Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԱՏՈՒՀԱՆՍ ԷԼ ՉԵՆ ՋԱՐԴԵԼ, ՈՐ ԻՐԵՆՑ ՀԻՇԵՄ»

Մայիս 21,1999 00:00
Vladimir Nazaryan

ՎԼԱԴԻՄԻՐ ՆԱԶԱՐՅԱՆ

-Պարոն Նազարյան, ընտրարշավը հետաքրքիր փուլ է մտել, ընտրակաշառքները մեկ առանձին վերցրած ընտանիքին՝ հասնում են մինչեւ 50, 100 դոլարի։ Սրա կողքին՝ ասֆալտապատում, այլ դրսեւորման ընտրակաշառք։ Ձեր հեղինակած «Քաղաքացիական օրենսգիրքն» ինչպե՞ս է կարգավորում այդօրինակ հարաբերությունները։

– Երիտասարդ տարիներիս մի ցինիկ ընկեր ունեի՝ ասում էր՝ զարմանում եմ՝ քրեական օրենսգիրքը, պետությունն ինչ գործ ունի կաշառակերության հետ։ Կաշառակերությունն իրավական, քաղաքացիական հարաբերություն է՝ փողը վեր ես կալել, մարդու գործն արա, չես անում՝ փողը հետ տուր։ Ա՜յ, եթե փողը հետ չես տալիս, նոր միայն պետությունը պիտի պատժի։ Նրա կարծիքով, կաշառակերությանը պետք է պայմանագրի տեսք տալ, ինչպես, օրինակ առ ու վաճառքին, վարձակալությանը։ Նույնպես եւ կաշառակերության պայմանագիր՝ ասենք, կողմերից մեկը պարտավորվում է այսինչ գործողության համար մյուս կողմին տրամադրել այսքան փող։ Այսօր գրեթե այդ ամենի ականատեսն ենք, բայց չնորմավորված ձեւով։

Բայց ինձ հիմա ոչ այնքան այդ ասֆալտապատման թոհուբոհն է հուզում, որքան մի այլ հետաքրքիր երեւույթ՝ այն, որ մարդիկ նվազագույն խղճմտանքով անգամ չեմ կարողանում գնահատել իրենց վարքն անցյալում եւ իրենց նախկին գործունեությունը։

Ժամանակին կոմունիստ եղած լինելով, ես, օրինակ, անընդհատ մի տեսակ ճնշված եմ զգում այն բաների համար, որոնք կատարվել են Արշիպելագ գուլագում։ Թեկուզ ինքս ոչինչ չեմ արել, սակայն՝ զուտ այդ կուսակցության շարքային անդամ եղած լինելու պատճառով։

Իսկ հիմա մարդիկ, որոնց գործունեության հետեւանքով հանրապետությունը ողբերգական վիճակի մեջ է, մեծամեծ ճառեր են ասում։

Բավական է հիշել հենց թեկուզ լույսի պատմությունը, որ մենք իրականում այդքան էներգակիրներ չենք ստացել, բայց Ղանդիլյանին ստիպել են՝ գրի՝ թե իբր այդքան էներգակիր է մուտք գործել Հայաստան։ Հետո էլ՝ որ ցույց տան, թե իբր վառել ենք այդ էներգակիրները, այդքան էլ էներգիա ենք ստացել։ Հասկանալի է, որ անձնական շահ ունեիք, բայց այդ ձեւի շահ են անում՝ հազարավոր մարդիկ մահացան, էլ չեմ ասում, որ հարյուր հազարավորներն էլ, ընդ որում շատ կենսունակ մարդիկ, թողեցին-հեռացան։

Եվ հիմա հանկարծ, մեկ էլ տեսնում ես, որ այդ նույն մարդիկ, որ տարիներ շարունակ ղեկավարել են այդ գործը, որ հպարտանում էին՝ թե ես հողի սեփականաշնորհման գաղափարախոսն եմ, նորից սկսել են կուրծք ծեծել։ Հողի սեփականաշնորհում ասելով էլ հասկանում էին բահը տալ գյուղացու ձեռը եւ ասել՝ էս հողը քոնն է։ Հայտարարում էին, չէ՞, որ գյուղացին իր մեջ ուժ կգտնի եւ կհորինի տրակտորներ, սերմնացու, պարարտանյութ կառնի եւ կդառնա շատ հզոր։ Իսկ հիմա, գյուղացիության ողբերգական վիճակի համար մեղքի զգացում պիտի ունենան, թե՝ չէ։

Կա սեփական գործողությունների ռետրոսպեկտիկ, կամ հետադարձ հայացքի 2 եղանակ։ Մարդկությանը հայտնի առաջին տարբերակը գերմանականն է։ Երբ գերմանացիները հետադարձ հայացքով գնահատեցին իրենց արածը հրեաների նկատմամբ, ընկան մեղքի ահավոր զգացողության մեջ, եւ մինչեւ օրս էլ փորձում են քավել մեղքերը։ Դա գերմանացիներին պատիվ է բերում։

Կա նաեւ թուրքական տարբերակը, համաձայն որի, թքել եմ, թե գենոցիդ եմ արել։ Ավելին կասեմ, որ մեղավոր են հայերը, ինչո՞ւ զոհվեցին։ Չէ՝ կարելի է նույնիսկ ասել, որ հայերն են մեզ մորթել։

Վերջերս մեր բանկային գործիչներից մեկը հայտարարել է՝ ավանդատուներն են մեղավոր, որ իրենց ավանդները պետությունը գողացավ՝ թող ժամանակին վերցնեին, չթողնեին։ Նույն ձեւով ստացվում է, թե ժամանակին հայերը պետք է փախնեին Թուրքահայաստանից, ինչո՞ւ էին մնացել, որ մորթվեն։

Եթե ես մասնակից եղած լինեի ժողովրդին խավարի մեջ պահած լինելու գործին, աղքատացմանը, ու դրանից հետո էլի գամ ընկնեմ մեջտեղ, թե՝ գիտեք խոսելու ժամանակն անցել է, վեց տարի էր, ես խոսում էի, ու հիմա էլ եկել եմ գործեմ, գոնե կլռեի։ Այդ գործելակերպը չեմ կարող հասկանալ։ Ի՞նչ պիտի գործի։

«Ղարաբաղ» կոմիտեն եւ շարժման մասնակիցները մի կողմից, մյուս կողմից էլ ես՝ որպես դատախազ, խաղի մեջ էինք՝ իրենք իմ ապակիներն էին կոտրում, ես էլ իրենց բռնում էի։ Մեկ էլ հանկարծ, ՀՀՇ-ի իշխանության անցնելուց հետո, չգիտեմ որտեղից, հայտնվեցին տնտեսագիտության չկայացած ասպիրանտներ, կրտսեր գիտաշխատողներ, որոնք եկան ու քաղաքական ղեկավարությանը հայտարարեցին, թե իրենք հնարքը գիտեն՝ ինչպես ամբողջատիրական կարգերից անցնել քաղաքակիրթ շուկայի։

Գերմանիայում էլ նացիստներից խլված գործարանները սեփականաշնորհվեցին, բայց ինչպե՞ս։ Նախ տվեցին հավատարմագրային կառավարման՝ որոշակի բիզնես-պլանով, գործարանները վերականգնվեցին, դրանց տրամադրվեցին վարկեր ու երբ դրանք շահութաբեր դարձան, շատ լավ գնով էլ վաճառեցին՝ նախապատվությունը տալով էն կառավարչին, ով բիզնես-պլանը իրականացրեց՝ ոտքի կանգնեցնելով արտադրությունը։ Սեփականաշնորհման պաթոսը պետք է ուղղված լիներ տնտեսության վերականգնմանը, եւ ոչ թե սեփականաշնորհում իրականացվեր առուվաճառքի պայմանագրի միջոցով։ Այդպիսով աշխատող ձեռնարկությունները վերածվեցին անշարժ գույքի, ինչը հետագայում մաս-մաս վաճառվեց արտասահմանում՝ որպես լոմ։

Այդպիսի ավերածություն գործած մարդիկ հիմա կանգնել են ու ասում են, թե էլի բան ունեն անելու։ Կուզեի մի հատ իրենց հարցնել՝ էդ ի՞նչն է, որ դեռ չեք քանդել, որ հիմա էլ ուզում եք գալ՝ պատգամավոր-պատգամավոր քանդել։

Ես գիտեմ դեպքեր, երբ փորձել են պետական ձեռնարկությունները սնանկ ճանաչել, որպեսզի վաճառեն՝ տնօրենն ասել է՝ ա՛յ մարդ, ինչո՞ւ եք սնանկ ճանաչում, ես պատրաստ եմ վճարել։ Էդ տնօրենին հանել են, նշանակել են այնպիսի մեկին, որն ասել է՝ ես ուզում եմ գործարանը սնանկանա։ Հետո սնանկացնողն ու տնօրենը պետական գործարանը, ժողովրդի ունեցվածքն իրար մեջ կիսել են։ Սնանկացնողն էլ առեւտրային բանկ է։ Սնանկացման արդյունքում ավելի շատ արժեքավոր գույք է անհետացել, քան, նույնիսկ սեփականաշնորհման հետեւանքով։

Երբ եվրոպական ստանդարտներով փորձաքննություն անցած «սնանկության վարույթը» մենք բերեցինք խորհրդարան, որը քաղաքակիրթ ձեւեր էր սահմանում՝ դատարանի մասնակցությամբ, հրապարակային ընթացքով, կառավարությունը, եւ հատկապես՝ Վահրամ Ավանեսյանը էնպիսի դիմադրություն ցուցաբերեցին, որ մի երկու-երեք ամիս պետք եկավ միայն այդ առաջարկները կորզել կարողանալու համար։ Այդ նույն առաջարկություններն ուղարկեցինք Գերմանիա՝ փորձաքննության, որի հետեւից գնացին Դավիթ Հարությունյանը, Արթուր Բաղդասարյանը եւ վարչապետի օգնական Արմեն Դարբինյանը։ Այդ փորձագետներն ասել էին, որ այս առաջարկությունների հեղինակը սնանկության մասին ընդհանրապես գաղափար չունի, մեղմ ասած՝ նրա առաջարկները զառանցանք էին։ Այդպես էլ այդ հարցը լուծում չստացավ, թեպետ խնդրեցին ու խոստացան, թե մինչեւ սեպտեմբերի 1-ը առաջարկներ կներկայացնեն։ Այս մեկ տարվա ընթացքում հարցն այս եռօրյայից մյուս եռօրյային է անցել, չեմ ուզում ասել, թե ինչ մեխանիզմներով։ Այդ ամենը նողկանքի զգացում է միայն առաջացնում։

Հիմա այդ ամենն անող մարդիկ նորից մեջտեղ են եկել (թե որտեղից նրանք հայտնվեցին՝ չեմ իմանում, գոնե մի երկու անգամ պատուհանս ջարդած լինեին, որ կարողանայի իրենց հիշել), ու պարզվում է՝ չտեսնված Աբալկիններ են կամ Աղանբեկյանն ո՞վ է սրանց մոտ։ Փոխանակ՝ գետինը մտնեն, փոխանակ՝ պարզ հասկանան, որ Կիեւյան փողոցի կամուրջը բավականին հարմար տեղ է սեփական անձի հետ հարցերը լուծելու համար, որտեղ մենք կարող էինք նրանց բռնել, ասելով՝ ոչինչ, մեղքերիդ քավության համար ուրիշ ճանապարհ գտիր, ասում են, թե 6 տարի խոսել ենք, հիմա էլ անելիք ունենք, գալիս ենք էդ անենք։ Հետաքրքի՞ր է, թե մինչեւ հիմա էդ ինչը չեն քանդել։ Կա-չկա՝ աչքները օպերայի շենքի վրա է։

Թե՝ չէ, գալիս ենք՝ եկեք։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31