Երեկ վաղ առավոտյան կառավարության ընդունելությունների տանը կնքվել էր Հայաստանի եւ Բելառուսի միջեւ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր, որը ստորագրել էին Հայաստանի պաշտպանության նախարար Վ. Սարգսյանը եւ Բելառուսի ՊՆ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Չումակովը։
ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին, որն անցկացվեց մայիսի 18-20-ը, մասնակցում էին նաեւ ՌԴ ՊՆ պատվիրակությունը ՌԴ ՊՆ, մարշալ Իգոր Սերգեեւի, Ղազախստանի ՊՆ, գեներալ-գնդապետ Մուխթար Ալթնբաեւի, Տաջիկստանի ՊՆ, գեներալ-գնդապետ Շերալի Խայրուլոեւի, Ղրղըզստանի ՊՆ, գեներալ-գնդապետ Միրզական Սուբանովի գլխավորած պատվիրակությունները։
Լրատվամիջոցները երկրորդ անգամ ընդունելությունների տուն հասան այն ժամանակ, երբ ծափերի ներքո ստորագրվեց Ղազախստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության մասին փաստաթուղթ՝ 1999 թ. համար։
Հրավիրվեց մամուլի ասուլիս։
Կարդացեք նաև
ՌԴ պաշտպանության նախարար Իգոր Սերգեեւը հայտնեց, որ կողմերը երկրորդ անգամ են հանդիպում միմյանց (նախորդը մարտին էր, Մոսկվայում) եւ որ խորհրդի հաջորդ նիստն էլ նախատեսված է անցկացնել օգոստոսի 25-ին։ Նախարարներն ընդհանուր առմամբ գոհ էին, քանի որ ըստ նրանց քննարկվել էին ռազմական համագործակցության կարեւորագույն հարցեր, անգամ զինծառայողների սոցիալական եւ իրավական պաշտպանվածության երաշխիքների համատեղ կարգավորման հարցեր։
Ընդհանրապես, լրագրողների հարցերն ավելի շատ ուղղվում էին Հայաստանի եւ ՌԴ պաշտպանության նախարարներին։ Տեղեկացնենք, որ ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդում այսօր 6 պետություններ են, որոնք նպատակ ունեն համագործակցությանը միտված գործնական քայլեր անել։
Ռ. Մ.
ՈՉԽԱՐ ՉՈՒՆԵՑՈՂ ԵԶԴԻՆ ՀԱՅ Է
Ո՞վ է ասել, թե եզդին միայն եզդի է։ Արդեն բացահայտվել է, որ ոչխար չունեցող եզդին հայ է։ Իսկ ոչխար այսօր քիչ եզդիներ ունեն։ Սոցիալ-տնտեսական պայմանները պայման չեն։ Անգործ մնացած եզդին ուզի-չուզի պետք է գաղափարական զբաղմունք գտնի։ Իսկ նախընտրական այս փուլում դրանից ավելի հեշտ բան չկա։ Բոլոր կուսակցություններն ու դաշինքները իրենց հոգու պարտքն են համարում նախընտրական հանդիպումներում անպայման հրավիրել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների։ Նրանք էլ գալիս են, ջերմ-ջերմ ելույթներ ունենում եւ «մեր եղբայրական հայ ժողովրդին» խնդրում, որ ճիշտ ընտրություն կատարի։ Իսկ ճիշտը տարբեր տեսանկյուններից տարբեր է։ Մի քանի եզդիներ իրենց ճակատագիրը կապել են «Օրինաց երկրի» հետ եւ առանց օրենքների չեն պատկերացնում իրենց հետագա կյանքը։ Մեկ այլ խումբ միայն «Միասնության» կողմնորոշումն ունի եւ Դեմիրճյան-Սարգսյան դուետի երգի ելեւէջների ներքո է ննջում։
Ազգային փոքրամասնությունների մեկ ուրիշ խումբ էլ որոշել է իր ձայնի զորությունն իր նմաններին տալ եւ պատգամավորության թեկնածու առաջադրված փոքրամասնությունների մի քանի ներկայացուցիչների է պաշտպանում։ Ազգային փոքրամասնությունների մեջ նաեւ կոմունիստական շեղվածությամբ տառապողներ կան։ Նրանք, քանի որ իրենց բուն գործով՝ անասնապահությամբ, զբաղվելու քիչ հնարավորություն ունեն, անցել են բուռն քաղաքական պայքարի եւ բարձրախոսից կրակոտ ճառեր են ասում «մեր եղբայր հայ ժողովրդի», կոմունիստների երանելի այն ժամանակների մասին, «երբ եզդին իր բուն գործով էր զբաղվում, երբ եզդին գյուղատնտեսությամբ էր զբաղվում, անասուն ուներ եւ իրեն կարգին եզդի էր զգում»։ Իսկ հիմա ի՞նչ ունի եզդին՝ ոչինչ։ Հիմա ամբողջ հայ ժողովրդի պես եզդին էլ խեղճ ու կրակ է դարձել։ Ու հայ ժողովուրդն իրավունք չունի սխալվելու, պետք է գնա ու ձայն տա կոմունիստներին (Դրո Հասայանի կարծիքով)։ Եթե հայ ժողովրդին հետաքրքրում է եզդի ժողովրդի ճակատագիրը, ապա միմիայն կոմունիստներին պետք է ընտրի։ Թե ի՞նչ կմտածեն «Օրինաց երկրի» եզդիները, դա էլ նրանց խնդիրն է։
Մ. Ե.