Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՈՒԺԵՂ ՄԱՐԶԵՐ՝

Մայիս 21,1999 00:00

ՈՒԺԵՂ ՄԱՐԶԵՐ՝ ՈՒԺԵՂ ԿԵՆՏՐՈՆ Պարզվում է, Հայաստանում միջազգային կազմակերպությունները սկսել են այնպիսի սեմինարներ կազմակերպել, որոնք նպատակ ունեն ոչ այնքան գալ ու դաս տալ (ինչպես գրեթե միշտ վարվում են միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները), այլ ներկայացնելով իրենց ծրագիրը, ընդունել առաջարկություններ, քննարկման դնել դրանք եւ հաշվի առնել ծրագրի վերջնական մշակման ժամանակ։ Գերմանական տեխնիկական համագործակցություն (GTZ) կազմակերպությունը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 1995-ի գարնանից՝ Գերմանիայի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ կնքված փոխըմբռնման հուշագրի հիման վրա։ Այն անհապաղ օգնության ծրագրեր է իրականացնում՝ սննդի, գյուղատնտեսական, տնտեսական օրենսդրության, ուսուցման, ինքնօգնության, տեղական ինքնակառավարման, մանր եւ միջին ձեռնարկատիրության խրախուսման, օժանդակություն Հայաստանին EXPO-2000 ցուցահանդեսին մասնակցելու համար։ Երեկ կազմակերպված սեմինարը «Տեղական ինքնակառավարման աջակցության» ծրագրի շրջանակներում էր, որի գերագույն նպատակը համայնքային ինքնակառավարման իրականացմանը, բնակչության համայնքային ծառայությունների բարելավմանը եւ համայնքների զարգացման ներուժի մոբիլիզացմանը նպաստելն է։ ՀՀ տարածքային նախարար Դավիթ Զադոյանը, ՀՀ-ում ԳՖՀ դեսպան Կարոլա Հոլթքեմփերը կարեւորեցին այդ հավաքում եւ ընդհանրապես համատեղ աշխատանքում համայնքապետի, քաղաքապետերի ակտիվ մասնակցությունը, քանի որ ամենահրատապ հարցերը «ամենաճիշտը» իրենք գիտեն։ Պրն Զադոյանը հույս հայտնեց, որ մի օր մենք էլ գերմանական կողմի հետ միասին մի ուրիշ երկրում նման ծրագիր կիրականացնենք։ Տիկին դեսպանն ասաց, որ որպես ֆեդերալ՝ ապակենտրոնացված պետություն, Գերմանիան Հայաստանին փոխանցելու շատ բան ունի։ Սակայն պատճառաբանելով իրենց զբաղվածությունը, նախարարը եւ դեսպանը մեկնեցին. համ էլ «Առանց մեզ ավելի անկաշկանդ կաշխատեք»։ Իսկ փոխանցելու բան իսկապես որ շատ կար, բայց դա արվում էր մտքերի, գաղափարների փոխանակության, փոխադարձ հարցումների եւ բնավ ոչ դասախոսությունների ձեւով։ «Տեղական ինքնակառավարման աջակցության» ծրագրի իրականացմանն այստեղ օգնելու է GTZ-ի փորձագետ Քրիստյանե Վենները, իսկ մյուս փորձագետը՝ Ֆրանկ Զամոլը, ինչպես հայերս ենք ասում, վաղուց է «այդ գործի վրա»՝ երկու տարի։ Տարածքային կառավարման փոխնախարար Արմեն Խուդավերդյանը ներկայացրեց 1995-ից սկսված կառավարման ապակենտրոնացման պատմությունը (հիմնականում դրական շեշտադրումներով) եւ նշեց, որ կատարված առաջին քայլերը հետագա զարգացման եւ կատարելագործման կարիք ունեն։ Որպես «ռիսկային» քայլ ներկայացվեց նախադպրոցական հիմնարկները տեղական իշխանություններին հանձնելը։ Պրն Խուդավերդյանը կարեւորեց ֆինանսական միջոցների առկայությունը, ինքնակառավարման մարմինների ֆունկցիաների հստակ բաշխումը համայնքներում։ Նա մտահոգություն հայտնեց այն առնչությամբ, որ «կառավարությունն իր որոշմամբ կարող է անվստահություն հայտնել համայնքներին» («Որքանո՞վ է դա դեմոկրատական»)։ Իսկ այն հարցը, որ «ընտրված գյուղապետը կամ քաղաքապետը չի կարող պրոֆեսիոնալ կառավարիչ լինել» (կարծում ենք, ուզում էր ասել՝ միշտ չէ, որ կարող է պրոֆեսիոնալ կառավարիչ ընտրվել), պիտի իր «լուծումը գտնի» (Արդյո՞ք լուծումը այդ պաշտոնները նշանակովի դարձնելն է- Ա. Գ.)։ Ապակենտրոնացման հետագա քայլերը պիտի ներառեն հանրակրթության, առողջապահության եւ սոցիալական ապահովության ոլորտները, փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը։ Վերջինիս շնորհիվ կձեւավորվի միջին խավ, որն էլ իր հերթին կապահովի պետության քաղաքական կայունությունը, ինչպես նշեց առեւտրի եւ արդյունաբերության փոխնախարարը։ Նա ասաց, որ այդ ուղղությամբ համատեղ աշխատելու՝ համայնքներին ուղղված իրենց կոչերը անպատասխան են մնացել։ Սեմինարին ներկա համայնքապետերին հատկապես մտահոգում էին համայնքային բյուջեի ձեւավորման հարցերը։ Այս առնչությամբ նրանց խնդրանքով Քրիստյանե Վենները ներկայացրեց, թե ինչ հարկերից ու տուրքերից է Գերմանիայում առաջանում համայնքի բյուջեն։ Իսկ ծրագիրն ընդհանրապես ենթադրում է երկու՝ ե՛ւ հայկական, ե՛ւ գերմանական կողմերի ակտիվ մասնակցություն։ Թեեւ գերմանական կողմի պարտավորությունները շատ ավելին են. խորհրդատվություն, ուսուցում, դասընթացների, ուղեւորությունների կազմակերպում, օժանդակ եւ ուսուցողական նյութերի տպագրություն, համայնքներին անհրաժեշտ բազայով ապահովելու օգնության հիմնադրամ։ Իսկ հայկական կողմը պարտավորվում է համապատասխան անձնակազմ, գրասենյակի համար տարածք տրամադրել եւ հոգալ ճանապարհային ծախսերը՝ այն դեպքում, եթե գերմանական կողմը չի ստանձնում դրանք։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել