնելու պարտավորություններ կան։

Ի դեպ, էներգետիկայի հանձնաժողովը բազմիցս՝ ԱԺ-ում ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովում, եւ ԱԺ նիստերում ներկայացրել է իր տարեկան ծրագիրը, որտեղ ապացուցում էր մեզ, թե էներգետիկայի համակարգում ինքնածախսածածկման համար էլեկտրաէներգիայի սակագինը պիտի լինի առնվազն 6 ցենտ։ Իսկ այսօր էլեկտրաէներգիայի սակագինը ԱՄՆ դոլարի փոխարժեքով համապատասխանում է 4,6 ցենտի։ Այսինքն, իրոք, կառավարությունը մտադիր է էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել առնվազն 30%-ով։ Եվ դա, ամենայն հավանականությամբ, կարվի հուլիսի ընթացքում եւ հետո, մինչեւ տարեվերջ, եւս մեկ անգամ»։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31