Ինչպե՞ս է հայ ընտրողը (եւ ոչ, ասենք, ուզբեկ կամ գագաուզ) ընկալում իր ձայնը։ Ըստ «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանի՝ ընտրությունը մեկի համար գաղափարի ընտրություն է։
Կանանց համար իրենց ձայնը «մի ինտիմ բան է», որը պետք է տա միայն նվիրյալին (պրն Ահարոնը հավանաբար լավ չի պատկերացնում, որ նվիրյալները՝ անգամ ազգի, կանանց «ինտիմ բաներից» ձայնը չէ, որ նախընտրում են- Լ. Ա.)։ Ուստի եւ կին ընտրողը նայում է, թե թեկնածուներից ով է ավելի «սիմպատիչնի», ճշտում է նրա տարիքն ու ընտրելիս «ոնց որ թե սեր են բացատրում»։ Սոցիոլոգը ճշտել է նաեւ այս տարբերակը. «Կան տատանվողներ, որոնք մտածում են, թե քանի որ իմ հարեւան թարախ Գագոն իր ձայնը տալիս է էսինչ կուսակցությանը, ես նրան չեմ տա»։ Ու պատահական չէ, որ նա եկել է այն եզրակացության, որ «Մենք քաղաքական հոգեբանությամբ կին ենք. որոշումն ընդունում ենք, հետո մտածում՝ էս ի՜նչ արեցինք»։ Սրա հիմնավորումը հնչեց մոտավորապես այսպես. «Մենք հոգեբանությամբ կին ենք. կինն ուզում է, որ իր ամուսինը լինի ամենագեղեցիկը, բայց լեւի չգնա»։ Իսկ Հայաստանի տղամարդկանց մեծ մասն ունի կանանց հոգեբանություն։ (Ինքնաքննադատությունը տեղին էր)։
Պրն Ադիբեկյանի քաղաքական գուշակությունները հիմնականում դիպուկ են։ Ինչպես ճիշտ նկատեց Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Հայրապետյանը, խոշոր սոցիոլոգը դեռեւս նախորդ նախագահական ընտրություններին ասել էր, որ անցնող նախագահը Լեւոն Տեր-Պետրոսյանն է լինելու։ Այդ ոչինչ, որ հետո Վազգեն Սարգսյանն էլ՝ ձայնի մի փոքր այլ երանգով, հաստատեց պրն Ադիբեկյանի գուշակությունը։ Բայց հայ ժողովրդի հավատն առ պրն Ադիբեկյանը անսասան է։ Այսօր նա մամուլով ներկայացնում է իր հետազոտությունների արդյունքները, որոնք ավելի շուտ լոբբիստական, ռեկլամային բովանդակություն ունեն եւ չեն ենթադրում խոր վերլուծություն։ Երեկ էլ նա Էբերտի հիմնադրամի կազմակերպած սեմինարին ներկայացրեց մի թարմ վերլուծություն. «Միասնություն» դաշինքի ընտրաշերտի մեծ մասը գիտի, որ հաղթելու է այս դաշինքը եւ ինքն էլ ուզում է լինել հաղթողների շարքերում (Վազգեն Սարգսյանն էլ է այս կարծիքին, որ իրենք հաղթելու են- Լ. Ա.)։
Պրն Ադիբեկյանն իր տարիքում արդեն հասկացել է, որ ազատության հիմքը փողն է։ Ու աշխատում է այս առումով գոնե հնարավորինս ազատ լինել։ Այս ֆոնի վրա նա դիտարկում է, որ ԱԺՄ-ն այս ընտրություններում կհավաքի ձայների 8 տոկոսը։ Իսկ կոմունիստների ընտրաշերտում թոշակառուներն են, միջին կրթությամբ կանայք։ Երիտասարդներին մեծ տեղ են տալիս դաշնակներն ու ԱԺՄ-ն՝ ի տարբերություն ՀՀՇ-ի։ Պրն Ահարոնի աշխատանքի արդյունքում պարզվել է, որ այս խորհրդարանում որեւէ ֆրակցիա մեծամասնություն չի կազմի (Միքայել Հայրապետյանի այն պնդումից, թե այդ դեպքում ինչպե՞ս ԱԺ-ում շատ արագ ձեւավորվեց այդ մեծամասնությունը, պրն Ադիբեկյանը չազդվեց)։ Որպեսզի վաղը-մյուս օր հնարավոր լինի լղոզել իր այս միտքը, նա հաջորդ նախադասությունը ձեւակերպեց այս կերպ. «Ես էլեկտորատի կարծիքն եմ ասում, որ այս խորհրդարանում կունենա մեծամասնություն, էլեկտորատը ձայնը տալու է մի դաշինքի, բայց չի ուզում, որ այն մեծամասնություն դառնա»։
Կարդացեք նաև
Որոշ քաղաքական ուժերի բոյկոտն ընտրություններին, ըստ պրն Ադիբեկյանի, լայն արձագանք չի ստացել։ Ըստ Ալեքսանդր Արզումանյանի՝ իրենց բոյկոտը ճարահատյալ քայլ չէ։ Ընտրություններից հետո իրենք կասեն, որ այն ուժն են, որը չի մասնակցել կեղծ ընտրություններին։
Իսկ նախընտրական խոստումներն արդեն իրենց կուլմինացիային են հասել. մնում է խոստանալ միայն, որ ընտրվելու դեպքում կվերակենդանացնեն «անցավորներին»։ Եթե 95 թ. ԱԺՄ-ն, ԱԻՄ-ը, կոմկուսն իրարից տարբերվում էին, ապա հիմա նրանք կարծես նույն կուսակցության անդամները լինեն (սա մոտավորապես Բաբկեն Արարքցյանի միտքն է)։
Փողի չափի եւ ըստ այդմ ազատության սահմանի մասին պրն Ադիբեկյանի կարծիքին համամիտ չէր նաեւ Միքայել Դանիելյանը. «Վազգեն Սարգսյանը փող ունի, բայց նա ազատ չէ»։ Բայց պրն Ադիբեկյանի օրն էլ օր չէ. յուրաքանչյուր ընտրություններից առաջ նա դատապարտված է լինել (ամենա) ազատ ՀՀ քաղաքացիներից մեկը։
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ