Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԸՆԴԴԵՄ «ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ» ԴԱՇԻՆՔԻ

Մայիս 21,1999 00:00
Hovik Abrahamyan

«Մեր մարզպետը ամեն տեղ հայտարարում է, թե գնել է ձեր թերթը»,- մեղադրում են մեզ Արարատի մարզից մեր թերթ այցելած ընթերցողները։ Մենք էլ որոշեցինք Արարատի մարզպետ Հովիկ Աբրահամյանից ճշտել, թե ումից եւ ինչպիսի գումարով է նա գնել «Առավոտը» կամ այս դեպքում՝ խմբագրակազմին։

-Կոնկրետ մարդ չի եկել խմբագրություն եւ նման բան չի ասել։ Խոսքը նամակի մասին է։ Նամակն անանուն է, եւ ես վիրավորված եմ, որ կարելի է նամակում նման բան գրել։ Ես խմբագիր Արամ Աբրահամյանի հետ չեմ հանդիպել, ընդհանրապես չեմ ճանաչել, երկու անգամ խոսել եմ հոդվածի հրապարակումից հետո։ «Առավոտը» ոչ գնել եմ, ոչ էլ նման նպատակ ունեցել եմ։ Արամ Աբրահամյանն ասում է, որ եթե հոդվածը չտպագրվեր, կասեին, որ ես թերթը գնել եմ։ Այդ անանուն նամակի հեղինակները մի քիչ էլ խելոք են եղել եւ կարողացել են իրեն էլ ներքաշել խաղի մեջ։ Եթե խմբագիրն անանուն նամակ է տպագրում, ես էլ մտածում եմ, որ այդ նամակի հեղինակներն են նրան կաշառել։

Քանի որ Արարատում էի, որոշեցի հետաքրքրվել, թե ինչպես են ընթանում նախընտրական գործընթացները, եւ ինչպիսի հաջողություններ կարող է ակնկալել «Միասնություն» դաշինքը։ Եվ մարզպետը գյուղապետերից քանի տոկոս է պահանջել դաշինքի համար։

-Ընտրություններում մենք ամեն ինչ անելու ենք, որ ընթանան առանց խախտումների, ժողովուրդը կարողանա ազատ արտահայտել իր կամքը։ Մինչ այժմ ես մարզպետի ոչ մի լծակ չեմ օգտագործել, որեւէ մեկ գյուղապետի պարտադրեմ, որ տոկոս բերեք գյուղապետի համար։ Ուղղակի այստեղ մեծ աշխատանք է տարվում «Միասնության» կողմից, կա քարոզչական մեծ խումբ, որը բազմաթիվ հանդիպումներ է կազմակերպում։ Իսկ հանձնարարականներ ոչ մեկն էլ չի կարող տալ, ժողովուրդը պետք է որոշի։

-Լավ, իսկ կա՞ պատիժների հստակ համակարգ, որոնց կարժանանան այն համայնքապետերը, որոնք «Միասնության» համար 50%-ից պակաս ձայն կբերեն։

-Նախ, 50 կամ 40%-ը շատ լավ արդյունքներ են։ Եթե ժողովուրդը այդքան ձայն էլ տա, ուրեմն «Միասնությունը» շատ լավ է աշխատել։ Փաստորեն 21 կուսակցություններ են մասնակցում, եւ եթե «Միասնություն» դաշինքը 30% էլ հավաքի, նորմալ տոկոս եմ համարում։ Էլ ինչ գյուղապետի խնդիր կա։

-Իսկ ինչպե՞ս եք աշխատում ձեր եղբոր՝ Ջոնիկ Աբրահամյանի համար։ Թիվ 30 ընտրատարածքի գյուղապետերը եւս ցուցմունքներ չեն ստացել։

-Ես ցուցում տալու խնդիր ընդհանրապես չունեմ։ Նա պետք է ժողովրդի հետ աշխատի։ Նա մի քանի դրական կողմեր ունի։ Նախ որ, նա Արարատի մարզպետի եղբայրն է, իսկ ինձ այս մարզում հարգում են հակառակ ձեր կարծիքի, որ դուք գրում եք. «Տարեք մեր մարզպետին, մենք պրծնենք»։ Բայց ես ասեմ, որ ինձ հարգում են։ Իմ թիկունքն իմ աշխատանքն է։ Եղբայրս աշխատող գործարանի տնօրեն է։ Մոտ 300-400 աշխատող ունի։ Իմ եղբոր դեմ թեկնածու ունի նույնիսկ «Միասնություն» դաշինքը՝ Վիկտոր, ազգանունը չեմ հիշում։ Նա ՀԺԿ-ից է։ Իմ ազնվության վրա չկասկածելու համար ասեմ, որ նրան պաշտպանում են գյուղապետեր, դպրոցի տնօրեններ, որից հստակ երեւում է, որ ես ճնշում չեմ գործադրում եղբորս համար։

-Գուցե դրա պատճառը մարզում ձեր հեղինակության պակասն է, որ մարդիկ հանդգնում են իրենց թեկնածությունն առաջադրել ձեր եղբոր դեմ։

-Իմ հեղինակությունը շատ բարձր է եւ իրավիճակին էլ լիովին տիրապետում եմ։

-Այդ դեպքում ինչու այդ մարդիկ ձեզանից չեն վախենում։

-Որովհետեւ նրանք պատճառաբանում են, որ այդ թեկնածուն իրենց բարեկամն է կամ ընկերը։ Եվ եթե իրենց բարեկամն է, իրենք բարոյական իրավունք չունեն կանգնելու իմ կողքին։

-Դուք ընդունո՞ւմ եք նման հիմնավորումները։

-Այո, ընդունում եմ։ Եթե գյուղապետը թեկնածուի քեռու տղան է, ապա նրան էլ պետք է պաշտպանի։ Խնդրում եմ, որ Արամ Աբրահամյանը իր կարծիքը փոխի թե մեր մարզի, թե մարզպետի նկատմամբ։

Կարծում ենք, որ նման փոփոխության համար, լուրջ հիմքեր է տալիս մեր զրույցը թիվ 30 ընտրատարածքում «Միասնության» դաշինքի թեկնածու Վիկտոր Իսրայելյանի հետ, որի մասին Հովիկ Աբրահամյանը նշել էր, թե չաշխատող գործարանի տնօրեն է, ի հակադրություն իր եղբոր, որի գործարանն այսօր էլ աշխատում է։

-Թափոնների վերամշակման գիտաարտադրական միավորման, այժմ՝ «Խարբերդ» ԲԲԸ-ի համար, որի գործադիր տնօրենն ու նախագահն եմ ես, չաշխատելու ոչ մի խնդիր չկա, ուղղակի, ինչպես շատ ձեռնարկություններ, մենք էլ չունենք սպառման շուկաներ։

-Ինչպե՞ս համարձակվեցիք ձեր թեկնածությունը առաջադրել մարզպետի եղբոր դեմ։

-Ես առաջադրվել եմ ՀԺԿ-ի կողմից եւ չէի հաշվարկել, որ այդ ընտրատարածքում կառաջադրվի նաեւ մարզպետի եղբայրը։ Քանի որ կուսակցությունը առաջադրեց իմ թեկնածությունը, ես էլ բնական է, որ հաշվի չէի առնելու՝ մարզպետն է, թե մարզպետի եղբայրը։

-Եթե հաշվարկած լինեիք, եւ նախօրոք իմանայիք, ապա այդ դեպքում չէիք առաջադրի։

-Իհարկե կառաջադրեի, դա նաեւ կուսակցական կարգապահության խնդիր է։

-Մարզպետն ասում է, որ ոչ թեկնածուների եւ ոչ էլ համայնքապետերի վրա որեւէ ճնշում չկա։ Դա որքանո՞վ է համապատասխանում իրականությանը։

-Իմ նկատմամբ ճնշումներ չեմ զգացել, բայց բոլոր գյուղապետերի, դպրոցի տնօրենների, մինչեւ անգամ՝ մանկապարտեզի վարիչների վրա ճնշումներ կան։ Բոլորին էլ ասված է, որ մինիմում 500-600 ձայն պետք է ապահովեք։ Եթե հաշվենք, որ կա 21 տեղամաս, ապա ստացվում է 12 հազար ձայն, որը լիովին բավարար է ընտրված լինելու համար։

-Նման պայմաններում դուք ինչո՞ւ եք հողմաղացների դեմ սուր ճոճում։

-Մարզպետը, ճիշտ է, ճնշում է գործադրում գյուղապետերի վրա, բայց ժողովուրդը դրան չի գնա։ Շրջել եմ բոլոր տեղամասերում։ Զգացել եմ, որ թեեւ մարդիկ վախենում են, որ հացից եւ աշխատանքից կարող են զրկվել, բայց ընտրության օրը նրանք ճիշտ ընտրություն կկատարեն։

-Եվ դուք կհաղթեք…

-Այո, կհաղթեմ։

-Դուք «Միասնություն» դաշինքի թեկնածու եք։ Դաշինքի ղեկավարների առաջ չեք բարձրացրել այս ճնշումների դեմն առնելու հարցը։ Չէ՞ որ, Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը, ցանկության դեպքում, կարող են դա անել։

-Հարցը բարձրացված է։ Ես անձամբ չեմ խոսել ձեր թվարկած մարդկանց հետ։ Փաստերը փոխանցված են կենտրոնական շտաբ եւ սպասում եմ արձագանքի։ -Մի քանի փաստ նշեք այդ ճնշումներից։ -21 տեղամասերում կազմված են հանձնաժողովներ, սակայն ոչ մի տեղ ես չունեմ հանձնաժողովի նախագահ, տեղակալ կամ քարտուղար։ Բոլորը նշանակված են մարզպետի կողմից եւ հիմնականում գյուղապետի տեղակալներ կամ գյուղապետարանի աշխատակիցներն են եւ ոչ մեկն էլ «Միասնություն» դաշինքից չէ։ Դրանք հիմնականում ՀՅԴ-ի, «Օրինաց երկրի», «Շամիրամի» կամ ՀՀՇ-ի անդամներ են։

-Մարզպետ Աբրահամյանը հավաստիացնում էր, որ ձեր կողքին էլ կան կանգնած գյուղապետեր եւ նրանց որեւէ պատիժ չի սպառնում։

-Ուզում եմ ասել, որ ունեմ 30 տարվա ընկեր, որն Այնթափ գյուղի գյուղապետն է, որը ներկա դրությամբ աշխատում է իմ դեմ։ Պատճառն այն է, որ նա նման ցուցում է ստացել։

-Այսքանից հետո, չե՞ք ուզում շնորհավորել ընտրված պատգամավոր, մեր ժողովրդի շահերի արտահայտիչ Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանին։

-Իհարկե, շնորհավորում եմ եւ հաջողություններ եմ ցանկանում նրան։ Եվ դա առաջինը կանեմ ընտրություններից հետո, երբ նա կընտրվի։

Չնայած Հովիկ Աբրահամյանը մեզ վստահեցնում էր, որ իր եղբոր դեմ «Միասնությունը» թեկնածու է դրել, սակայն Ջոնիկ Աբրահամյանի նախընտրական ծրագրաթերթիկում պատկերված են դաշինքի խորհրդանիշերը։ Ընտրատարածքի թեկնածուներին էլ համոզում են, որ «Միասնությունը» պաշտպանում է ոչ թե Վիկտոր Իսրայելյանին, այլ Ջոնիկ Աբրահամյանին։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31