Բաց նամակ Արամ Աբրահամյանին
Պարոն գլխավոր խմբագիր։ Ձեր թերթը, հասկանալի նկրտումներով, հատկապես վերջերս չափազանց հաճախ է հոլովում Արտաշես Գեղամյանի անունը՝ մանր ու միջին տրամաչափի առիթներ փնտրելով թունալի խայթոցների համար։ Բնավ մտադիր չէինք դրանց արձագանքելու, սակայն մայիսի 15-ի համարում «Վարդան Մամիկոնյան» ստորագրությամբ հրապարակումը, նույնիսկ «Առավոտի» չափանիշներով խախտում է պարկեշտության ու բարեկրթության բոլոր սահմանները։ Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Դուք՝ պրն Աբրահամյան, մշտապես եղել եք ՀՀՇ-ական հակաժողովրդական ռեժիմի ջերմեռանդ ջատագովը։ Մի կողմ թողնենք նաեւ այն, որ վերջերս Դուք պարբերաբար տեւական հանդիպումներ եք ունենում ձեր պաշտելի Լ. Տեր-Պետրոսյանի հետ, հավանաբար, վերջինից ղեկավար ցուցումներ ստանալով թերթի քաղաքական գծի վերաբերյալ։ Մի կողմ թողնենք նաեւ խնդրո առարկա հոդվածում տեղ գտած բազում վիրավորական որակումները ԱԺ պատգամավորության թեկնածուի հասցեին եւ խոսենք փաստերով՝ մի փոքր հույս տածելով, որ դրանց հետ հաշվի կնստեք գեթ մեկ անգամ։
Հոդվածագիրը պնդում է, թե ՀՀՇ-ի իշխանության օրոք Արտաշես Գեղամյանը որեւէ խոսք չի ասել այդ ռեժիմի մասին եւ միայն «1998 թվականի հայտնի փետրվարից հետո, միանգամից կենդանացավ եւ սկսեց կատաղի կերպով քննադատել ՀՀՇ-ին»։ Բայց, ախր, հենց 1996 թ. մարտի 30-ին, այսինքն՝ հենց այն ժամանակ, երբ համարվում էր, որ ՀՀՇ-ի դեմ «խաղ չկա», «Ազգ» օրաթերթում լույս տեսավ նրա հարցազրույցը՝ «Մատնիչ լռություն» վերնագրով, որտեղ կոնկրետ թվերի եւ փաստերի հիման վրա խստագույնս քննադատվում էր ՀՀՇ-ական իշխանությունների սոցիալ-տնտեսական քաղաքականությունը եւ ահազանգ էր հնչեցվում հնարավոր սոցիալական պայթյունի վերաբերյալ։
Հենց մինչեւ «1998-ի փետրվարը», որն այդքա՜ն ատելի է Ձեզ հոգեհարազատ որոշակի ուժերի համար, Գեղամյանն ունեցել է բազում փաստարկված հրապարակային ելույթներ ՀՀՇ-ական ռեժիմի գործունեության վերաբերյալ։ Եթե ԱԺ-ի ամբիոնից հնչածը «Վարդան Մամիկոնյանը» գերադասել է «մոռանալ», ապա մամուլի էջերում հրապարակվածը ցանկության դեպքում կարելի է վերցնել եւ կարդալ։ Ահավասիկ այդ հրապարակումներից մի քանիսը՝ «Կառավարությանը չի կարելի վստահել» («Գոլոս Արմենիի», 14 մայիսի 1996 թ.), «Ուշադրություն՝ կենտրոնասնանկացում» («Գոլոս Արմենիի», 15 եւ 18 հունիսի 1996 թ.), «Մակրոզեղծարարություն» («Գոլոս Արմենիի», 25-30 հուլիսի 1996 թ.), «Մեր աչքի առաջ է ուրացման դասական օրինակը» («Գոլոս Արմենիի», 26 ապրիլի 1997 թ.), «Երեսպաշտություն եւ… անկախություն» («Ազգ», 4 հունիսի 1997 թ.), «Ինչո՞ւ է Հայաստանի հողն այրվում հայերի ոտքերի տակ» («Ուրարտու», 26 հունիսի 1997 թ.), «Անհրաժեշտ է ազգային վստահության իշխանություն» («Գոլոս Արմենիի», 18 հոկտեմբերի 1997 թ.)… Ցանկը կարելի է շարունակել, սակայն այսքանն էլ բավական է համոզվելու համար, որ Արտաշես Գեղամյանը ՀՀՇ-ի լիիշխանության տարիներին ամենեւին էլ չէր լռում եւ առավել եւս «իշխանական սեղանից փշրանքների» չէր «սպասում» (հոդվածագիրը, հավանաբար, «Առավոտի» այդ սովորությունը, պրն Աբրահամյան, «սխալմամբ» վերագրել է ուրիշին)։
Կարդացեք նաև
Անշուշտ, հեռու ենք այն մտքից, որ Գեղամյանի անձն ու գործունեությունն անթերի են եւ անքննադատելի։ Սակայն տարրական (էլ չեմ ասում՝ անշահախնդիր ժուռնալիստիկան) անաչառությունը պահանջում էր, որ քննադատության հիմքում դրվեր փաստը, այլ ոչ թե հերյուրանքը։
«Իրավունք եւ միաբանություն» դաշինքի լրատվական կենտրոն
Սիրով տպագրում ենք այս նամակը՝ համոզվելու համար, որ ոչ թերթը, ոչ էլ նրա խմբագիրը որեւէ դրական կամ բացասական էմոցիաներ չեն տածում ոչ Գեղամյանի, ոչ էլ ՀՀՇ-ի նկատմամբ։ Գտնում ենք, որ «Իրավունք եւ միաբանության» տեսակետը տպագրվելու նույնպիսի իրավունք ունի, ինչպիսին ուներ Վարդան Մամիկոնյանը։ Անպատասխան ենք թողնում նամակում տեղ գտած ապատեղեկատվությունն ու վիրավորական որակավորումները, որոնք բացատրելի են նախընտրական թոհուբոհով։